RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 13-11-2015



Հայաստանի Հանրապետությունը արտաքին եւ ներքին մարտահրավերներին ընդառաջ (Զեկույցը ընթերցվել է ՌԱԿ 23-րդ համագումարում)

Տեղադրվել է` 2015-11-13 13:34:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1772, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԱՐՏԱՔԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԵՎ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Հայաստանում եւ նրա շուրջ վերջին տարիներն ձեւավավորվող նոր մարտահրավերները պայմանավորված են միմյանց հետ փոխկապակցված ներքին ու արտաքին քաղաքական մի շարք հիմնախնդիրներով: Առաջին հերթին դա բացատրվում է տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակով, որի դինամիկան ցավոք սրտի նվազման միտում ունի:

Այսպես կոչված «արաբական գարունը» հանգեցրեց ահաբեկչության աննախադեպ աճի ողջ Մերձավոր Արեւելքում, ինչը բերեց երկարատեւ ու արյունոտ քաղաքացիական պատերազմների Լիբիայում, Եմենում, Սիրիայում եւ ապա Իրաքում: Փաստորեն առաջին անգամ դե-ֆակտո լեգալացվեց պետությունների գործող վարչակարգերի ոչնչացումը տարբեր տիպի միջազգային ահաբեկչական կառույցների կողմից: Սկսվեց սահմանների վերաձեւման մի գործընթաց տարածաշրջանում, որը Սայքս-Պիկոյի հայտնի համաձայանգրից հետո, կարծես թե կայուն էր Մերձավոր Արեւելքում:

Սիրիական պատերազմը հանգեցրեց տարածաշրջանի ամենամեծ քրիստոնեական ու հատկապես հայկական համայնքի դուրս մղմանը, եւ այս պայմաններում պարզ դարձավ, թե հատկապես ինչու էր Թուրքիան շահագրգռված ահաբեկչական կազմակեպութունների գործունեությամբ Սիրիայում: Քրիստոնեության վերջին մնացորդների ոչնչացումը տարածաշրջանում տեղի է ունենում այսպես կոչված քրիստոնյա Արեւմուտքի լուռ թողտվության պայմաններում: Հայկական տարրի դուրս մղումը Սիրիայից ոչ միայն հարված էր սիրիահայությանը, այլեւ ՀՀ շահերին ու նրա զարգացման հեռանկարին:

Սակայն ինչպես ասում ենՙ մեդալը նաեւ հակառակ կողմ ունիՙ Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը հանգեցրեց քրդական շարժման ուժեղացման, որը վաղ թե ուշ տեղափոխվեց նաեւ Թուրքիաՙ հանգեցնելով թերեւս ամենամասշտաբային թուրք-քրդական բախումներին անցյալ դարի 80-ական թվականներից հետո:

Քրդական հարցի սաստակցումը Թուրքիայում հանգեցնում է այդ պետության ներքին քաղաքական ու տնտեսական անկայունության, այսինքն նրա թուլացմանը տարածաշրջանում:

Այս պայմաններում ՀՀ-ի անդամակցումը ԵԱՏՄ-ին թերեւս լավագույն քայլն էր, եթե այն դիտարկում ենք հատկապես պետության անվտանգության տեսանկյունից:

Դրական փոփոխություն կարելի է դիտարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը եւ վերջինիս դերակատարության աճը տարածաշրջանում, որը կարող է հանգեցնել հայ-իրանական ռազմավարական հարաբերությունների զարգացման նոր հեռանկարների:

Ղարաբաղյան հարցի շուրջ լարվածության աճի խորքային պատճառները թաքնված են նավթի գնի փոփոխության խորխորատներում: Նավթի գնի անկումը համաշխարհային շուկաներում հագեցրել է Ադրբեջանում տնտեսական-ֆինանսական նոր ճգնաժամի, որի սկիզբը արդեն իսկ տեսանելի է: Վերջինս դասական հումքային պետություն է, որի ոչ միայն քաղաքական ու տնտեսական, այլեւ անվտանգության ողջ համակարգը հիմնված է այդ ռեսուրսի շարունակական սպառման տրամաբանութան վրա: Նավթի արդյունահանման նվազումը եւ գների անկումը հանգեցնում է տարածաշրջանում այդ պետության ռազմավարական նշանակության նվազմանը, հետեւաբար նաեւ Ալիեւյան վարչակարգի համակարգի թուլացմանը:

Սա էլ իր հերթին հանգեցնում է լարվածության աճին հայ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով: Այդպիսով Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են շեղել բնակչության ուշադրությունը երկրում սրացող սոցիալ-տնտեսական լարվածությունից ու նաեւ պետության արտաքին ու ներքին քաղաքական ձախողումներից:

Ներքին քաղաքական ու տնտեսական խնդիրները ՀՀ-ում

Հայաստանի Հանրապետությունում ներտնտեսական վիճակի վատթարացումը պայմանավորված է ե՛ւ արտաքին տնտեսական ոչ բարենպաստ փոփոխություններով, ե՛ւ ներքին կառավարման ու ղեկավարման խնդիրներով:

ՀՀ-ի արտաքին առեւտրային երկու հիմնական գործընկերներիՙ Ռուսաստանի եւ ԵՄ-ի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չէր կարող չազդել Հայաստանի տնտեսության վրա: ԵՄ-ում վերջին տարիներին ձգձգվող ֆինանսական ճգնաժամը, միջազգային բորսաներոմ պղնձի եւ ընդհանրապես հանքարդյունաբերական հումքի գների շարունակական անկումը հարվածում է Հայաստանի շահերին, քանի որ դեպի ԵՄ արտահանման մոտ 25 տոկոսը հենց կազմում է պղնձի եւ մոլիբդենի հումքը:

