RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 13-11-2015



Տեղադրվել է` 2015-11-13 13:34:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 2031, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԻՆՉԻ՞Ն Է ՊԵՏՔ ՕՐԱԿԱՆ 10 ԼԻՏՐ ԲԵՆԶԻՆԸ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ի՞նչ կարելի է անել նման անիմաստ ճոխությունից հրաժարվելու դեպքում

Հայաստանում պետական կառույցներին ամրակցված ծառայողական մեքենաների թիվ է նշվում 1072-ը: Այսինքն այդքան ծառայողական մեքենաներ ամեն օր սպասարկում են նախարարությունների, պետական կոմիտեների, հանձնաժողովների, մարզպետարանների, Ազգային Ժողովի հանձնաժողովների ղեկավարների եւ այլ պետական հիմնարկների ղեկավարներին, նրանց տեղակալներին եւ այլ պաշտոնյաներին: Բյուջե 2016-ի քննարկման ժամանակ հարց առաջացավ դրանց մեծաթիվ կամ ուռճացված լինելու վերաբերյալ: Դրան պատասխան հնչեց, որ ծառայողական մեքենաների թիվը հաշվարկվում է ելնելով բնակչության թվի, տնտեսության ծավալի եւ այլ ցուցանիշներից եւ որ այդ ամենը հաշվի առնելով, մեքենաների այդ թվով Հայաստանը ամենահամեստ դիրքեր զբաղեցնող երկրներից է: Այդպես է դա, թե՞ ոչ, դժվար է ասել: Եթե ծառայողական մեքենաների մեծ մասը արտակարգ իրավիճակների, ոստիկանության, պաշտպանության նախարարության եւ իսկապես այդ մեքենաների կարիք ունեցող նմանատիպ այլ գերատեսչությունների մեքենաներն են, ապա գուցե իսկապես այդ թիվը այնքան էլ մեծ չէ: Սակայն, քանի որ չկան տվյալներ, թե հատկապես ո՞ր մասն են կազմում նախարարների, պետական կոմիտեների նախագահների, այլ կառույցների ղեկավարների եւ նրանց տեղակալների մեքենաները, ապա 1072 շարունակելու է ուռճացված համարվել:

Մյուս խնդիրը, որտեղ ամեն ինչ առավել քան հստակ է, վերոնշյալ ծառայողական մեքենաներին տրվող օրական բենզինի քանակն է: Մոտ 10 տարի առաջ, բյուջե 2006-ը հաստատելիս, ֆինանսների եւ էկոնոմիկայի այն ժամանակվա նախարար, ներկայումս ՀՀ նախագահի խորհրդական Վարդան Խաչատրյանի առաջարկով, մեծ լավություն արվեց պետական բարձրաստիճան պաշտոնյաներին` օրական նրանց մեքենաների համար տրվող բենիզինի քանակը 4 լիտրից դարձնելով 10 լիտր: Հիմնավորում այդպես էլ չեղավ ոչ այն ժամանակ, ոչ էլ դրան հաջորդող տարիներին, թե ինչպե՞ս կարող էր չբավարարել 4 լիտր բենզինը հիմնականում մայրաքաղաքում շրջող ծառայողական մեքենաների համար: Գուցե այն ժամանակ Հայաստանի տնտեսության երկնիշ աճը թույլ էր տալիս նման ճոխություն, բայց 2008-2009-ին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ հետեւանքով տնտեսական անկում ունեցանք, իսկ հիմա էլ դարձյալ աշխարհում ստեղծված կացության պատճառով տնտեսական լուրջ դժվարություններ ունենք: Ուստի, ակնհայտ է օրական ծառայողական մեքենաներին տրվող բենզինի քանակի վերանայման անհրաժեշտությունը: Հեռու մնալով պոպուլիստական մոտեցումներից, դիտարկենք, թե 1 օրվա համար 10 լիտր բենզինով ի՞նչ ճանապարհ կարելի է անցնել եւ արդյո՞ք այդքան ճանապարհ անցնելու անհրաժեշտությունը կա:

1 լիտր բենզինը բավարար է նվազագույնը 10 կմ անցնելու համար: Կան նախարարություններ, օրինակՙ գյուղնախարարությունը կամ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը, որոնց կապը մարզերի հետ ավելի մեծ է եւ նրանց ծառայողական մեքենաների համար գուցե ավելի շատ վառելիք է անհրաժեշտ: Սակայն ճնշող մեծամասնությամբ պետական պաշտոնյաների մեքենաները օրական 100 կմ (գրեթե այնքան, ինչքան Երեւանից Դիլիջան ճանապարհը) կամ ամսական 2000 կմ (20 աշխատանքային օր) ճանապարհ անցնելու կարիքը չունեն: Ծայրահեղ դեպքում, մարզային այցելությունների համար կարող է նախատեսվել լրացուցիչ վառելիքի տրամադրում: Մյուս կողմից` անհասկանալի է, թե ինչո՞ւ ծառայողական մեքենաները չեն անցնում ավելի խնայողական վառելիքի` գազով աշխատելուն: Հայաստանում գազով աշխատող մեքենաների թիվն այժմ գերակշռում է բենիզինով աշխատողների թվին: Ի՞նչն է խանգարում, որ պետական համակարգն էլ անցնի առավել խնայողական վառելիքի:

Եթե օրական 1 ծառայողական մեքենային տրվող բենզինը կրկնակի նվազեցվի, հաշվի առնելով մեր երկրի ներկայիս տնտեսական դժվարությունները, հանրության գոնե առողջ հատվածի կողմից դա դրական կգնահատվի: Միաժամանակ, նաեւ գործնական նշանակություն կունենա: Այսպես` 2006-ի ցուցանիշներով, ծառայողական մեքենաներին տրվող բենզինի չափաբաժնի ավելացումը մոտ 1 մլն դոլար էր արժեցել պետբյուջեի համար: Ներկայիս մոտավոր հաշվարկներով, նկատի ունենալով գնային եւ փոխարժեքային փոփոխություններն անցած 10 տարում, բենզինի օրական բաժնի կրկնակի նվազեցումը դարձյալ մոտ 1-2 մլն դոլար խնայողություն կտա: Եթե նկատի ունենանք, որ պետական բյուջեի եկամուտները մոտ 2,5 մլրդ դոլար են կազմում, ապա գուցե 1-2 մլն դոլարը մեծ գումար չի: Սակայն այդ գումարով կոնկրետ սոցիալական ծրագիր կարելի է իրականացնել: Ասենք, երկու տասնամյակից ավելի 18 քմ տարածք ունեցող սենյակում ապրող Ադրբեջանից բռնագաղթած մեր հայրենակիցների համար 50 բնակարանոց մեկ շենք կարող է կառուցել կամ 3-րդ կարգի վթարային 7-8 շենքեր ամրացնել եւ այդտեղ ապրող հարյուրավոր մարդկանց ազատել ամենօրյա սարսափից:

Հուսով ենք, կառավարությունը եւ պատգամավորները բյուջեի խորհրդարանական քննարկումների ժամանակ նման փոխհամաձայնության կգան եւ ավելորդ ճոխությունից հրաժարվելով, կգնան արդար եւ սոցիալական դրական արդյունք ենթադրող այս քայլին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 13-11-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