ԻՆՉՈ՞Ւ ՀԵՆՑ ՄՈԼԴՈՎԱՆ ՀԱՄԵՄԱՏԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Կյանքից դժգոհելիս մեր հայրենակիցները իրենց իրավացիությունը հաստատելու համար համեմատություններ են անցկացնում, օրինակՙ Արեւմտյան Եվրոպայի երկրների հետ: «Բա գիտե՞ս Բելգիայում (Գերմանիայում, Անգլիայում եւ այլն) ինչքան փող են ստանում» շարքից դատողությունները կարծես թե որեւէ մեկի մոտ կասկած չեն առաջացնում: Իհարկե, ի պատասխան կարելի է բերել ավելի բարձր կենսամակարդակ ունեցող երկրների օրինակըՙ «Բա գիտե՞ս Սինգապուրում (Քաթարում, Հոնկոնգում եւ այլն) ինչքան են փող ստանում ու ոնց են ապրում» ասելով: Ընդհանրապես շատ բան կարելի է ասել, բայց համեմատություններ անցկացնելիս պետք է հասկանալ մի պարզ ճշմարտությունՙ չի կարելի միմյանց հետ համեմատել անհամադրելին: Մոլդովան անհամեմատ ավելի բարենպաստ աշխարհագրական եւ աշխարհաքաղաքական դիրքում է Չներկայացնենք, թե ինչ գործոնների շնորհիվ են այս կամ այն երկիրը կամ երկրները հասել տնտեսական զարգացման ավելի բարձր աստիճանի, կամ ընդհակառակըՙ մյուսները գտնվում վատ կամ ավելի վատ վիճակում: Հարկ է ընդամենը այդ ամենը հաշվի առնել համեմատություններ անցկացնելիս եւ միմյանց հետ համեմատել քաղաքական, տնտեսական եւ այլ առումներով նմանություններ ունեցող երկրներին, ապա նոր եզրակացություններ անել: Այս առումով Հայաստանի Հանրապետության հետ համադրելի կարող են լինել նախկին խորհրդային հանրապետությունները, ծայրահեղ դեպքումՙ Արեւլյան Եվրոպայի նախկին սոցիալիստական երկրները: Նախկին խորհրդային հանրապետություններից Հայաստանի հետ ամենահամադրելի երկիրը Մոլդովան է: Արդեն տեւական ժամանակ այդ երկրում դժգոհությունների ու բողոքի ցույցերի ալիքը լավ առիթ է համեմատություններ անցկացնելու այդ երկրի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ , մի կողմիցՙ օբյեկտիվ պատկերացում կազմելու համար, թե որքանո՞վ է մեր վիճակը լավ կամ վատ նրա համեմատ, մյուս կողմիցՙ թե ինչո՞վ են միմյանցից տարբերվում Մոլդովայում զանգվածային դժգոհությունները եւ մեր բողոքները: Մոլդովայի Հանրապետության մշտական բնակչությունը 2015-ի հունվարի 1-ի դրությամբ 3,5 մլն է, տարածքը 33,8 հազար քմ: Հայաստանի Հանրապետության մշտական բնակչությունըՙ գրեթե 3 մլն մարդ, տարածքը մոտ 30 հազար քմ: Մոլդովան ունի չկարգավորված հակամարտություն ՙ Մերձդնեստրյան Հանրապետությունը, որի տարածքը չի վերահսկում: Հայաստանի Հանրապետությունն ունի Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտություն: Չնայած երկու երկրները կոնֆլիկտի հակադիր կողմերում են գտնվում, բայց, ի տարբերություն Մոլդովայի, Հայաստանն այդ կոնֆլիկտի պատճառով ավելի քան 2 տասնամյակ շրջափակման է ենթարկված երկու հարեւաններիՙ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, կրելով մեծ վնասներ: Միեւնույն ժամանակ, մենք հարկադրված ենք պահել մեր երկրի համեմատ բավականին մեծ բանակ, անընդհատ այն սպառազինել նոր զինտեխնիկայով, կատարելով դրա համար ահռելի ռազմական ծախսեր : Մոլդովան սահմանակից է Ուկրաինային եւ ազգակից Ռումինիային: Թեեւ «ազգակից» բառն այստեղ կարելի է պայմանական անվանել, քանի որ մոլդովացիները գտնում են, որ իրենք նույն ռումինացիներն են: Այսինքն, այդ երկիրը ոչ միայն շրջափակված չէ, այլեւ ազատ ելք ունի դեպի Եվրոպա եւ այլուր, իսկ Մերձդնեստրյան հակամարտությունը նրանից չի պահանջում նույն ռազմական