Իր հերթին ՌԴ-ում տնտեսական իրավիճակի վատթարացումը, պայմանավորված մասամբ պատժամիջոցներով, բայց հիմնականում նավթի գների անկմամբ, հանգեցրել է ՀՀ-ում արտաքին ներդրումների կտրուկ նվազման, ինչպես նաեւ արտաքին ֆինանսական տրանսֆերների ծավալների փոքրացման. հիշեցնենք, որ ֆինանսական փոխանցումների մոտ 80 տոկոսը գալիս է հենց Ռուսաստանից:

Սակայն ՀՀ տնտեսության մեջ առկա խնդիրների մի հսկայական բաժինը պայմանավորված է տնտեսության օլիգարխիկ համակարգով ու կառավարման խնդիրներով: ՀՀ տնտեսությունը շարունակում է բնորոշվել որպես ստվերային, ինչն իր հերթին բացատրվում մենաշնորհային տնտեսական համակարգով եւ օլիգարխիկ տնտեսվարողների չարաշահումներով: Այսինքն տնտեսական դաշտում առկա է անհավասար մրցակցություն, ինչից հատկապես տուժում են մանր ու միջին տնտեսվարողները, որոնք ի տարբերություն օլիգարխների սերտաճած չեն կառավարող համակարգին, որի հետեւանքով տեսնում ենք տնտեսական աճի ցածր ցուցանիշներ ու գործազրկություն:

Նման իրավիճակի հիմնական պատճառը վատ կառավարումն է: Կառավարման արդի մեթոդներին ու որոշումների ընդունման գիտահենք ու թափանցիկ մեխանիզմների բացակայութունը, քաղաքական ու տնտեսական համակարգում թայֆայական մտածելակերպի եւ գործունեության պահպանումը ծանր է անդրադառնում պետության զարգացման ռազմավարական հեռանակարների վրա:

Ներքաղաքական իրավիճակը ինչ-որ չափով տնտեսական համակարգի կրկնությունն է: Ներքին քաղաքական մրցակցության բացակայությունՙ ՀՀԿ-ի գերիշխանությունը բոլոր բնագավառներում: Նրա հիմնական մրցակցիՙ ԲՀԿ-ի ոչնչացումը եւս մեկ անգամ ապացուցեց այն փաստը, որ գաղափարազուրկ, մեկ անձի շուրջը ձեւավորված քաղաքական կազմակերպությունները երկարատեւ կյանք ունենալ չեն կարող: Սակայն մրցակցության լիակատար բացակայությունը, թեկուզեւ արհեստական կուսակցության հետ, հանգեցնում է նաեւ զարգացման դանդաղեցմանը:

Ներքաղաքական ճգնաժամի մեկ այլ պատճառը ընդդիմության անընդունակությունն է միավորվելու եւ պետության զարգացման այլընտրանքային քաղաքական ու կառավարման ծրագրեր ու ռազմավարություններ առաջադրելու: Վերջիններիս պայքարը միշտ էլ սահմանափակվել է անհատների դեմ պայքարովՙ պետության բարօրությունը կապելով այս կամ այն անձի հեռացման փաստով:

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Ինչ վերաբերում է պետության զարգացման տեսլականի խնդրին, ապա դրա բացակայությունը ստեղծում է զարգացման հեռանկարի անորոշություն: Կարծում ենք, որ խնդիրներից մեկը հայեցակարգիՙ սկզբունքների համակարգի ու ռազմավարության բացակայությունն է, որը պետք է պատասխաներ այն հարցին, թե ինչպիսի Հայաստան ենք ուզում տեսնել եւ ինչ ճանապարհով կարող ենք դրան հասնել:

Հաշվի առնելով տարածաշրջանում ձեւավորվող ռազմաքաղաքական բալանսը, թշնամական եւ ագրեսիվ շրջապատը ու հնարավոր զարգացման ոչ ցանկալի սցենարները, զարգացման համար ամենաընդունելի տարբերակը այսպես կոչված շվեյցարական կամ իսրայելական մոդելն էՙ ամրոց-պետության գաղափարը: Նման գաղափարի հիմքում պետք է լինի ռազմական բաղադրիչի դերի աճը, նաեւ որպես անվտանգային, տնտեսական եւ քաղաքական զարգացման մոդել:

Այսինքն զարգացման հիմքը պետք է հանդիսանա բանակի հզորացման գաղափարը որպես պետության գիտական, տնտեսական ու քաղաքական զարգացման շարժիչ ուժ: Սա է նաեւ պատճառներից մեկը, թե ինչու է Ռամկավար Ազատական կուսակցությունը պաշտպանում նոր սահմանադրությունըՙ իր խորհրդարանական համակարգով, որը պաշտպանության նախարարությանը եւ նախարարին ավելի մեծ լիազորություններ է տալիս խաղաղության պայմաններում, վերջինիս օժտելով նաեւ գերագույն գլխավոր հրամանատարի լիազորություններով:

Այսինքն պետության պաշտպանական ողջ համակարգը իր ռազմատնտեսական եւ քաղաքական համակարգով պետք է դառնա այն լոկոմոտիվը, որը կհանգեցնի նաեւ պետության տնտեսական զարգացմանը, միաշամանակ հստակեցնելով այդ զարգացման ուղղությունն ու նպատակը:

Կարծում ենք, որ հենց նմանատիպ տեսլականի բացակայությունն է նաեւ պատճառներից մեկը, որ երկրում առկա է խորքային քաղաքական ու տնտեսական ճգնաժամ եւ գործող համակարգի ու իշխանությունների նկատմամբ անվստահության շարունակական աճ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 13-11-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