RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 13-11-2015



ՀԱԼԵՊԱՀԱՅԵՐ

Տեղադրվել է` 2015-11-13 13:34:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 7677, Տպվել է` 35, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ՔԱՐԻ, ՍՈՒՄԱԽ, ՀԻԼ ԵՎ ԻՀԱՐԿԵ ՊԱՀԱՐ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Քարին, կամ կարին հնդկական համեմունք է, ավելի ճիշտ` սոուսի խտացված տեսակ, ինչը կոնկրետ արաբական խոհանոցում օգտագործվում է որպես չոր համեմունք: Սումախը` արաբական թթվահամ համեմունք է եւ խոհանոցում կարող է հանգիստ փոխարինել լիմոնին, կամ լիմոնի փոշուն: Հիլը` կոճապղպեղային բույսերի խմբին պատկանող բույս է, որից պատրաստված նույնանուն համեմունքը պարտադիր մտնում է արաբական կամ թուրքական սուրճի պատրաստման բաղադրատոմսում: Դե իսկ պահարը, կամ բահարը, պղպեղանման համեմունք է, ինչն ուղղակի անզուգական է մսի հետ:

Այս եւ այլ բազմաթիվ համեմունքների ծանոթացա, անգամ շոշափեցի, Երեւանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանից դեպի Աբովյան փողոց տանող գետնանցումում` «Արեւելյան համեմունքներ» խանութում: Խանութի տերը (խանութի, ոչ թե տարածքի) սիրիահայ, հալեպցի Պետրոսն է, միջին տարիքի մի տղամարդ, ով Սիրիայում պատերազմի պատճառով եկել է Հայաստան, ինքն ասում է` վերադարձել եմ: Այստեղ վարձով է ապրում, այնտեղ` տուն ուներ, այնտեղ խառատ էր աշխատում, այստեղ` համեմունքներ վաճառող: «Կվերադառնա՞ք Սիրիա, երբ պատերազմն ավարտվի», հարցնում եմ: Պատասխանում է. «Նախ պատերազմը վերջանալե հետո դեռ 4 տարի պետք է, որպեսզի վերականգնի ամեն բան: Բացի այդ, այն Հալեպը, որ այսօր կա, մահմեդականներու Հալեպը, մեր տեղը չէ, հոն չենք կրնար ապրիլ, բիզնես ընել, ու եթե մենք հայրենիք ունինք, որ ա՛ս է, ինչո՞ւ երթանք: Ավելի լավ է հոս տանին, քան հոն` մահմեդականները տանին»: Մի կերպ դուրս եմ գալիս Պետրոսի խանութից, ինչո՞ւ մի կերպ, որովհետեւ արեւելյան համեմունքների բույրը մի տեսակ ստիպում էր էլի եւ էլի հարցեր տալ Պետրոսին, երկար զրուցել նրա հետ:

Քիչ այն կողմՙ եւս մի հալեպցի, ով ներկայանալ չցանկացավ, Հալեպի սենդվիչներ է պատրաստում եւ վաճառում: Խանութն էլ հենց այդպես կոչվում է` «Հալեպի սենդվիչներ»: Մոտենում եմ, ներկայանում, որ լրագրող եմ, որ հոդված եմ պատրաստում հալեպցիների մասին, ասում է` «Կներես, բայց խոսիլ չեմ ուզեր»: Հետաքրքրքվում եմ` ինչո՞ւ, ասում է` «Խոսելե հոգներ եմ»: Ափսոս, որ նկարիչ չեմ, հակառակ պարագայում, կնկարեի անծանոթ մնացած հալեպցու հայացքը, որտեղ խոսքեր իրոք չկային, քանի որ դա Հալեպի, անցյալի Հալեպի, էլ երբեք չվերականգնվող Հալեպի տեսքն էր, այն կորցրած լինելու գիտակցության (ոչ թե զգացողության) ցավը:

Փոխարենը ցավ չկար վարսավիր Գեւորգի դեմքին: Նա նույնպես Հալեպից է եկել եւ այնտեղ էլ, այստեղ էլ հայտնի է որպես «Բերբեր Գեվո»: Երիտասարդ տղա է, ամուսնացած չէ, բայց ուզում է, սակայն ոչ հիմա: «Եթե պատերազմն անգամ ավարտվի Սիրիայում, եւ այստեղի բոլոր հաճախորդներս կրկին վերադառնան Սիրիա, միեւնույն է, ես հետ չեմ գնա, չնայած, եթե ընտանիքիս անդամներն ուզենՙ գուցե: Կգնամ Եվրոպա, մի քիչ փող կաշխատեմ, կգամ այստեղ (Երեւան) տուն կառնեմ, նորՙ կամուսնանամ»: Բերբեր Գեվոն այստեղ հիմա վարձով է ապրում, ինչպես եւ էլեկտրոնային սարքավորումներ վերանորոգող Ներսեսը, կրկին հալեպցի: Նա էլ այնտեղ տուն ուներ, այստեղ` վարձով է ապրում: Այնտեղ էլ նույն գործով էր զբաղված, այնտեղ էլ գործերն այնքան լավ չէին, այնտեղ էլ չէր բողոքում...