ծախսերն անել, ինչ ռազմատենչ հարեւաններով շրջափակված Հայաստանը: Ավելին, Մոլդովայի հարեւաններն էլ ունեն նույն աշխարհաքաղաքական կողմնորոշումը ՙ Ռումինիան ԵՄ անդամ է, Ուկրաինանՙ ԵՄ ասոցիացված: Մինչդեռ, Հայաստանի Հանրապետության հարեւան Վրաստանը ԵՄ ասոցիացված երկիր է, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ, Ադրբեջանը Թուրքիայի հետ միասինՙ ընդհանրապես թշնամական երկրներ են, Իրանըՙ չեզոք: Այսինքն, այս առումով նույնպես մեր երկիրն ավելի բարդ վիճակում է : Վերոնշյալից կարելի է եզրակացնել, որ Հայաստանի հետ ամենահամադրելի երկիրըՙ Մոլդովայի Հանրապետությունը, անհամեմատ ավելի բարենպաստ աշխարհագրական եւ աշխարհաքաղաքական դիրքում է եւ զարգացման ավելի բարենապաստ պայմաններ ունի, բայց ... Հայաստան եւ Մոլդովաՙ տնտեսական ցուցանիշների համեմատությունը Երկրի տնտեսական զարգացման եւ բարեկեցության առաջին ու հիմնական ցուցանիշը նրա տնտեսության ծավալն էՙ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) եւ դրա հետ կապվածՙ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն: Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի, 2015-ին, 186 երկրների մեջ, Մոլդովան 1 շնչին ընկնող 1740 դոլար ՀՆԱ ցուցանիշով 140-րդ տեղում է: Հայաստանում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն 3547 դոլար է եւ մենք 117-րդ տեղում ենք: Անշուշտ, վերոնշյալ ցուցանիշն ամենեւին էլ լավ չի կարելի համարել, սակայն փաստ է, որ Մոլդովայի համեմատ Հայաստանում կենսամակարդակը կրկնակի բարձր է : Մեկ այլ համադրելի երկրիՙ մեր հարեւան Վարստանի հետ էլ գրեթե նույն դիրքում ենք, միայն մեկ հորիզոնական ավելի բարձր է գտնվում դեպի ծով ելք ունեցող, Հայաստանի համար տարանցիկ փոխադրումներից օգտվող Վրաստանը: Սա իմիջիայլոց: Ինչ վերաբերում է համախառն ներքին արդյունքին, ապա Մոլդովայի ՀՆԱ-ն կազմել է 7,9 մլրդ դոլար, 2014-ին աճելով 4,6 տոկոսով: Սակայն, 2015-ի 11 ամիսների արդյունքով, այդ երկրի տնտեսական աճը ընդամենը 0,5 տոկոս է կազմել: Հայաստանի ՀՆԱ-ն 2014-ին դոլարային արտահայտությամբ կազմել է 11,5 մլրդ դոլար, աճելով 3,5 տոկոսով: 2015-ին Հայաստանի համախառն ներքին արդյունքը կազմել է, նախնական տվյալներովՙ մոտ 13 մլրդ դոլարՙ աճելով մոտ 3 տոկոսով: Մոլդովական դրամական միավորը ՙ լեյը, մեկ տարվա ընթացքում, 2014-2015-ին, արժեզրկվել է շուրջ 45 տոկոսով: 2014-ի նոյեմբերին 1 դոլարն արժեր 14 լեյ, 2015-ի նոյեմբերին արդենՙ 21 լեյ: Հայկական դրամը այդ նույն ընթացքում արժեզրկվել է 15 տոկոսով: Շարունակելով համադրությունները, անդրադառնանք բնակչության համար ամենազգայուն հարցերինՙ աշխատավարձին եւ գնաճին : Միջին աշխատավարձը Մոլդովայում 298 դոլար է, Հայաստանում 2015-ին միջին աշխատավարձը կազմել է 184 հազար դրամ կամ 385 դոլար: 2014-ին գնաճը Մոլդովայում կազմել է 5,1 տոկոս, բայց 2015-ի 11 ամսիներին արդեն 13,5 տոկոս: Հայաստանում 2014-ին գնաճը 3 տոկոս էր, 2015-ինՙ 3,7 տոկոս: Համադրենք երկու երկրների պետական բյուջեները : Մոլդովայի բյուջե 2015-ի եկամուտները մոտ 1,45 մլրդ դոլար, ծախսերըՙ մոտ 1,6 մլրդ դոլար էին: Ընդ որում, տարվա ընթացքում այդ երկիրը ստիպված եղավ կրճատել բյուջեի եկամուտներն ու ծախսերը: Հայաստանի պետական բյուջեի եկամուտները 2015-ին 2,4 մլրդ դոլար էին, ծախսերըՙ 2,7 մլրդ դոլար: Արտաքին պարտքի ցուցանիշով Մոլդովան ռիսկային երկիր է, քանի որ այն 2014-ին