«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՐՊԵՍ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ» ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Ռուսաստանյան լրատվամիջոցներում հաճախ չես հանդիպի Հայոց ցեղասպանությանը նվիրված նյութերի: Ինչքան էլ որ արտերկրում լինեն մեզ ցավակցողներ ու համակրողներՙ պետություն թե անհատ, դա գերազանցապես մեր ողբերգությունն է: Ուրիշների համար ավելի հաճախ թեման դառնում է քաղաքական կոնյունկտուրայի, քաղաքական հաշվենկատության կամ շահարկման օբյեկտ: Ահա եւ առավել քան անակնկալ էր ռուս նացիոնալիստական «Завтра» թերթի կայքում օրերս տպագրված ընդարձակ մի հրապարակում "Армения на размен" վերտառությամբ, որի հեղինակն է Ռուսաստանի գրողների միության անդամ, ռուս ազգային հասարակական-քաղաքական գործիչ Ալեքսանդր Օգորոդնիկովը: Պատմագիտական հարուստ ուսումնասիրությունների հիման վրա, վկայակոչելով նաեւ բազմաթիվ օտար աղբյուրներ, հոդվածագիրը մասնավոր ուշադրություն է հրավիրում այն պարագայի վրա, թե Հայոց ցեղասպանության իրագործման մեջ ինչպիսի չարագուշակ դեր են խաղացել... հրեաները: Սա ինչ-որ տեղ մեծ համարձակություն է մի երկրում, որտեղ հրեական ցեղը հսկայական ազդեցություն ունի քաղաքական-տնտեսական-լրատվական եւ շատ այլ ոլորտներում: «Հայ ժողովուրդը դարձավ մեծ քաղաքականության պատանդը, համաշխարհային հեղափոխության զոհը, սիոնիստական արկածախնդրության մանրուն դրամը» (разменная монета)ՙ սա է ռուս մտավորականի գլխավոր (բայց ոչ միակ) եզրահանգումը: Հրապարակման պատմագիտական գնահատումը թողնենք մեր հայ պատմաբաններին: Ի դեպ, Օգորոդնիկովը զգալի մեջբերումներ է կատարել նաեւ Ջոն Կիրակոսյանի, Հարություն Սարգսյանի եւ ուրիշ ճանաչված հայ գիտնականների աշխատություններից: Վերլուծելով համաշխարհային սիոնիստական շարժման շատ պարագլուխների, նրանց եւ դյոնմե «փաշաների» համագործակցության բացահայտ հակահայկական բնույթը, Օգորոդնիկովն այս անգամ առանձնացրել է «հեղափոխական հուդա» Լեւ Տրոցկուՙ Լեյբա Դավիդովիչ Բրոնշտեյնի հայաստանամերժ, հրեապաշտ չարանենգ մաքառումները: Կրկնում ենք, հայ պատմաբանների ուշադրությանը թողնենք բերված բազում իրողությունների ու փաստերի մեկնաբանությունները. չափից դուրս խորն են դրանք ոչ մասնագետի համար: Նշենք սոսկ մի հանգամանք: Հայաստանում հաճախ են հնչում ամենատարբեր մեղադրանքները «բոլշեւիկյան» Ռուսաստանի հասցեինՙ առնչված նաեւ մեր ցեղասպանությանը: Մինչդեռ ռուսական գրեթե ոչինչ չկար բոլշեւիկյան կառավարության մեջ: Լենինյան գվարդիայի միջուկը, առանցքը, ավելի պարզեցվածՙ թվական գերազանցությունը կազմում էին հենց հրեաները (վերջերս Մոսկվայում Հոլոքոսթի թանգարանի բացման առիթով այդ մասին հրեական համայնքի լիդերներին հիշեցրեց նաեւ Վլադիմիր Պուտինը): Եվ մեղադրել «էթնիկ» ռուսներին, եթե նույնիսկ նրանք բոլշեւիկ էին, հակահայկական գործողությունների մեջ, առնվազն սուբյեկտիվ է: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վերջերս Իսրայելում եղած ժամանակ հայտարարեց, թե ընդհանուր շատ բան կա հրեաների ու հայերի միջեւ: Դիվանագիտական տեսանկյունից անթերի հայտարարություն է. չի կարելի փչացնել հարաբերությունները, ռուս նացիոնալիստների արտահայտությամբ, համաշխարհային օլիգարխի հետ, դա կարող է, առանց չափազանցության, թանկ նստել մեր վրա: Բայց եթե անաչառ լինենք, ի՜նչ նմանության մասին է խոսքը, երբ մենք ընդունում ենք Հոլոքոսթը եւ գլուխ խոնարհում հրեա նահատակների հիշատակի առջեւ, իսկ Իսրայելի մտքով անգամ չի անցնում եւ երբեք չի էլ ճանաչի մեր ողբերգությունը: Ժամանակ առ ժամանակ Կնեսեթում կամ առանձին հրեա ցեղասպանագետների կողմից հնչող «ճանաչման» կոչերը օդից կախված են մնում: Իսկ մենք Հոլոքոսթի մասին սկսում ենք սովորել այժմ արդեն դպրոցում: Ցեղասպանոթյան 100-ամյա տարելիցի կապակցությամբ ներհայաստանյան լրատվական մտնոլորտը գերհագեցած է այդ թեմայով: Հայաստանի ղեկավարները տարբեր առիթներով միջազգային ամբիոններից եւս խոսում են այդ մասին, գուցեեւ ոչ միշտ տեղին: Սակայն ինչու այդ նույն ղեկավարները երբեք չեն խոսում 1,5 միլիոն հայաստանցիների արտագաղթի մասին: Անկախ Հայաստանի երեք նախագահներից ո՜ր մեկն է իր իշխանության օրոք հրապարակավ ցավ, դառնություն, ափսոսանք հայտնել արտագաղթի կապակցությամբ, այդ կործանարար խնդրի շուրջ կիսվել, խորհրդակցել սեփական ժողովրդի հետ: Էլ չենք ասում, որ նրանցից մեկը նույնիսկ խրախուսում էր այդ գործընթացը: Բայց չէ՞ որ սա էլ է ցեղասպանություն, եթե նույնիսկ դա կոչվում է «սպիտակ»: Հրեաներին ենք մեղադրում: Ինչու Հայաստանի երեք նախագահներից եւ ոչ մեկը ընդունակ չեղավ ստեղծելու արդար պետություն, որից չփախչեին նրա քաղաքացիները: Զզված ու հոգնած: Խոսում ենք միայն դրա «օբյեկտիվ» պատճառների մասին: Մոսկվա |