ԼԱԿՄՈՒՍԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ, ՇՊՐՏՎԱԾ ԹՂԹԵՐ ՆԱԻՐ ՅԱՆ Ուսանողները իրենց ներկայի ու ապագայի մասին Սովորական նոյեմբերի տաս էրՙ անձրեւոտ, հոնքերը կիտած, աշնան դերի մեջ մտած: Իսկ նոյեմբերի տասն ընդունված է համարել երիտասարդների միջազգային օր: Երեւանյան բուհերի տարածքում կեսօրին ուսանողները դուրս էին եկել ընդմիջմանՙ թույլատրված դասամիջոցն իրենց կողմից եւս տասը-տասնհինգ րոպեով երկարացնելով: Բուլկի-խաչապուրի էին ծամում, հեռախոսի րոպեները վատնում, աղջիկներին աչք գցում. ջահել են, էլի: Մոտեցա խմբված պոլիտեխնիկցիների: Շնորհավորեցի: Զարմացած ասացինՙ մերսի, բայց ինչի՞ համար: Պատասխանեցի. «Երիտասարդների միջազգային օրվա առթիվ»: Նրանցից ամենակարճահասակը ծիծաղելով վրա բերեց. «Ես էլ գիտեմՙ իմացել եք, որ վերջապես վճարս մուծել եմ, դրա համար եք շնորհավորում»: Երբ իմացան, որ լրագրող եմ, նախազգուշացրին, որ սահմանադրական բարեփոխումներից հարցեր չտամ: Մի քանիսը խմբից աննկատ առանձնացան. գաղտնիք չէՙ շատերն են լրագրողներից խուսափում: Ծանոթանալ-զրուցելն ու հետն էլ քեզ հետաքրքրող հարցերի պատասխաններն ստանալը հեշտ չէ. մեր հասարակությունը որքան քաղաքականացված է, նույնքան ատում է քաղաքականությունը, որքան իրազեկված է, նույնքան կուզենար իրազեկված չլինել ու ապրելՙ չիմանալով, թե ով է իր երկրի նախագահը, որ օլիգարխին է պատկանում այս կամ այն խոշոր բիզնեսը, կուզենար անունով ու դեմքով հատ-հատ չճանաչել պատգամավորներին ու կառավարության անդամներին: Պատանիներն ու երիտասարդներն այսօր ավելի լավ ճանաչում են Արմեն Աշոտյանին ու Սեդրակ Սարոյանին, քան մի սիրուն դերսանուհու կամ համաշխարհային աստղի: Երիտասարդների միջազգային օրն առիթ էրՙ հնարավորինս անկեղծության մղելու երիտասարդներին ու «քչփորելու» նրանց ներսը: Մեծ մասմաբ խուսափում էին անձնական տվյալներ հաղորդել, անգամ կուրսը , ֆակուլտետը նշել, բուհերի տարածքից դուրսՙ ոմանք անգամ աշխատավայրը, ընտանեկան դրությունն էին թաքցնում: Խառը ժամանակներ են, ո՞վ իմանա... Օրվա հերոսների հետ զրույցը ներկայացնում եմՙ մի քիչ խմբագրված. քաղաքային ժարգոնն ու խոսակցական բառապաշարը երբեմն գերազանցում էին թույլատրելիի սահմանը: Բայց մի քանիսն ուղղակի հիացրին իրենց կրթամակարդակով ու պահվածքով: Հովիկ Մալխասյան, 20 տարեկան, ուսանող - Որ ուզում եք ճիշտն իմանալ, ես կարծում էիՙ ուսանող դառնալովՙ գոնե մի քիչ հետաքրքիր կդառնա կյանքս, մասնագիտություն կսովորեմ. ես թաթալաբազ եմ, բայց դպրոցում լավ եմ սովորել: Լուրջ եմ ասում. դպրոցի իմացածիս մի խազ անգամ չի ավելացել էս երեք տարվա մեջ: Մենակ հավեսով վճար եմ տալիս: ...