կազմել է երկրի ՀՆԱ-ի 82,5 տոկոսը: Հիշեցնենք, որ երկրի արտաքին պարտքը ռիսկային է համարվում, եթե գերազանցում է ՀՆԱ-ի 60 տոկոսը: Գումարային առումով Մոլդովայի արտաքին պարքտը կազմել է 6,2 մլրդ դոլար: Հայաստանի արտաքին պարտքը 2014-ին 3,8 մլրդ դոլար էրՙ այդ տարվա ՀՆԱ-ի մոտ 33 տոկոսը: Համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցի համաձայն, Մոլդովան տնտեսության մրցունակությամբ 82-րդն էր 2014-ին, 84-րդըՙ 2015-ին: Այս ցուցանիշով են ավելի մոտ միմյանց մեր երկրները, սակայն մի տարբերությամբՙ Հայաստանն տնտեսության մրցունակությամբ առաջընթաց է արձանագրելՙ 2014-ին 85-րդ տեղից 2015-ին բարձրանալով 82-րդ տեղ: «Եվրոպական դրախտին» Մոլդովան ոչ միայն չի մոտեցել, այլ հեռացել է Այժմ մոլդովացիների դժգոհությունների մասին: Ակնհայտ է, որ երկրի տնտեսական նման ցուցանիշները եւ դրանց վատթարացումը պետք է հանգեցնեին դժգոհությունների եւ քաղաքական ցնցումների: Ընդ որում, կարելի է պնդել, որ այդ դժգոհությունները ուղղորդված չեն արտերկրից: Սովորաբար, սոցիալական, կոռուպցիոն, բնապահպանական կամ այլ շարժառիթներն օգտագործելով, գունավոր հեղափոխություններն իրականացվում են ԱՄՆ-ի եւ ԵՄ անմիջական ղեկավարմամբ եւ ուղղորդմամբ: Սակայն ոչ Մոլդովայում, քանի որ 2013-ի նոյեմբերին այդ երկիրը ԵՄ հետ ասոցիացման պայմանագիր է ստորագրել, իսկ 2014-ից Մոլդովայի բնակիչները ԵՄ հետ առանց վիզայի տեղաշարժվելու հնարավորություն են ստացել: Հետեւաբար, արեւմտյան կողմնորոշում ունեցող երկրում իմաստ չունի նոր գունավոր կամ անգույն հեղափոխություն իրականացնել: Մյուս կողմից, դատելով հանրահավաքների տեսանյութերից, ցուցարարների մեծ մասը միջին եւ ավագ տարիքի մարդիկ են, որոնց վրա է ծանրացած սոցիալական բեռը եւ դժգոհությունների իրական պատճառը հենց սոցիալական վիճակն է: Մինչդեռ, գունավոր հեղափոխությունների կամ ուղղորդված բողոքի ցույցերի պարագայում գերակշռում են երիտասարդ ցուցարարները, որոնց ավյունի վրա խաղալը եւ որոնց ոտքի հանելը սոցիալական ցանցերի միջոցով բարդ բան չէՙ ինչը տեղի է ունենում Հայաստանում վերջին 1-2 տարվա ընթացքում: Այսինքն, Հայաստանում ցուցարարները հիմնականում երիտասարդներն են լինում, որոնց գերակշիռ մեծամասնությունը սոցիալական բեռ չի կրում եւ ցույցերին մասնակցելն էլ սոցիալական պատճառով չի լինում: Եվ ամենակարեւորըՙ ԵՄ ասոցիացման համաձայնագիրը ստորագրած եւ ԵՄ հետ առանց վիզաների տեղաշարժի հնարավորություն ունեցող երկրի տնտեսական վիճակի վատթարացումը եւ կենսամակարդակի կտրուկ անկումը լավագույն պատասախանն է Հայաստանիՙ ԵՏՄ անդամակցման դեմ վայնասուն բարձրացնողներին եւ ԵՄ հետ ասոցիացումը գովերգողներին: Արեւմտյան դրամաշնորհներով կերակրվողների տրամաբանությամբՙ Մոլդովան պետք է դրախտ դարձած լիներ, բայց իրականությունը տրամագծորեն հակառակն է : Անշուշտ, Հայաստանի հետ ամենամեծ նմանություններ ունեցող Մոլդովայում տնտեսական վիճակի վատթարացումը չի կարող մխիթարանք լինել Հայաստանում սոցիալական վատ կացության մեջ գտնվողի համար: Զարգացած երկրներում դժգոհություն ունեցողներն էլ սովորաբար չեն մտածում, որ կան երկրներ, որտեղ ավելի վատ են ապրում: Սակայն, զարգացած երկրները երկար ճանապարհ են անցել ներկայիս բարձր կենսամակարդակին հասնելու համար: Մենք օբյեկտիվորեն գտնվում ենք տնտեսական զարգացման ներկա փուլում եւ դեռ անցնելու ճանապարհ ունենքՙ ավելի կամ պակաս արագությամբ: |