ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԻ ԽՆԴՐԻ ԳԼՈԲԱԼ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ Գաղթականությունը հայերիս ճակատագիրն է եղել: Բռնի, հարկադրված գաղթականության ողբերգական պատմություն ենք ունեցել: Ամենաազդեցիկը դրանց մեջ, անշուշտ, 1915 թվի Ցեղասպանության օրերին տեղի ունեցածն էր, որն Օսմանյան կասրությունում բնակվող հայերի մեծամասնությանը տեղահանեց իր պատմական հայրենիքից եւ ցրեց աշխարհով մեկ: Այդ փորձառությունը ստվերի նման կրնկակոխ հետապնդում է յուրաքանչյուր հայի եւ փոխանցվել է սերնդե սերունդ այն աստիճան, որ ամեն անգամ փշալարերի հետեւում փախստականների տեսնելով, կամ բաց ծովում գաղթականներով բեռնավորված նավի խորտակմանը ականատես լինելով, մենք ցնցվում ենք եւ սարսուռ է անցնում մեր զգայարանների միջով: Մերձավոր Արեւելքը, Եվրոպան եւ նույնիսկ Հյուսիսային Ամերիկան հեղեղած Սիրիայից փախչող գաղթականների ներկա հոսքը մարդակերտ ողբերգության արդյունքն է, որից կարելի էր խուսափել, անշուշտ, բայց չհաջողվեց, եւ այն այսօր անմիջական ուշադրություն եւ հրատապ լուծում է պահանջում: Փախստականներին ընդունելու կամ մերժելու խնդիրը իր մարդասիրական գործոնից վերածվել է քաղաքական, սոցիալական, տնտեսական եւ հոգեբանական խնդիրների: Նախկին վախն ու կասկածը դարձյալ գլուխ են բարձրացրել եւ արտահայտվում են քաղաքական գործողությունների եւ հակադարձ քայլերի միջոցով: Սիրիայի բնակչության հիսուն տոկոսը դաժան պատերազմի հետեւանքով դարձել է փախստական, որն ապաստան է փնտրում հարեւան երկրներում: Առանձին պետություններ, Եվրոմիությունը եւ ՄԱԿ-ը մոբիլիզացրել են իրենց բոլոր կառույցները դիմագրավելու համար գլոբալ չափսերի հասած այս կենսական խնդիրը: Հար եւ նման Հայոց ցեղասպանության եւ Հրեական ողջակիզման ժամանակներին, այն ուժերը, որոնք կարող էին միջամտել եւ կանգնեցնել կոտորածը, ոչինչ չձեռնարկեցին: Եթե մենք նայենք պատմությանը, կտեսնենք, որ Գերմանիայի պարագայում նույնիսկ համագործակցություն կար Օսմանյան կառավարության հետ: Ավելի ուշ, սակայն, այդ երկիրը մարդասիրական ծրագրեր մշակեց վաստակելու համար զոհերի եւ վերապրողների ներողամտությունը: Այսօր էլ բարեգործ թվացող որոշ երկրներ հենց իրենք են ընթացիկ ողբերգության գլխավոր անպատկառ հրահրողները: Դա բացահայտվեց Փարիզում տեղի ունեցած սրտաճմլիկ դեպքի ժամանակ, երբ Բատակլան համերգադահլիճի վրա նոյեմբերի 13-ին կատարված ահաբեկչական հարձակման հետեւանքում զոհված Լոլա Ուզունյանի հայրըՙ Էրիկ Ուզունյանը մերժեց մասնակցել զոհվածների հիշատակին նվիրված արարողությանը, եւ «Հաֆինգտոն փոստում» տպագրված իր հոդվածում ֆրանսիական կառավարությանը մեղադրեց այդ հարձակումների համար: Ի մասնավորի նա գրել էր. «Երկար տարիներ Ֆրանսիան կործանարար քաղաքականություն էր վարում Մերձավոր Արեւելքում: Նախագահ Սարկոզին խախտելով այլ երկրներում բոլոր տեսակի ցամաքային միջամտությունները արգելող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը, զորք ուղարկեց Լիբիա պաշտոնանկ անելու համար Քադդաֆիին եւ միացավ Սիրիայի Բաշար էլ Ասադի դեմ ձեւավորված կոալիցիային: Այդ երկու երկրները Ֆրանսիայի թշնամիները չէին: ...