ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԴԱՏԱԽԱԶԻ ՈՐՈՇՄԱՄԲ ՎԵՐԱՔՆՆՎԵԼՈՒ Է ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ ԳԻՐՔ ՀՐԱՏԱՐԱԿԱԾ ՀՐԱՉ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԴԵՄ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՔՆՆՉԱԿԱՆ ԲԱԺՆՈՒՄ ՀԱՐՈՒՑՎԱԾ, ԱՊԱՙ ԿԱՍԵՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄԸ ԱՐՏՅՈՒՇ ԽԱՆՋՅԱՆ, Հայկական պանթեոններ ուսումնասիրող, Պանթեոնների մասին ՀՀ օրենքի նախագծի հեղինակ, E-mail: artkhanj@yandex.ru Հանրությանն արդեն տեղեկացրել եմ («Ազգ» 4 սեպտեմբերի 2015 թ. եւ «Lragir.am» 12 սեպտեմբերի 2015 թ.), որ 2015 թ. Հրաչ Հովհաննիսյանի հրատարակած «Նրանց վերջին հանգրվանը» վերնագրով գրքի մեծ մասը սեղմագրված է իմ «Երեւանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն» գրքից (էլեկտրոնային տարբերակից)։ Առանց օգտված աղբյուրները նշելու, տեքստից բացի նա օգտագործել է պանթեոնի մահարձաններից յոթի իմ կատարած լուսանկարներն ու կրկնօրինակել դիմանկարներից 22-ը։ Անցած հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, հետաքննություն իրականացվեց նախՙ Երեւանի Էրեբունու, ապա Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժիններում եւ արդյունքում Հրաչ Հովհաննիսյանի դեմ հարուցվեց քրեական գործ։ Առերես հարցաքննության ժամանակ Հրաչ Հովհաննիսյանն ասաց, որ իր կազմած գրքի նյութերը վերցրել է համացանցից, իմ գրքին եւ սկավառակին ծանոթ չէ, հեղինակային իրավունքի դրույթներին էլ վերջերս է ծանոթացել եւ ոչ իր կազմած գիրքը եւ ոչ էլ իմըՙ որին դեռ ծանոթ չէ, հեղինակային իրավունքի առարկա չեն կարող լինել եւ հրաժարվեց ընդունել իմ առաջադրած պայմաննՙ իր գրքից կտրել հանել այն ամենն, ինչ վերցված է իմ աշխատանքներից։ Ավագ քննիչ Ա. Գեղամյանը Հրաչ Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործը կասեցնելու մասին որոշում ընդունեց, գրավոր հիմնավորումներում, հիմնականում, կրկնելով առերեսման ժամանակ Հրաչ Հովհաննիսյանի արտահայտած մտքերը։ Քննիչ Ա. Գեղամյանն իր ձեւակերպումներով հավասարության նշան դրեց համացանցից պատրաստի նյութերը վերցնելով գիրք «սարքողի» եւ բազմամյա տքնաջան աշխատանքով, ինքնուրույն ուսումնասիրություններ կատարած, այլ հեղինակների գործերին բարեխղճորեն եւ պատշաճ ձեւով հղումները նշող հեղինակի միջեւ։ Այլոց աշխատանքներից անբարեխղճորեն օգտվողին, ուրիշի աշխատանքը հեշտությամբ յուրացնողին ազատում էր պատասխանատվությունից եւ ապօրինաբար իմ նյութերը պատրաստի վերցնելով եւ օգտված աղբյուրների մասին ոչ մի տեղ իր գրքում նշում չկատարողին տրվում էր ինքնուրույն ստեղծագործողի որակավորում։ Փաստորեն քննիչ Ա. Գեղամյանը Հրաչ Հովհաննիսյանին շնորհեց հեղինակային