Ախր լավ գիտեմ, որ ավարտեմ, գործ չեմ ճարելու: Պարապ-սարապ թրեւ եմ գալու, հետոՙ թը՜ռՙ հորս մոտՙ Ռոստով. մերոնք չրի գործ են անում, գնալու եմ հայկական չրեր ցրեմ խանութներում: Էս էլ քեզՙ Հայաստանի ջահելություն:...Հորս արեւ, մորս խղճացել եմ, դրա համար եմ վիզ դրել, որ ինստիտուտ ընդունվեմ: Համ էլ մտածում եմՙ մի տեղ պետք կգա, գլուխ կգովեմ, թե դիպլոմով չիր ցրող եմ: Գարիկ Մելքումյան, ուսանող, ապագա տնտեսագետ - Որ իմանաքՙ մեր սովորած տնտեսագիտությունն ինչքան տարբեր է մեր երկրի տնտեսական իրական վիճակից. ուղղակի պարադոքս: Չգիտեմՙ որտեղ ու երբ եմ կիրառելու իմացածս ուտոպիստական գիտելիքները, ըստ որոնցՙ մեր երկիրն իսկական Շվեյցարիա է: Հայրս էլ է տնտեսագետ. մեթոդական ձեռնարկներ է գրում, կներեք, չեմ կարող ասելՙ որ երկրի ու որ կազմակերպության պատվերով: Ասում եմՙ ինչո՞ւ մեզ համար էլ չես գրում. պատկերացրուՙ պատվեր ես ստացել Հայաստանից: Պատասխանում է. «Նախՙ ես մեր երկրից երբեք պատվեր չեմ ստանա, երկրորդն էլՙ իմ մեթոդները նրանց ձեռք չեն տա, հո խելքները հացի հետ չե՞ն կերել. ես նեղ ոլորտներում ժողովրդական տնտեսության զարգացման ուղիներն եմ ցույց տալիս, ոչ թե դեպի մի քանի հոգու գրպան տանող պողոտաները»: ...Ես կրթությունս դրսում եմ շարունակելու. ուղղակի բանակի հարցերս պիտի լուծեմ: Խճճվել-մնացել եմ. անկեղծ եմ ասումՙ մենք հրաշալի նախադրյալներ ունենք կարգին երկիր դառնալու համար: Հասարակ բան ասեմ. այս պայմաններում մարդիկ կարողանում են չնչին գումարով ընտանիք պահել ու ընտանեկան տնտեսություն կառավարել: Շատ հեռատես ու զգուշավոր է մեր ժողովուրդը, ուղղակի պետք է էս ժողովրդին մի քիչ սիրել ու մարդու տեղ դնել, ոչ թե կթու կովի: Կներեք. կոպիտ արտահայտվեցի: Նարեկ Մարտիրոսյան. ապագա ճարտարապետ- Իմ մասնագիտության հեռանկարների մասին ձեր հարցերը իրականում պետք է ոգեւորեին ինձ: Ես բավականին լավ եմ ուսումնասիրել Երեւանի ու ընդհանրապես Հայաստանի ճարտարապետությունը: Պապիկս նույնպես ճարտարապետ է եղել. Վանաձորում մի քանի շենք է նախագծել: Նրա էսքիզները մինչեւ հիմա բացում-նայում եմ: Ես էլ եմ մի քանի նախագծեր խզբզել. ոչ մեկին ցույց չեմ տվել: Պապիկիս նախագծածին մի քիչ նման են: Բայց մի կաթիլ հույս էլ չունեմ, որ դրանք մի օր շենքեր կդառնան: Ուղղակի շատ եմ սիրում մասնագիտությունս, եւ արդեն համակերպվել եմ, որ տեսական գիտելիքներ եմ ստանալու, դիպլոմս վերցնեմ ու... այ էդ պահից սկսածՙ չգիտեմՙ ինչ եմ անելու: Այսինքնՙ մեր ազգային