RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 13-11-2015



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2015-11-13 13:34:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1599, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՁՐԻ ԳԱԶ ԵՆ ՏԱԼԻՍ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ադրբեջանական SOCAR նավթա-գազային պետական ընկերության նախագահ Ռովնաղ Աբդուլաեւը անցած երկուշաբթի օրը տեղի հեռուստաընկերություններից մեկին բավականին ընդարձակ հարցազրույց է տվել: Աբդուլաեւը մասնավորաբար նշել է, որ SOCAR-ը պատրաստակամ է հետայսու էլ գազ մատակարարել Վրաստանին, եւ հիշեցրել է, որ իր գլխավորած ընկերությունը Վրաստանի ամենախոշոր ներդրողն է: Մեզ համար, սակայն, առավել ուշագրավ է Աբդուլաեւի այն հայտարարությունը, թե SOCAR-ը պատրաստվում է գազ մատակարարել նաեւ Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմին, ընդ որում` դա կատարել լրիվ անվճար: Ադրբեջանցի լրագրողի ճշտող հարցինՙ հայերի՞ն, Աբդուլաեւը տվել է պատասխան. «Այո՛, հայերին, քանի որ մենք խնդիր ունենք Հայաստանի կառավարության հետ, ոչ թե հայերի, վերջիններս մեղավոր չեն»: Թե ինչո՞ւմ մեղավոր չեն հայերը, Աբդուլաեւը չի մանրամասնել, փոխարենը նա, ընդունենք, խիստ հատկանշական նոր քաղաքական գիծ կարող է մտցնել Ադրբեջանի օրակարգ` «Հայերը մեղավոր չեն»:

Ինչեւէ, Աբդուլաեւին դեռ կանդրադառնանք: Հիշեցնենք միայն, որ SOCAR-ի նախագահի այս հարցազրույցին նախորդել էր նախ Հայաստանի նախագահի` ըստ էության անակնկալ աշխատանքային այցը Վրաստան, ապա եւ Ադրբեջանի նախագահի պաշտոնական այցը` այդ երկիր: Թբիլիսին մինչ այս երկու այցերը հայտարարել էր, թե պատրաստվում է ռուսական «Գազպրոմ»-ին վերադարձնել վրացական շուկա` «երկրի էներգետիկ դեֆիցիտը լրացնելու նպատակով»: Հասկանալի է ուրեմն, որ ադրբեջանական գազը, որի Վրաստան մատակարար SOCAR-ը վրացական գազի ոլորտում մենաշնորհ ունի, չի կարողանում լիարժեք բավարարել վրացիների պահանջները, եւ կամ Թբիլիսին պարզապես ցանկանում է զրկել ադրբեջանական ընկերությանը մենաշնորհից, ձեռք բերելով էներգետիկ այլընտրանքային աղբյուրներ: Մյուս կողմից, անշուշտ, հատկապես «Գազպրոմ»-ի վերադարձը եւ հատկապես Վրաստանՙ առավելաբար քաղաքական հարց է, ինչպես «Գազպրոմ»-ի բոլոր այլ հարցերը:

Ուրեմն Հայաստանի, ապա եւ Ադրբեջանի նախագահները Վրաստան էին գնացել հենց այս զարգացումների համապատկերում: Այս առումով, եթե Սերժ Սարգսյանը վրացի գործընկերների հետ քննարկել է այդ թվում իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան տեղափոխելու հնարավորությունները (Թբիլիսին նաեւ իրանական գազ է ցանկանում ստանալ), հատկապես որ Երեւանը շահագրգռված կողմ է SOCAR-ի` որեւէ երկրում ունեցած մենաշնորհի հարցում, ապա հասկանալի է, որ Ալիեւ-Թբիլիսի երկխոսության օրակարգը բոլորովին այլ է եղել: Պատահական չէ, որ Ալիեւը, նախորդելով SOCAR-ի նախագահին, Թբիլիսում հայտարարել է, որ SOCAR-ը հանդիսանում է Վրաստանի խոշորագույն հարկատու ընկերությունը... Այլ կերպ ասած` Ադրբեջանի նախագահը հստակ նախազգուշացրել է վրացական կողմին, որ վերջիններիս ձեռնարկած «խաղերի» խորացման պարագայում Վրաստանը կզրկվի իր տնտեսության մեջ խոշորագույն ներդրողից եւ խորոշագույն հարկատուից, ինչը, հասկանալի է, Թբիլիսին ձեռնտու չէ:

Թե այս պահին այս երկու այցերից եւ Աբդուլաեւի հարցազրույցից հետո ի՞նչ են մտածում Թբիլիսում, մենք չգիտենք, բայց գիտենք, որ հաստատապես մի բան մտածում են, քանի որ Թբիլիսին որեւէ կերպ դեռ չի արձագանքել ադրբեջանական կողմի տարբեր պաշտոնյաների վերոհիշյալ հայտարարություններին:

Բայց, անկեղծ ասած, մեզ այնքան էլ չի հետաքրքրում վրացական կողմի պատասխանը, քանի որ մեզ համար այս պատմության մեջ մեկ այլ, անհամեմատ ավելի կարեւոր պատասխան կա, ավելի ճիշտ` դրա բացակայություն: Վիրահայոց թեմը, Առաքելական եկեղեցին առհասարակ, որեւէ կերպ մինչ այս պահը չի պատասխանել, թե ուզո՞ւմ է ինքն արդյոք անվճար ադրբեջանական գազ: Մենք անշուշտ կարող էինք կապվել Վիրահայոց թեմի հետ, կամ վիրահայերի հետ, բայց սա, իմ կարծիքով այդ դեպքը չէ, քանի որ այս հարցի շուրջ հիշյալ կառույցներն ու կազմակերպությունները ոչ թե պետք է սպասեն, որ իրենց դիմեն, որպեսզի նոր խոսեն, այլ պետք է ուղղակի պատասխանեն (անկեղծ ասած` մենք ամեն կերպ փորձեցինք կապ հաստատել Վիրահայոց թեմի կամ վիրահայ որեւէ կազմակերպության ներկայացուցիչների հետ, բայց չստացվեց. կա՛մ մեզ հասանելի դարձած հեռախոսահամարներն էին հին, կա՛մ էլ չէին պատասխանում. հաստատ մեր տվյալներն էին հին): Եթե ուզում են, գուցե մենք է՞լ դիմենք ադրբեջանական կողմին մեզ անվճար գազ մատակարարելու խնդրանքով, եթե չեն ուզում, միեւնույն է, թող ասեն, որ փոխարենը մենք դիմենք. չէ՞ որ, ինչպես SOCAR-ի նախագահն է ասում, «Հայերը մեղավոր չեն»:

Մեկ-մեկ թվում է, որ Ադրբեջանն այնքան սիրալիր եւ պատրաստակամ երկիր է, որ ինչ ուզենք կտա: Ես, օրինակ, Դաշքեսանն եմ ուզում` իր շրջակա բոլոր գյուղերով, եւ մի նավթի հանք, եթե դժվար չէ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 13-11-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