իրավունքՙ ինչից վերջինս առերես հարցաքննության ժամանակ հրաժարվում էր… *** Ավագ քննիչ Ա. Գեղամյանն իր ձեւակերպումների մեջ օգտագործելով «առկա նյութերի հիման վրա» բառակապակցությունը, նսեմացնում է մայրաքաղաքի բոլոր պանթեոններում իմ կատարած ինքնուրույն ուսումնասիրությունները, որոնք ներկայացրել եմ գրքի սկզբում «Պանթեոնները հայ իրականության մեջ» վերնագրով։ Գրքի յուրաքանչյուր գլուխ կազմված է ենթաբաժիններից։ Դրանց մեծ մասը ստեղծվել են իմ ուսումնասիրություններով եւ առաջին անգամ համակարգված ներկայացվել են իմ գրքում։ Այդ ամբողջությունը միասին իրավաբանորեն կոչվում է հեղինակային աշխատանքՙ «ստեղծագործություն»։ Այստեղ նշեմ նաեւ, որ «ստեղծագործություն» հասկացությունը պետք չէ նույնացնել գյուտի կամ հայտնագործության հետ։ Այսօր էլ Պանթեոնից վատատեղյակ որոշ մարդիկ խոսում են, որ Պանթեոնում նաեւ պատահական մարդիկ կան հուղարկավորված, ինչը նսեմացնում ու վարկաբեկում է մեր համազգային Պանթեոնը։ Պատճառն այն էր, որ 1930-ականնների սկզբին հուղարկավորվածներից մի քանիսի մասին նույնիսկ Հայկական հանրագիտարաններում տեղեկատվություն չկար։ Առանձին ուսումնասիրություններ կատարեցի եւ ցույց տվեցի, որ այնտեղ պատահական մարդիկ երբեք չեն հուղարկավորվել եւ բոլորը մեր ժողովրդին նվիրումով ծառայած անձնավորություններ են։ Գրքում նրանց կյանքին ու գործունեությանն ավելի շատ տեղ հատկացնելուս նպատակն այդ էր։ Ի մի բերելով, 1930-1961 թթ. հուղարկավորումների արարողությունները, Պանթեոնի մերձակայքում բնակվողների հետ հարցազրույցներս, ինքնուրույն, կազմեցի 80-ամյա տարեգրություն ունեցող Պանթեոնի պատմությունը, որն առաջին անգամ հրապարակվեց 2004 թ. լույս տեսած իմ գրքում (մասնավորապես տես նաեւ Lragir.am 12.03.2015 թ., «Զբոսայգին Կոմիտասի անունով է, իսկ պանթեոնըՙ ոչ ոքի»)։ Իմ գրքին արդեն ծանոթ ընթերցողների համար ավելորդ էին վերեւում նշածս մանրամասները, որի համար հայցում եմ նրանց ներողամտությունը։ Պարզապես ուզում էի պատասխանել քննիչ Ա. Գեղամյանի տված անհիմն ու իմ կատարած աշխատանքը նսեմացնող որակավորումներին։ Իմ գիրքը վաղուց այդ բնագավառի ճանաչված մասնագետների դրական գնահատականին է արժանացել եւ հոդվածս չծանրաբեռնելու նպատակով ավելորդ է թվարկել մամուլում տրված բազմաթիվ հաղորդումները, բարեխղճորեն հղումներ կատած օգտվողներին (նրանց թվում կան նաեւ արվեստագիտության եւ պատմագիտության դոկտորներ) եւ այլն։ 1960-ականների կեսերից Պանթեոնի մասին գիրք գրելու երազանք ունեցած Հրաչ Հովհաննիսյանը պետք է սկսեր գրադարաններ այցելելով։ Պանթեոնների թեմային պետք է մեծ ակնածանքով ու պատասխանատվությամբ մոտենալ։ Այն պարապ վախտի մարզասրահ չէ եւ ոչ էլ որբի գլուխՙ սկսնակ վարսավիրների համար... Իսկ ինչո՞ւ մյուս պանթեոնների մասին համացանցում ոչինչ չկա։ Թող մեկը հրապարակի թեկուզ հուղարկավորվածների ցուցակը։ Ո՞վ է անելու։ Սպասում են... որ հետո բլբուլ կտրեն.. *** Հրաչ Հովհաննիսյանը համացանցից ազատ օգտվելու իր իրավուքը թմբկահարելով երիտասարդ քննիչներին «շփոթմունքի մեջ է գցում»։ Զարմանալի է, թե ինչո՞ւ այդ խոսքերից նրանց լեզուները կապ են ընկնում եւ ինչու՞ են բավարարվում նրա տված բացատրականներում կայքերի անուններ թվարկելով, փոխանակ պնդեն, որ դա պետք է արվեր իր կազմած գրքում։ Ազատ հանրագիտարան կամ ազատ կայք նշանակում է առանց հատուկ գրանցման, առանց վճարումների այդ կայքից օգտվելու, նյութերը ներբեռնելու իրավունք։ Եթե դրանք հանրությանը որեւէ ձեւով ներկայացվեն (հոդված, գիրք, զեկուցում, դասախոսություն) սկզբնաղբյուրին հղում կատարելը պարտադիր է։ Առանց օգտված աղբյուրները նշելու, դրանք հանրությանը ներկայացնողը համարվում է այլ հեղինակների իրավունքները խախտող կամ կարճՙ գրագող։ Այդ պիտակին չարժանանալու եւ օրենքի առաջ պատասխանատվություն չկրելու համար պետք է հարգել ուրիշների իրավունքներըՙ պատշաճ ձեւով նշել օգտված աղբյուրները։ Որտեղ իրավունք, այնտեղ էլ պարտականություն։ Միայն ի՛ր իրավունքները ճանաչող Հրաչ Հովհաննիսյանն իր պարտականություններից ոչ մեկը չի կատարել, իսկ ավագ քննիչ Ա. Գեղամյանը օրենքի այլ հոդված մատնանշելով, արդարացնումՙ հետեւաբար խրախուսում է ուրիշի աշխատանքներով եւ հեղինակի իրավունքները ոտնահարելով «գիրք սարքողին»։ Ավագ քննիչ Ա. Գեղամյանն իր որոշման մեջ ճիշտ չէր մեկնաբանել հեղինակային իրավունքի թիվ 25 հոդվածը, որը վերաբերում է հրապարակներում, այգիներում եւ այլ ազատ այցելության վայրերում տեղադրված հուշարձանների լուսանկարներն առանց հեղինակի թույլտվության հրապարակելուն կամ համացանցում տեղադրելուն։ Հիշեցնեմ,որ երկու տարի առաջ օրենքում կատարված այս վերջին փոփոխության մեջ օրենսդիրը «հեղինակ» ասելով ի նկատի ունի հուշարձանի հեղինակներին (քանդակագործ, ճարտարապետ) եւ ոչ թե լուսանկարի հեղինակին։ Մինչեւ այս փոփոխությունը որեւէ հուշարձանի լուսանկար հրապարակելիս պահանջվում էր ստանալ այդ հուշարձանի հեղինակների գրավոր թույլտվությունը։ Վերեւում նշված հոդված 25-ում հուշարձանների լուսանկարներն ազատ հրապարակելու իրավուքը պատկանում է լուսանկարը կատարողին, իսկ այլոց կատարած լուսանկարներն իրենց աշխատանքներում օգտագործելիս անհրաժեշտ է լուսանկարչի գրավոր թույլտվությունը, իսկ հրապարակելիսՙ պարտադիր է լուսանկարչի անվան պատշաճ ձեւով նշումը։ Քննիչ Ա. Գեղամյանը ճիշտ չի մեկնաբանում նաեւ նշված օրենքի 4-րդ հոդվածիՙ «տեխնիկական միջոցների օգնությամբ ստացված արդյունք» բառերը։ Այսինքն պատճենահանման զանազան սարքերի