մասնագիտությունը կա ու կաՙ տաքսիստ: Նարե Հարությունյան, ապագա դեղագործ- Ես երկրորդ մասնագիտություն եմ սովորում, իսկ առաջին մասնագիտությամբ հոգեբան եմ: Որոշ փորձեր արեցի ուսումնական հաստատություններում, դպրոցներում աշխատանք ձեռք բերելու ուղղությամբ, բայց չհաջողվեց. կա՛մ հաստիք չունեին, կա՛մ էլ տեղերն էին զբաղված: Վարսավիրություն սովորեցի, որ ծնողներիցս տրանսպորտի փող չուզեմ, ես իմ գլուխը կարողանամ պահել, բայց շուտով հասկացա, որ ուրիշի մազ կտրել-հարդարելն իմը չէ: Հորս խորհրդով դեղագործություն եմ սովորում. խոստացել էՙ հենց ավարտեմ, գործի կտեղավորի դեղատանը: Բայց որ ճիշտն ասեմ, ես երբեք դեղ չեմ օգտագործում ու չգիտեմՙ ինչպես եմ մարդկանց խորհուրդ տալու այս կամ այն դեղը գնել: Ոչ դեղն է դեղ, ոչ էլ բժիշկներն են բժիշկ: Քանի առիթը կա, ուզում եմ պատմել. մի քանի օր առաջ Օպերայում Հայաստանի երիտասարդական նվագախմբի համերգն էր: Առաջին տիկինն ու առողջապահության նախարարն էլ էին եկել: Համերգը շաքարային դիաբետով երեխաների համար էր: Անկեղծ ասածՙ շատ ճնշվեցի այդ միջավայրից, շատ ազդվեցի. այնքան հոգսաշատ, տառապած տեսքով երիտասարդ մայրերի տեսա: Իսկ երեխաները...ախր ի՞նչ ինքնախաբեություն էՙ իբր շաքարախտը հիվանդություն չէ, այլ յուրօրինակ ապրելակերպ: Լավ էլի. ո՞վ չգիտի, որ մեր երկրում շաքարախտով հիվանդ մարդը դանդաղ մահվան է դատապարտված: Ու մեկ էլ հայտարարվեց, որ այսուհետեւ հայ մանուկներն ինսուլին կստանան անալոգային գրիչներով, որոնք բոլորին անվճար կբաժանվեն: Մի տղայի էլ բեմ հանեցին, ինսուլինով գրիչը ձեռքը տվեցին, թեՙ դիրիժորի նման ղեկավարիր համերգը: Ինձ թվաց, թե դահլիճն սկզբում չհասկացավՙ ինչ է կատարվում, իսկ հաղորդավարն ու բարձրաստիճան հյուրերը ցնծության մեջ ծափահարում էինՙ շոուն ստացված համարելով: Ինչի՞ վրա, ո՞ւմ վրա եք ուրախանում. մի հարցնող լինի: Տեսեք-տեսեքՙ նոր սարքավորումը Հայաստան էլ հասավ, շաքարախտով հիվանդ հայ երեխաները դրանով են ինսուլին ստանալու: Ամոթ է, ամոթ: Դա է՞լ եք շոուի վերածում ու ռեկլամ անում: Մի րոպե պատկերացնո՞ւմ եք էդ ծնողների ու երեխաների վիճակը: Ախր դուք քարից եք, անսիրտ քարից: Չի բացառվում, որ երբ դեղագործ դառնամ, ես էլ ստիպված լինեմ էդ անալոգային գրիչները վաճառել դիաբետով հիվանդներին: Մենք մեր երիտասարդներին հաճախ ենք քննադատում, վատաբանում, որովհետեւ նրանց լավ չենք ճանաչում: Զավեշտալի, երբեմն անհամ-անալի, բայց մեծ մասամբ խորքային ու նրբանկատ մեր երիտասարդները հասարակության լակմուսի թուղթն են: Գունավորված, թե գունազուրկՙ թուղթը մի կողմ է նետված: |