ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ ՄԱՀԱՑԵԼ Է ՍՐՏԻ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ Նոյեմբերի նոյեմբերի 11-ինՙ Կենտրոն վարչական շրջանում գործող «Աստորիա» հյուրանոցի լոգասենյակում հայտնաբերվել էր մեր թերթի հեղինակներից մեկի` թատերագետ Լեւոն Մութաֆյանի դին, որից հետո բավական ենթադրություններ արվեցին նրա մահվան հանգամանքների մասին: ՀՀ քննչական կոմիտեի տրամադրած տեղեկատվությամբ երեկ ստացվել էր Լ.Մութաֆյանի մահվան մասին բժշկական վկայականը, համաձայն որիՙ նրա մահը հետեւանք է սրտային սուր անբավարարության: Ի պատասխան ԶԼՄ-ների հարցադրումներիՙ քննչական կոմիտեից նաեւ պարզաբանել են, որ Լ.Մութաֆյանի այցը տվյալ հյուրանոց կրել է մասնավոր բնույթ, հիշեցնելով, որ ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածը սահմանում է յուրաքանչյուր քաղաքացու անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքը, նույն հոդվածով արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին: «Ազգ»-ը վշտակցում է հանգուցյալի ընտանիքին, ընկերներին եւ ընթերցողներին: |