ԹԻԿՆԱՊԱՀՆԵ՞ՐՆ ԵՆ ՇԱՏԱՑԵԼ, ԹԵ՞ ՎԱԽԵՑՈՂՆԵՐԸ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ «Պահապան արծիվ» թիկնապահական ակադեմիայի տնօրեն Արսեն Դավթյանը նախորդ շաբաթ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է, որ Հայաստանում վերջին տարիներին մեծացել է թիկնապահների պահանջարկը: «Հիմնականում հարուստ խավերը կամ խնդիրներ ունեցողներն են պահանջում թիկնապահներ», նկատել է Դավթյանը եւ շեշտել, որ «Երկու տարի առաջ Հայաստանում պահանջում էին թիկնեղ մարմիններով թիկնապահներ, սակայն հիմա մարդիկ կողմնորոշվել են, որ թիկնապահները պետք է լինեն ոչ թե աժդահա կամ սափրած գլուխներով, այլ պետք է մտավոր հարուստ լինեն»: Դավթյանը նաեւ նշել է, որ եթե առաջ թիկնապահները ստանում էին 120-150 հազար դրամ աշխատավարձ, ապա հիմա ստանում են` 200-250 հազար դրամ, ընդ որում կան թիկնապահներ, որոնց գործատուները նրանց հազարավոր դոլարներ են տալիս. «Ես անվտանգության ծառայության պետ գիտեմ, որ 10 հազար դոլար է ստանում»,-ասել է Դավթյանն ու ընդգծել, որ «Քանի որ Հայաստանում կենսամակարդակը բարձր չէ, թիկնապահներն էլ շատ ցածր աշխատավարձ են ստանում»: Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս հանրահայատ Gallup-ը Հայաստանը ճանաչել էր աշխարհի 9-րդ երկիրը, որտեղ կարելի է «երեկոյան ժամերին միայնակ ապահով զբոսնել»: Gallup-ը թերեւս հատուկ էր շեշտել` «միայնակ» բառը: |