RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11 > #034, 2015-09-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 04-09-2015



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2015-09-05 12:53:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 3509, Տպվել է` 287, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՉԻՆՈՎՆԻԿԱԿԱՆ ԽԱՎԸՙ ՀԵՌՈՒՍՏԱԷԿՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԵՐՈՍ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Կրթական տարեմուտը, ավելի ճիշտՙ տարեմուտի հեռուստատեսային լուսաբանումը, շատ պարզորոշ ներկայացրեց հայաստանյան լրատվական դաշտի տիրակալ հեռուստատեսության իրական վիճակը: Հանրապետության նախագահի հավուր պատշաճի ուղերձով սկսված տարեմուտյան գիշերային եթերը իսկական շոու դարձավ չինովնիկական վերնախավի համար: Նախագահի ուղերձին հաջորդեցին Ազգային ժողովի ղեկավարի եւ կառավարության պետի այցերը տարբեր դպրոցներ, ապա, բնականաբար, կրթության նախարարիՙ հակասական մտքերով եւ անիմանալի ժպիտներով հարուստ խոսքը, այնուհետեւ պաշտպանության, սփյուռքի եւ այլ նախարարների այցային ելույթները դպրոցներումՙ իրենց նոփ-նոր սանրվածքով հպարտ տնօրենուհիների երջանիկ հայացքի ներքո: Ինչպես տեսնում ենքՙ սուբորտինացիոն արարողակարգին պատշաճ հաջորդականությամբ, որը լուրերի շարքի 7-րդ պլան մղեց մեր փառապանծ զորահրամանատար Գուրգեն Դալիբալթայանի մահվան գույժը...

Կարելի է մտածել, որ ամեն տարի գրեթե նույնությամբ կրկնվող չինովնիկական այս շոու-խրախճանքի նպատակը պետականության գաղափարի ամրապնդումն է մեր դպրոցահասակ երեխաների, մեր նոր սերնդի մեջ: Թերեւս: Սակայն պարզից էլ պարզ է, որ այդ կարեւոր խնդրի ստորագծմանը կարելի էր հասնել ընդամենը մեկ ուղերձով, կամ, ավելի պատշաճ, կրթության նախարարի (անշուշտ առանց խոսքի եւ արարքի հակասությունների) մեկ դպրոց այցով: Փոխանակ վերը նկարագրված շքերթի: Ու դեռ պատկերացնել, որ այդ օրը քանի՜ մարզպետներ, քաղաքապետներ, պատգամավորներ, մեծ ու փոքր այլ չինովնիկներ այցելել էին հանրապետության տարբեր դպրոցներ ու մանկապարտեզներ, որոնց այցը, ափսո՜ս, չէր արժանացել հեռուստաընկերությունների ուշադրությանը:

Հարց է ծագում. չունե՞նք մենք վաստակավոր գիտնականներ, գյուտարարներ, մտավորականներ, գրողներ, երաժիշտներ, նկարիչներ, ճարտարապետներ, մարզիկներ կամ պարզապես օրինակելի քաղաքացիներ, որոնց ներկայությունը այդ նույն օրը մեր դպրոցներում, աշակերտների միջավայրում, ավելի ուսանելի կլիներ երեխաների համար, նրանցից օրինակելի քաղաքացի եւ երազ ու ձգտում ունեցող մարդ պատրաստելու տեսակետից:

Ասենքՙ վերեւի շքերթային պատկերները, թերեւս ոչ նույն թանձրությամբ, մենք ամեն օր ենք տեսում հանրային եւ մյուս հեռուստաալիքներով, որոնց ջանքերով է նաեւ, որ այսօրվա մեր երիտասարդության ու պատանիների համար չինովնիկն իր սեւաթույր մեքենայով, թիկնապահներով, փողատիրությամբ, երբեմն նաեւ գողական անցյալ-ներկայով դարձել է էտալոն, ընդօրինակության արժանի արարած:

Չինովնիկներից կախվածությունը մեր շատ հեռուստաընկերությունների դարձրել է կամակատար նույն չինովնիկական խավի, իսկ նրանց տնօրեններինՙ այդ խավի անդամ կամ անդամության թեկնածու: Դա հասցրել է նրան, որ մեր հեռուստաընկերություններից շատերը «անգործ» են մնում, երբ պետական մարմիններն արձակուրդի մեջ են կամ իրենց week-end-ն են վայելում: Չի՞ աշխատում նախագահական նստավայր-խորհրդարան-կառավարության տուն սուր եռանկյունին, մեր հեռուստալրագրողները չգիտեն ինչ անեն, կորցնում են իրենց գոյության եւ արհեստի իմաստը: Կարծես երկիրը զրկված լինի ազգաբնակչությունից, հասարակությունից, քաղաքացիներիցՙ իրենց խնդիրներով ու հոգսերով:

Ըստ հայկական հեռուստատեսության, երկիրն ապրում է չինովնիկների կյանքով, շքեղություններով, խարդավանքներով, շոուներով, անիմաստությա՛մբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 04-09-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