«ԶԻԿԱ» ՏԵՆԴԸ ՃԱՆԱՉՎԵՑ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ Պ. Ք. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խոստովանել է, որ «Զիկա» տենդի արագորեն տարածվող վիրուսը համաշխարհային սպառնալիք է: Ըստ այդմ հայտարարված է արտակարգ դրություն: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԱՀԿ գլխավոր տնօրեն Մարգարետ Չենը: Նրա խոսքերով, իրավիճակը պահանջում է համակարգված միջազգային արձագանք: Ընդսմին պարտադիր չէ մտցնել ուղեւորությունների կամ առեւտրի սահմանափակումներ, ավելացրել է Չենը: Ռոյթեր գործակալությունը նշում է, որ ԱՀԿ-ն արտակարգ դրություն է հայտարարել անկախ փորձագետների հանձնախմբի խորհրդով: Ավելի վաղ միջազգային շրջանակներում քննադատություն էր հնչել պաշտոնական կառույցների վճռական արձագանքի բացակայության առնչությամբ: ԱՀԿ որոշումը կօգնի արագորեն հակազդել վիրուսին եւ առաջնահերթ կարգով ծավալել տվյալ խնդրին նվիրված գիտական հետազոտություններ: «Զիկա» վիրուսը առաջին անգամ հայտնաբերվել է 1947 թ. Ուգանդայում, բայց մինչեւ վերջերս համարվում էր մարդու համար անվտանգ: 2015 թ. վիրուսը Աֆրիկայից եւ Ասիայից հասավ Հարավային Ամերիկա եւ արագորեն տարածվեց այնտեղ: Վարակի աղբյուրը մոծակներն են: Համեմատաբար անվնաս համարված ախտահարույց միկրոօրգանիզմը վերջերս կապում են միկրոցեֆալիայի բազմաթիվ դեպքերի հետ: Դա ուղեղի եւ գանգի չափերի բնածին փոքրացումն է, որը հանգեցնում է մտավոր հետամնացության: Ներկայումս վիրուսն առկա է տարածաշրջանի 21 երկրներում եւ մանավանդ Բրազիլիայում: «Զիկան» վտանգավոր է առավելապես հղի կանանց եւ մինչեւ 2 տարեկան մանուկների համար: Վիրուսի տարածվածությունը վկայակոչելովՙ ԱՄՆ-ը առաջարկեց 2016 թ. օլիմպիադան չանցկացնել Բրազիլիայում: Վերջինիս վարչապետը ի պատասխան հայտարարեց, որ վիրուսը վտանգավոր է հղի կանանց եւ մանկիկների համար, որոնք տվյալ դեպքում կարող են չայցելել Բրազիլիա: «Զիկայով» վարակվելու դեպք արդեն բացահայտվել է նաեւ ԱՄՆ-ում: ԱՀԿ-ն նախազգուշացրել է, որ մոտ ժամանակներս վիրուսը կտարածվի Նոր աշխարհի բոլոր երկրներումՙ բացառությամբ Կանադայի եւ Չիլիի: ԱՀԿ կանխատեսումների համաձայն, Ամերիկա աշխարհամասում «Զիկա» վիրուսով կարող է հիվանդանալ 3-4 մլն մարդ: Կազմակերպությունը հատուկ բաժին է ստեղծել վիրուսի դեմ պայքարելու նպատակով: Վերջին անգամ արտակարգ դրության միջազգային ռեժիմ հայտարարվել էր ավելի քան 11 հազար կյանք խլած «Էբոլա» վիրուսի պատճառով: |