Վերջին շրջանի նախագահները գործել են անըմբռնելի թեթեւամտությամբ, առաջնորդվել են անհեռատեսությամբ: Բայց սրանցով չի ավարտվում քաղաքական աշխարհի պատասխանատվությունը»: Նույնպիսի մեղադրանքներ կարելի է հնչեցնել Մ. Նահանգների, Մեծ Բրիտանիայի եւ հատկապես Թուրքիայի հասցեին: Բայց Թուրքիային պարգեւատրում են հանցագործության մեջ իր դերակատարության համար: Իրականում Թուրքիան վարժեցրել եւ զինել է Իսլամական Պետության (ԻՊ) ահաբեկիչներին եւ Սիրիա ուղարկել իրականացնելու իրենց գլխատումներն ու մոլեգին գազազածությունները, որոնց հետեւանքում հազարավոր սիրիացիներ գաղթեցին հարեւան երկրներ: Լիբանանը ընդունել է ավելի քան մեկ միլիոն սիրիացի փախստականների, որը մոտավորապես հավասար է իր բնակչության մեկ չորրորդին: Հորդանանը ընդունել է 600 հազար գաղթականների, իսկ Թուրքիանՙ 1.8 միլիոն մարդկանց, որոնք ստիպված չէին լինի օտար երկրներում ապաստան որոնելու, եթե Թուրքիան չքանդեր կրետի բույնը եւ խժդժություններ չառաջացներ իրենց հայրենիքում: Թուրքիան նպաստեց փախստականների եվրոպական մայրցամաք թափանցելուն եւ այնտեղ խուճապ առաջացնելուն: Նրա խորամանկ քայլը, այդուհանդերձ, հաջողությամբ պսակվեց: Բրյուսելում վերջերս հավաքված Եվրոմիության երկրները խնդրեցին Անկարայից կանգնեցնել կամ դանդաղեցնել գաղթականների հոսքը, խոստանալով նրան վարձատրել առատաձեռնորեն: Նրան տրամադրեցին 3.2 միլիարդ դոլարՙ հոգալու համար գաղթականների խնդիրները իր երկրում: Իսկ ամենամեծ պարգեւը մատուցեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով մեղմացրեց իր դիրքորոշումը եւ Եվրոմիությունը խոստացավ վերսկսել Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները: Իհարկե, այս բոլոր մեծահոգի ժեստերի հետեւում ավելի մեծ, գլոբալ նշանակության քաղաքականություն է թաքնված: Թուրքիան Ռուսաստանի հետ իր հարաբերությունների վատթարացման հետեւանքում մեկուսացման վտանգի առաջ էր կանգնած եւ քաղաքականության այս փոփոխությունները նպատակ են հետապնդում ցույց տալ դաշնակիցների զորակցությունը նրան: Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարող ռուսական ռմբակոծիչի վայր գցելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համարել էր պաշտպանություն «Իսլամական պետությանը», քանի որ նրանցից Թուրքիան էժան նավթ էր ձեռք բերում: Էրդողանը հիմարացրել էր Արեւմուտքին խնդրելով վերջինից հանդուրժող լինել Սիրիայում եւ Իրաքում քրդական թիրախներ հարվածելու իր արարքների նկատմամբ: Եվ հիմա ռուսական կործանիչի միջադեպի առթիվ, ՆԱՏՕ-ի իր դաշնակիցները շտապում են պաշտպանել նրան: Այնպես է ստացվումՙ կարծես ոչ թե շունն է խաղացնում իր պոչը, այլ պոչըՙ շանը: Արտաքին քաղաքականության այս արկածների մեջ խրվելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծում իր երկրում: Թուրքիայում ծվարած բոլոր ահաբեկչական բջիջները ի վերջո հասունանալու են եւ իր դեմ են դուրս գալու, որովհետեւ նրանք չեն համարում, որ Էրդողանը բավականաչափ արմատական դիրքորոշում ունի իսլամի նկատմամբ եւ կարող է գործի դնել ծայրահեղական արարքներ: Երբ Օսամա Բեն Լադենը խորհրդային ՄԻԳ ռմբակոծիչներին էր հարվածում Աֆղանստանում