ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ «ՌԵՔՎԻԵՄԸ»ՙ ՀԻՇԵՑՄԱՆ ՀՈՐԴՈՐ ԵՎ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա Հեսսենի երկրամասի քաղաքներից մեկումՙ Մայնի Ֆրանկֆուրտին մերձակա Բադ Ֆիլբելում, հնչել է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»: «Եկեղեցին շատ կանուխ լցվեցՙ 17.30-ին արդեն դժվար էր լավ տեղ գտնել: Մարդկանց բազմությունը շրջանակել էր բարեկամական ժպիտով առանձնացող տարիքավոր մի մարդուՙ Տիգրան Մանսուրյանին, որի «Ռեքվիեմն» առաջին անգամ էր կատարվելու հիշյալ եկեղեցում», նոյեմբերի 26-ին Հայլսբերգի Սուրբ Հոգի եկեղեցում կայացած համերգի մասին իր տպավորություններն է փոխանցում տեղական թերթի թղթակիցը: Ըստ նրա, համերգային առաջին բաժնի ընդմիջումից հետո քաղաքապետ Թոմաս Շթյոհրն ինքնաբուխ ելույթով դիմել է ներկաներինՙ ընդգծելով, թե մեծ պատիվ է Մանսուրյանի ներկայությունը: Այնուհետ գովաբանելով համայնքի երաժշտական, կատարողական հաստատուն բարձր պրոֆեսիոնալիզմը, քաղաքապետն իր տպավորությունն է փոխանցելՙ երբեմն թվում էՙ եկեղեցական բեմը փոքր օպերային թատրոն է:Այնուհետ երաժիշտները կատարել են «Ռեքվիեմը»: «Առաջին իսկ հնչյունները հորդորում ենՙ երբեք չմոռանալ թուրքական կառավարության ծրագրած Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած միլիոնավոր զոհերին, ոգեկոչել նրանց հիշատակը: Երաժշտական այս ներդաշնակ հորդորն ունկնդրին հիշեցնում է, թե տեղահանության եւ փախուստի թեման որքան արդիական է հատկապես այս օրերին, գրում է գերմանական լրատունՙ հավելելով, թե ի հեճուկս հիշեցման հորդորը ներառած դրամատիզմի, քրիստոնեական խաղաղություն կա «Ռեքվիեմի» ներդաշնակ, հանդարտվող հնչյունների մեջ: Վերջին ձայնը երգչախմբինն է, եւ այն լի է օրհնությամբ, հետոՙ լռություն, մինչ որոտընդոստ ծափերը խզում են անդորրըՙ շնորհավորելով, մեծարելով երաժշտական երեկոյի բոլոր ստեղծարարներին: |