օգնությամբ լուսանկարների կրկնօրինակումը նա «շփոթում է» լուսանկարչի ստեղծագործական աշխատանքով բնօրինակ ստեղծելու հետ։ Պրոֆեսիոնալ լուսանկարչությունը նույնպես ստեղծագործական աշխատանք է եւ ոչ թե «տեխնիկական միջոցներով վերարտադրում», ինչպես իր որոշման մեջ այլ հոդված էր մատնանշել քննիչ Ա. Գեղամյանը։ Հուշարձանի տպավորիչ ու որակյալ լուսանկար ստանալու համար պետք են լուսանկարչի մասնագիտական հմտությունները, գիտելիքները եւ փորձը հուշարձանը լավագույն ձեւով ներկայացնելու համար։ Ցավոք վերջին տարիներին շատ գրքեր հրատարակվեցին անգրագետ ու անփույթ կատարված անորակ լուսանկարներովՙ դրանցով խայտառակելով ե՛ւ հուշարձանը, ե՛ւ նրա հեղինակ-քանդակագործին։ Հրաչ Հովհաննիսյանն իր կազմած գրքում մի քանի հեղինակի իրավունք է ոտնահարել. նախ չի նշել մահարձանների ու շիրմաքարերի հեղինակների անունները, ապա իմ կատարած լուսանկարներն առանց թույլտվության եւ լուսանկարի հեղինակի անունը նշելու դրանք հրապարակելով։ *** Լավ կլիներ քննիչ Ա. Գեղամյանին բացատրական ներկայացներ ոչ թե Հրաչ Հովհաննիսյանին գիրք գրելու «մտահղացումը տվող» նրա մտերիմը, այլ նրա թվարկած կայքերի ՙ Վիկիպեդիայի Հայաստանյան եւ այլն, ինչպես նաեւ «AV Production», «Hayazg», «Haymard», «info@anunner.com» պատասխանատուները, ովքեր իրենց կայքերում ապօրինաբար տեղադրելով իմ գրքերի նյութերը, հղում են կատարել «գլխավոր գրագող» Արա Նախշքարյանի «Պանթեոնի բնակիչներին»։ *** Վատ ավանդույթ է դարձել առանց գիրք բացելու, գրադարաններ այցելելու համացանցից այլոց աշխատանքները պատճենահանելով հոդվածներ, գիտական թեզեր գրելը, գրքեր հրատարակելը։ Այդ մարդիկ նույնիսկ տեքստերը մուտքագրելու եւ սրբագրելու հոգս չեն քաշում։ Միմյանցից արտագրելով, սկզբնաղբյուրներն աղավաղելով, վրիպակները կրկնելով ու բազմապատկելով «փչացած հեռախոսի» նման մեկմեկու փոխանցելով «աղբակույտ են կուտակում»։ Քսան տարի է գրադարաններում եւ արխիվներում նույն մարդկանց եմ հանդիպում։ Ստացվում է, որ մեզ մոտ մի 200 մարդ «սեւագործի» աշխատանքն է կատարումՙ նյութեր հավաքում, իսկ 200,000-ը միայն զբաղված է նրանց տարիներով պատրաստած նյութերն ապօրինաբար, մի քանի րոպեում, իրենց կայքերում տեղադրելով։ *** Վերջում նշեմ, որ իմ բողոքարկման դիմումը բավարարելու Երեւան քաղաքի դատախազի կայացրած անկողմնակալ որոշումն ինձ համար անսպասելի էր։ Եթե Գյումրու իրավապահները եւ Շիրակի մարզային դատախազը 2014 թ. նույնպիսի վերաբերմունք ցուցաբերած լինեին գյումրեցի բլոգեր Արա Նախշքարյանի խոշոր չափերի հասնող գրագողության դեմ ուղղված իմ դիմում-բողոքին, հնարավոր է, որ հերթական այս գործը չլիներ եւ խնայվեին շատերի ժամանակն ու նյարդերը եւ դրանք ծառայեին հանրօգուտ գործերի... |