ամերիկյան կողմի մատակարարած «Ստինգր» հրթիռներով, ո՞ւմ մտքով կանցներ, որ նա Արեւմուտքի դեմ է դուրս գալու եւ հարվածելու է Համաշխարհային Առեւտրի կենտրոնը: Մարդասիրական ողբերգություն է տեղի ունենում Եվրոպայում, մինչ Սիրիայից փախած գաղթականները փորձում են հատել փշալարերը Հունգարիայի սահմանում եւ «Չենըլի» միջոցով եվրոպական մայրցամաքից անցնել Անգլիա: Շատ երկրներ որոշակի քվոտաներ են սահմանել ընդունելու նրանց: Ամենահյուրասերը կարծես Գերմանիան է: Հաջորդը Ֆրանսիան է, հակառակ քաղաքական սպառնալիքների հավանականությանը, որ նախագահ դառնալու ձգտումներ ունեցող ծայրահեղ աջակողմյան Մարին լը Պենն է հնչեցնում, փորձելով վառ պահել ժողովրդի մեջ օտարատյացության վախը, որը սաստկացել էր Փարիզում վերջին հարձակումներից հետո: Կանադան պատրաստվում է 25 հազար փախստականների ընդունել, մինչ նախագահ Օբամայի խոստումը ընդունելու 10 հազար հոգու, առաջացրել է կոնգրեսական շարժումՙ ընդդեմ նրան: Նախագահը երդվել է «վետոյի» իրավունքից օգտվել: Հարցումները ցույց են տվել, որ Ամերիկայի բնակչության 53-56 տոկոսը դեմ է մահմեդական փախստականներ ընդունելուն: «Ո՞ւմ են նման այս սիրիացի փախստականները» հարցին, մեկը պատասխանել էր. «Սթիվ Ջոբսի կենսաբանական հորը»: Հայտնի է, որ Ջոբսը սիրիացի փախստական է եղել: Պատկերացրեք, եթե Ալբերտ Էյնշտեյնը լիներ մեծ մասամբ հրեաներից բաղկացած 937 ուղեւորներից մեկը գերմանական «Սենտ Լուիս» շոգենավի վրա, որը չընդունվելով Մ. Նահանգների կողմից Մայամիի նավահանգստից ետ դեպի Եվրոպա ուղեւորվեց: Ուղեւորների մեկ չորրորդից ավելին հետագայում մահացան Ողջակիզման հետեւանքով: Նախագահ Ֆրենկ Ռուզվելտը կասկածելով, որ հրեա փախստականների շարքերում կարող են նացիստական լրտեսներ ներթափանցել երկիր, սահմանափակել էր նրանց մուտքը Մ. Նահանգներ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հրեա ներգաղթողները, որոնք ամենամեծ խումբն էին հավանաբար, փոխեցին Ամերիկայի դեմքը գիտական, մշակութային եւ փիլիսոփայական առումներով: Նրանք, որոշ իմաստով, Եվրոպայի լավագույն ավանդույթները փոխադրեցին Ամերիկա: Ռուզվելտի հակա-ներգաղթային վախը նաեւ տարածվեց երկրի ճապոնացի փոքրամասնության վրա: Իր հրամանով Արեւմտյան ափում ապրող 120 հազար ճապոնացի արմատներ ունեցող մարդիկ ձերբակալվեցին եւ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ առանց դատավարության բանտարկվեցին: Նրանց ուղարկեցին դաժան պայմանների տակ գործող ազատազրկման ճամբարներ: Իհարկե, հետագայում Մ. Նահանգների կառավարությունը ներողություն խնդրեց դրա համար եւ նյութական փոխհատուցում պարգեւեց տուժածներին: Այսօր էլ այդ վախը կա եւ արդարացված է, որ փախստականների շարքերում կասկածելի մարդիկ կներթափանցեն երկիր: Մոտավորապես 30 նահանգապետեր, հիմնականում հանրապետականներ, դեմ են արտահայտվել իրենց նահանգներում փախստականների ընդունմանը: Բայց ներգաղթի հարցերը դաշնային քաղաքականությամբ են կառավարվում, եւ ոչ թե նահանգային: Նախագահ Օբաման իր ելույթում նշեց. «Կան մարդիկ, որ ասում են, թե պետք է քրիստոնյաներին ընդունենք, բայց ոչ մահմեդականներին: Որոշ քաղաքական առաջնորդներ էլ առաջարկում են կրոնական