ԲԵԼԳԻԱՆ 2012 Թ.ԻՑ ԳԻՏԵՐ ՓԱՐԻԶՈՒՄ ԾՐԱԳՐՎՈՂ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ Պ. Ք. Բելգիայի պետանվտանգության ծառայությունը արդեն 2012 թվականին տեղյակ էր Փարիզում նախապատրաստվող 2015 թ. նոյեմբերյան ահաբեկչությունների մասին: Սակայն ահաբեկիչների խմբի անդամներին ոչ ոք չխանգարեց Բելգիայից մեկնել Սիրիա եւ վերադառնալ, ասվում է հատուկ ծառայության գրության մեջ, որը հրապարակվել է Laatste Niuws թերթում: Փաստաթղթում նաեւ ասվում է, որ Բրյուսելումՙ ներգաղթյալներով բնակեցված Մոլենբեկ շրջանի բնակարաններից մեկում ենթադրյալ ահաբեկչական խմբի անդամների գաղտնալսումից պարզվել է, որ խոսքը արեւմտյան ժողովրդավարության դեմ գրոհների ծրագրման մասին է: Ենթադրյալ ահաբեկիչները քննարկում էին նաեւ զենքի ու պայթուցիկի հայթայթման հարցը: Մոլենբեկյան բնակարանը պատկանում էր Մարոկկոյից ներգաղթած եւ Բելգիայի քաղաքացի դարձած Գելել Ալթարին, որը օրերս Կասաբլանկայում ձերբակալվեց փարիզյան ահաբեկչություններին մեղսակից լինելու կասկածանքով: Ավելի վաղ Ալթարը հայտնի էր որպես աջ ձեռքը Խալիդ Զերքանիի, որը հավանաբար հավաքագրել եւ Սիրիա էր գործուղել փարիզյան գրոհների երկու մասնակիցների: Նրանցից մեկը դրանց կազմակերպման գլխավոր կասկածյալներից էրՙ Աբելհամիդ Աբաուդը, որը վերջերս սպանվեց Փարիզի արվարձանում հատուկ գործողության ժամանակ: 2012 թ. Բրյուսելում նա մասնակցել էր հանցախմբի հավաքներին: 2015 թ. նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում յոթ ահաբեկիչներից վեցը իրենց պայթեցրին մահապարտի գոտիներով, կրակ բացեցին մի ռեստորանում, երեք պայթյուն կազմակերպեցին մարզադաշտի մոտ, որտեղ ներկա էր Ֆրանսիայի նախագահը: Բացի դրանից, պատանդառություն եւ սպանություններ եղան «Բատակլան» համերգասրահում: Սպանվեցին 130 եւ վիրավորվեցին առնվազն 350 անձինք: Նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարեց, որ ահաբեկչությունների կազմակերպիչը «Իսլամական պետությունն» է: |