Ս. ԳԵՂԱՐԴԸ ԿԻՋԵՑՎԻ Ս. ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ Ի գոհացումն բարեպաշտ հայորդյաց եւ օտարազգի ուխտավորների, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական սրբատառ կոնդակով, Հայոց եկեղեցու հիմնադիրներ Ս. Թադեոս եւ Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այս տարի Ս. Գեղարդը Ս. Էջմիածնի Մայր տաճար կիջեցվի նոյեմբերի 28-ին եւ հնարավորություն կընձեռնվի ուխտավորներին երկրպագելու Ս. Նշանին եւ համբուրելուՙ հայց մատուցելով առ Աստված, որ Տերը հոգու եւ մարմնի բժշկություն, հավատքի ամրություն ու արիություն շնորհի նրանց: Ս. Գեղարդը Մայր տաճարում կմնա մինչեւ նույն օրվա երեկո: ՏԵՂԵԿԱՆՔ Աստվածամուխ Սուրբ Գեղարդ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում է պահվում համաքրիստոնեական սրբություններից մեկըՙ Աստվածամուխ Ս.Գեղարդը, որով նաեւ օրհնվում է Հայոց եկեղեցու սրբալույս մյուռոնը: Սուրբ Գեղարդն այն նիզակի ծայրն է, որով հռոմեացի զորականըՙ Ղունկիանոս հարյուրապետը, խոցեց մեր Տեր Հիսուս Քրիստոսին` խաչի վրա: Ս. Ավետարանը վկայում է. «Երբ եկան Հիսուսի մոտ եւ տեսան, որ նա արդեն մեռած էր, նրա սրունքները չկոտրեցին, այլ զինվորներից մեկը տեգով խոցեց նրա կողերը, եւ իսկույն արյուն եւ ջուր ելավ» (Հռոմ. 19:33-34): Հայոց եկեղեցու սրբազան ավանդության համաձայն, Տերունի այս սրբությունն Ա դարում Հայոց աշխարհ է բերել Քրիստոսի 12 աշակերտներից Ս. Թադեոս առաքյալը: Համաքրիստոնեական այդ սրբությունը դարեր շարունակ պահվել է պատմական Հայաստանի տարբեր վանքերում, իսկ ԺԳ դարիցՙ Այրիվանքում, որը հետագայում ի պատիվ Ս. Գեղարդի կոչվել է Գեղարդավանք: ԺԸ դարի երկրորդ կեսին Ս. Գեղարդը բերվել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածին եւ մինչ օրս պահվում է հանուր հայության հոգեւոր կենտրոնում: Համաձայն պատմական տեղեկությունների, աստվածամուխ Ս. Գեղարդն իր հրաշագործ զորությամբ փարատել է հոգեկան ու մարմնական հիվանդություններ: Եվ այդ նպատակովՙ ԺԸ-ԺԹ դդ. ընթացքում Ս. Գեղարդը մի քանի անգամ տարվել է Հայաստանի որոշ գավառներ, նաեւՙ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի: |