թեստեր անցկացնել ընդունել-չընդունելու համար այս կամ այն փախստականին, այն դեպքում, որ իրենցից ոմանք սերում են այն ընտանիքներից, որոնք ժամանակին հանգրվանել են Մ. Նահանգներումՙ փախչելով քաղաքական հետապնդումներից: Նման արտահայտությունները ամոթալի են: Ամերիկյան արժեքներին խորթ են: Նման ձեւով մենք չենք կարող վարվել: Մենք չենք կարող կարեկցությունը համեմել կրոնական թեստերով»: Փախստականներն են հիմնադրել այս երկիրըՙ Ամերիկան, եւ երկիրը չի կարող դեմ գնալ իր գոյության իրավունքին, 10 հազար փասխտականները 350 միլիոն բնակչության օվկիանոսի մեջ ընդամենը մի քանի կաթիլ են կազմում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան կի Մունը քննադատելով սահմանային հսկողության ուժեղացումները կոչ արեց Եվրոպային փախստականների հարցին մոտենալ «կարեկցանքով, համերաշխության ոգով եւ պատասխանատվությունը կիսելով»: Հայաստանն իր հերթին այդ կարեկցանքը ցուցաբերել է հյուրընկալելով Սիրիայից 17 հազար փախստականների, դասվելով այդ բնագավառում 3-րդ երկիրը Եվրոպայում: «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան իր մի հոդվածում գրել է, որ «Հայաստանը ցույց է տալիս Եվրոպային, թե ինչպես կարելի է հյուրընկալել փախստականներին: Սիրիայից գաղթածների մեծ մասը, ճիշտ է, հայեր են, բայց կան նաեւ ասորիներ եւ եզդիներ, որոնք Հայաստանը իրենց տունն են համարում»: Օչոան իր հոդվածն ավարտում է հետեւյալ նախադասությամբ. «Հայաստանի մոտեցումը ներկա ճգնաժամին այս գովասանքի արժանի ավանդույթի անմիջական շարունակությունն է եւ ապացուցում է, որ Հայաստանը ամբողջովին եւ անժխտելիորեն մաս է կազմում եվրոհամայնքի արժեքների համակարգին»: Չնայած Հայաստանը բարձր է պահում եվրոպական արժեքները, Եվրոմիությունը չի ծրագրում պաշտպանել Հայաստան ապաստանած փախստականներին:(*) Փոխարենը 3.2 միլիարդ դոլար օժանդակություն է հատկացնում Թուրքիային, այնտեղ ապաստանած փախստականներին օգնելու համար: Մյուս կողմից, պետք է նշել նաեւ այն երկրների անունները, որոնք ահաբեկիչներին զինելով խժդժություններ առաջացրին Սիրիայում. Սաուդյան Արաբիա, Քուվեյթ, Քաթար եւ Բահրեյն, որոնք ոչ մի փախստական չեն ընդունել, չնայած իրենց արյունոտ արարքների հետեւանքով են այդ մարդիկ դարձել փախստականներ: «Հյումն Ռայթս Ուոչ» կազմակերպության Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով զբաղվող բաժնի փոխտնօրեն Նադիմ Հուրին այդ հարուստ երկրների նման վերաբերմունքը անվանել է «ամոթալի»: Այդ փախստականները իրենց կամքով չէ, որ բախում են Եվրոպայի եւ Ամերիկայի դռները: Նրանք ապրում էին բավականին լավՙ կայուն եւ կարելի է ասել բարգավաճ մի երկրում, մինչեւ որ Արեւմուտքը որոշեց, որ վարչակարգի փոփոխություն է անհրաժեշտ կատարել այնտեղ: Պատմությանս բարոյական խրատը հետեւյալն է. Մի՛ ռմբակոծիր եւ քայքայիր կայացած, ամուր երկրները եւ ապա ձեւացրու, որ բարեգործություն ես անում տուժածներին: Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ. *) Հայաստանը առաջին օրից մերժել է փախստականի կարգավիճակ տալ Սիրիայից եկածներին, որոնց մեծ մասը ազգությամբ հայ է. հայը չի կարող իր երկրում փախստական համարվել: Խմբ.: |