RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 13-11-2015



ՏՆՏԵՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2015-11-13 13:34:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 2029, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՓՈՁՈՒՄ ՇՈՂՈՔՈՐԹԵԼ «ՈՉ» ԱՍՈՂՆԵՐԻՆ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Նախկինում ամեն ինչ զոհաբերվում էր հանուն սահմանադրական փոփոխությունների ընդունման

Դեկտեմբերի 6-ի մոտենալուն զուգահեռ, սահմանադրական փոփոխություններին «այո» կամ «ոչ» ասելու շուրջ բանավեճերը թեժանում են: Կողմերից յուրքանչյուրը փորձում է համոզել լսարանին իր տեսակետի ճշմարտացիության մեջ: Ասել, թե քննարկումները զուտ բովանդակային են, սխալ կլինի: Ինչպես ցանկացած նման իրադարձություն, սահմանադրական հանրաքվեին նախորդող ժամանակահատվածը նույնպես ենթարկվում է հայաստանյան իրողության տրամաբանությանը` ավելի շատ ամբոխավարություն, ավելի քիչ` փաստարկներ եւ հիմնավորումներ:

«Ոչ»-ի կողմնակիցներն ակնհայտորեն չեն ձգտում գործնական եւ կառուցողական քննարկումների եւ ընտրել են վերջին տարիներին «ոչ», «դեմ ենք», «չենք ուզում» եւ նման կոչերով ուղեկցվող ցույցերի` իրեն արդարացրած մարտավարությանը` աղմուկ-աղաղակի մեջ թաղելով օբյեկտիվությունը: Ի դեպ, «ոչ»-ի կողմնակիցների մեծամասնությունը դարձյալ նույն` նախորդ «ոչ»-երի լոզունգով բողոքողներ են: «Ոչ»-ի տրամաբանության մեջ այս անգամ հիմնականը ոչ թե սոցիալական գործոնն է կամ դրա շահարկումը, ինչպես նախորդ անգամներում, այլ այն, որ նաեւ իշխանությունն է ասում «այո», ինչի դեպքում միշտ պետք է «ոչ» ասել: Երբեմն բանը հասնում է ցնդաբանության, երբ որոշ քաղաքական գործիչներ ու «քաղաքագետներ» սահմանադրական փոփոխությունները կապում են Ադրբեջանին տարածքներ հանձնելու հետ :

«Այո»-ի կողմնակիցները փորձում են քննարկումները տանել ավելի բովանդակային ուղղությամբ: Որքանո՞վ է դա հաջողվում, որքանո՞վ են դա հասկանում նրանց լսողները, դժվար է ասել: Սահմանադրական փոփոխույթունները զանգվածներին ներկայացնելը շատ բարդ գործ է: Հատկապես այն մթնոլորտում, որտեղ իշխանությունից եկող յուրաքանչյուր նախաձեռնություն բացասաբար է ընկալվում, հատկապես այն դեպքում, որ այդ մթնոլորտը թեժ պահելու համար անդուլ ջանքեր են գործադրում թե՛ քաղաքական դաշտի ներկայացուցիչները, թե՛ իրենց «քաղաքացիական հասարակություն» անվանող գրանտակեր կազմակերպություններն ու նրանց «ակտիվիստները»: Սակայն, այս անգամ իշխանության գործելաոճը, հակառակ այն փաստի, որ սահմանադրության դրույթներ ներկայացնելը իսկապես բարդ գործ է, փոխվել է: Ի տարբերություն նախորդ անգամների, իշխանությունն այս անգամ չի փորձում շողոքորթել բողոքավորներին եւ չի վերանայում իր որոշումը: Ներկայացնենք կոնկրետ օրինակներով:

Երեւանի հասարակական տրանսպորտի թանկացման պարտադրված որոշման դեմ ցույցեր անողներին ի պատասխան, այդ նույն իշխանությունը ոչ թե փորձում էր մայրաքաղաքաի բնակչությանը համոզիչ բացատրություն տալ, թե ինչու է դա անհրաժեշտ, այլ «ողջունում» էր իրեն հայհոյող «քաղաքացիական հասարակության» կայացումը: Արդյունքում այսօր ունենք երեք տասնյակից ավելի փակված երթուղիներ Երեւանում, այդ նույն գործընթացը շարունակվում է, իսկ «չենք ուզում վճարել 150 դրամի» փոխարեն ստիպված ենք վճարել 200 դրամ` փակված երթուղիների փոխարեն երկու տրանսպորտ փոխելով: Անգամ հիմա փորձ չի կատարվում այս իրավիճակը մեկնաբանել եւ ասել, որ սա հետեւանք է օբյեկտիվ իրողությունները անտեսելուն:

Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ժամանակ թեեւ դրա հիմնավորման քայլեր արվում էին, բայց վերջին հաշվով, Սահմանադրական դատարանի որոշմամբ, որը հազիվ թե առանց երկրի բարձրագույն իշխանության թողտվությամբ լիներ, այս համակարգի ամբողջական գործարկումը հետաձգվեց` դրանից ակնկալվող արդյունավետության հետ միասին: Մինչդեռ, թոշակային ներկայիս համակարգը փոխելը պարզապես այլընտրանք չունի, քանի որ այն չի կարող գործել, երբ 1 աշխատող վճարում է 1 կենսաթոշակառուի համար: Այն գործում է 3 աշխատող 1 կեսնաթոշակառու հարաբերակցության պայմաններում:

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը բազմիցս ենք անդրադարձել: Անգամ երկրի նախագահի մակարդակով հրապարակայնորեն հայտարարելով, որ այն արդարացված էր եւ այլընտրանք չուներ, ինչը հետագայում հաստատեց նաեւ անկախ միջազգային խորհրդատվական ընկերությունը, իշխանությունը դարձյալ նահանջեց իր որոշումից: Առավել քան արտառոց եւ ծիծաղելի երեւույթ` իշխանական կուսակցության պատգամավորներից ոմանք մասնակցում էին այն ցույցերին` ոստիկանության հետ բախումներ թույլ չտալու պատրվակով, որոնք, մեծ հաշվով, հենց իրենց դեմ էին ուղղված: Այդ ամենը հանուն նրա, որ ցուցարարները հանդարտվեն` անկախ նրանցից, թե որքանո՞վ են կիրառելի նրանց պահանջները, որոնք ավելի շուտ վերջնագրեր էին:

Կարելի է էլի օրինակներ բերել, թե ինչպես իշխանությունը կա՛մ հետ էր կանգնում իր որոշումներից, կա՛մ ողջունում իր դեմ բողոքողներին: Շատերը չէին հասկանում, թե հանուն ինչի՞ էր դա արվում, ինչո՞ւ իշխանությունը չէր փորձում վճռական լինել եւ տեր կանգնել իր ընդունած որոշումներին, ինչո՞ւ չէր հիմնավորումներ եւ փաստարկներ ներկայացնում, համոզում, բացատրում մարդկանց իր քայլերի իրավացիության մեջ, ինչո՞ւ էր դա նմանվում մեկ դարպասի ուղղությամբ խաղի: Հիմա արդեն պարզ է թե ինչու` հանուն «նորին մեծություն» սահամանադրական փոփոխությունների անցկացման: Հանուն նրա, որ ոչինչ, ոչ մի այլ բողոք չխանգարի այդ փոփոխությունների ընդունմանը հանրաքվեով: Ոչինչ, որ ամբոխին եւ ամբոխավարությանը արված զիջումների հետեւանքով տնտեսական զարգացումներ կասեցվեցին, սոցիալական լրացուցիչ խնդիրներ առաջացան, համակարգային լուծումներ կիսատ մնացին:

Հիմա արդեն իշխանությունը բերում է հիմնավորումներ սահմանադրական փոփոխությունների օգտին, փորձում համոզել դրանց անհրաժեշտության մեջ, մեկ անգամ եւս ապացուցելով, որ նախկինում դա չէր արվում հենց այս անգամվա պատճառով: Սակայն, անգամ փաստը, որ սահմանադրական փոփոխությունները մեկ քայլ առաջ են գործող սահմանադրության լուծումների համեմատ, դժվար է տեղավորվում բնակչության գիտակցության մեջ, որոնք արդեն սովորել են, որ իշխանության ամեն քայլ «վատն է», որի պատճառներից մեկն էլ այն է, որ իշխանությունը ինքը նախորդ անգամներում առանձնապես չէր ջանում հակառակն ապացուցել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 13-11-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