ՏՈՒԼԱՅԻ ՎԹԱՐԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՏՐՎԻ 500 ՀԱԶԱՐԻՑ-1,5 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ Ա. Մ. Կառավարության պահուստային ֆոնդից տրանսպորտի եւ կապի նախարարությանը կհատկացվի 50 մլն դրամ նոյեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում տեղի ունեցած Մոսկվա-Երեւան երթուղու ավտոբուսի վթարի հետեւանքով տուժած անձանց պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Համաձայն կառավարության երեկ ընդունած որոշման, յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին կտրամադրվի 1,5 մլն դրամ, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բուժումը շարունակող 14 վիրավորներինՙ 700 հազարական դրամ, ավտոբուսի մյուս բոլոր ուղեւորներինՙ 500 հազարական դրամ, անհրաժեշտության դեպքում հուղարկավորության համար կտրամադրվեն սգո պարագաներ եւ տրանսպորտային միջոցներ: Ըստ պահանջի կապահովվի ՌԴ հիվանդանոցներում բուժումը շարունակող անձանց վերադարձը ՀՀՙ հոգալով տեղափոխման ծախսերը: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը : |