ԱՄՆ: ՔՈՒԹՈՒՃՅԱՆՆ ԶԲԱՂՎՈՒՄ Է ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ Պատրաստեցՙ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ Որպես Միդլսեքս օկրուգի շերիֆ Փիթեր Քութուճյանը հավանաբար ամենահայտնի հայ հասարակական-քաղաքական գործիչն է Մասաչուսեթսում եւ կարեւոր դերակատարություն ունի ինչպես տեղական օրենքների կիրառման, այնպես էլ հայկական հարցերի քննարկման ոլորտներում: Վերջերս հարցազրույցի ժամանակ տված որոշ մանրամասներ գրի է առել «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի աշխատակից Արամ Արքունը: Ստորեւ թարգամանաբար հատվածներ նրա հոդվածից: Նրա աշխատանքի հիմքում ընկած է օկրուգի 12 շրջանային դատարանների կողմից կարճ ժամկետով կալանավորված անձնավորությունների հոգատարությունն ու վերահսկողությունը, ինչպես նաեւ նրանց վերապատրաստումը կրկին հանրային կյանք վերադառնալու: Յուրաքանչյուր խմբավորման մեջ, ըստ նրա, ընդգրկված են մոտավորապես 500-600 մարդիկ, որոնք ամենատարբեր պատճառներով (թմրադեղերի օգտագործում, գործազրկություն, մտավոր շեղումներ, կրթական ձախողումներ) հանցագործ են դարձել: «Մենք նրանց փողոցներից ենք վերցնում ապահովելու համար ե՛ւ իրենց կյանքը, եւ հասարակությունըՙ նրանցից: Մեզ մոտ ուշադիր քննում ենք նրանց հանցագործ դառնալու պատճառները եւ ուղիներ որոնում նրանց վերափոխելու եւ հասարակությանը պիտանի քաղաքացիներ դարձնելու համար», նշել է նա, ավելացնելով. «Ճիշտ է, արժանի պատիժ պետք է սահմանել, որովհետեւ կան, իրոք, չար, վատ մարդիկ, որոնք հնարավորինս երկար պետք է մնան բանտերում, բայց շատ ավելի մեծ աշխատանք պետք է տանենք այն մյուսների հետ, որոնք համեմատաբար մանր խուլիգաններ են: Ուղղիչ տների կամ կենտրոնների հարցը 180 աստիճանով փոխվել է 1980-ական թվերի համեմատությամբ: Միայն բանտարկելով մարդկանց մենք չենք կարող նվազեցնել հանցագործությունների քանակը: Հասարակության մեջ մարդկանց հետ գործ ունենալը շատ ավելի հեշտ է, եւ նվազ ծախսատար, քան նրանց բանտում պահելը եւ յուրաքանչյուրի համար 50 հազար դոլար ծախսելը: Մեր բանտարկյալների մեկ երրորդը մտավոր շեղումներ ունի, 80-90 տոկոսը, իրենց իսկ խոստովանությամբ, թմրադեղերից կախվածություն ունի: Շաբաթական 40-50 մարդու ենք փորձում բուժել այդ կախվածությունից: Այդ հարցում մեզ շատ անգամ օգնում է «AdCare» հիվանդանոցային բուժման կազմակերպությունը: Օգտագործում ենք տարբեր մեթոդներ ու ծրագրեր, ինչպես օրինակ վերակրթելը, արհեստների ուսուցումը, ծնողական հոգատարությունը: Այս բոլորն, անշուշտ, բժշկական ծառայություններից բացի: Մեծ ուշադրություն ենք դարձնում նաեւ ինքնասպանությունների հարցին: Բարեբախտաբար ունենք արհեստավարժ աշխատողներ, որոնք հարգանքով են վերաբերվում հանցագործներին: Մենք նաեւ վերահսկողություն ենք սահմանել բժիշկների դուրս գրած թմրադեղատոմսերի նկատմամբ»: Լրագրողների այն հարցին, թե ինչ է մտածում նախագահ Օբամայի ատրճանակների վաճառքի օրենսդրական նախաձեռնության մասին, Քութուճյանն ասել է. «Օրենսդրական միջոցով կատարյալ անվտանգություն հնարավոր չէ ակնկալել, բայց այդ քայլը դրական եմ համարում»: |