Ողջ գետնանցումից բուրող արեւելյան համեմունքների բույրը հանգիստ չի տալիս, Հալեպում խառատ աշխատած, այստեղ` համեմունքներ վաճառող Պետրոսի խոսքերը` «Այն Հալեպը ալ չկա ու չեմ կարծեր, որ երբեւիցէ կըլլա» խոսքերը առավել եւս հանգիստ չեն տալիս: Մի տեսակ ծանր է ու հաճելի. ծանր է, որովհետեւ հեռացել են, թողել են, Հալեպն էլ չկա, հաճելի է, որ եկել են, մեր կողքին են եւ բույրը` քարիի, սումախի, հիլի եւ պահարի բույրը...

Ոտքով Աբովյան փողոցը հատելով հասնում եմ Եզնիկ Կողմացի փողոց, դեպի Ամիրյան փողոց տանող հատված: Այստեղ ոչ ոք արեւելյան համեմունք չի վաճառում, բայց միեւնույն է, հոտը տարածված է, այն ամենուր է, եւ այնքան հաճելի: Երեւանի այս հատվածում էլ, պարզվում է, հալեպցիներ կան: Կրկին վարսավիրներ` Կարօ եւ Յովիկ եղբայրները: Վերջինս մեծ սիրով ինձ սուրճ է ցանկանում հյուրասիրել, հատկապես իմանալով, որ ես էլ Յովիկ եմ: Հրաժարվում եմ, բայց մտածում, իսկ եթե հիլով լինի՞....Միայն մտածում եմ: Կարօն պատմում է, որ Հալեպում կալվածքներ ունեին, այստեղ վարձով են ապրում: Այնտեղ էլ վարսավիր էին, այնտեղ էլ ամեն օր հաճախորդ ունեին, այնտեղ էլ այդ հաճախորդները շատ չէին: Յովիկը լրացնում է, որ այնտեղ իրենց հայրենիքը չէր, այստեղ է հայրենիքը, չնայած շեշտում է, որ ինքը երկու լեզու ունի` հայերենը` «իմ լեզուն», եւ արաբերենը` «իմ հարազատ լեզուն»: Այսպես է պատասխանում հարցիս, թե հնարավո՞ր է արդյոք, որ Հայաստանը թողնեն, բայց ոչ թե Սիրիա վերադառնան, այլ այլ երկիր, ասենք` Եվրոպա, կամ Ամերիկա: Յովիկն ասում է, որ ոչ մի դեպքում. «Չենք հասկանում նրանց լեզուն, զզվում ենք...»: Կարօն լրացնում է. «Եթե այստեղ գործերը լավ չգնաց, մենք կվաճառենք Սիրիայում մեր կալվածքները, որ այստեղ ավելի մեծ կամ ուրիշ գործ դնենք»: Կարօն սա այնպես է ասում, որ ես հասկանում եմ, որ այս նախադասության մեջ կարեւորը «այստեղ» բառն է:

Ու նորից եմ զգում արեւելյան համեմունքի բույրը, չնայած խանութը շատ հեռու է, եւ շուրջբոլորս ոչ ոք չի ուտում:

Նույն փողոցի վրա է Լեւոնի ընտանիքը` նա եւ որդիները, սպորտային հագուստի խանութ են բացել: «Նոր ենք դրել բիզնեսը,-ասում է պարոն Լեւոնը,-տեսնենք ինչպես գործերը կլինեն»: «Այսինքն հնարավոր չե՞ք համարում ձեր վերադարձը Սիրիա» հարցնում եմ` «Նայած թե ինչ կլինի: Գուցե վերադառնանք, եթե նախկին Հալեպը վերադառնա»: Որդիներից Արամը ավելի հաստատ է խոսում` «Ոչ, իհարկե, մնալու ենք, եթե ուրիշ տեղ ուզենայինք գնալ, այստեղ գործ չէինք դնի: Մնալու ենք»: Հիշում եմ համեմունք վաճառող Պետրոսին, նրա այն խոսքը, որ ասաց. «Ես մնալու եմ», նրա համեմունքների բույրը, որն անգամ խմբագրությունում, այս հոդվածը գրելիս զգում եմ: Այն բույրը, որը պակասում էր մեր քաղաքին, նրանց քաղաքին...Այդ համեմունքների բույրը նրանց բույրն էր, այդ համեմունքները հենց իրենք են: Բարով եք վերադարձել եւ բարով մնաք:

ՄԻՋԱՐԿՈՒՄ

Երբ գրվում էր այս հոդվածը հայտնի դարձավ, որ սիրիական զինուժը ազատագրել է Հալեպ տանող գլխավոր ճանապարհը` Խանասերի ճանապարհը: Հալեպն այլեւս շրջափակված չէ:

Լեւոնի եւ իր որդիների խանութի դիմացի մայթին, նույն փողոցի վրա մեկ այլ հալեպցու «Թաուկ» սրճարանի կողքին ավիատոսմերի վաճառքի կետ կա: Ներս մտա, հարցնում եմ աշխատողինՙ դեպի Սիրիա ավիատոմս ունե՞ք: Զարմացած պատասխանում է, որ ունեն: Երկրորդ հարցն եմ տալիս` իսկ այսօր այդ տոմսերից գոնե մեկը գնող եղե՞լ է, կապ չունի, թե ով, անունը էական չէ: Էլ ավելի զարմանալով, պատասխանում է` «Ոչ, այսօր Սիրիա տոմս չենք վաճառել»:

Ուրախանում եմ. մեր բոլորի քաղաքից դեռ երկար կգա, հուսամ` հավերժ կգա քարիի, սումախի, հիլի եւ իհարկե, պահարի բույրը: Նրանք մնում են:

Նկար 1. Պետրոս Քիրազյանը արեւլյան համեմունքների իր խանութում

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 13-11-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