ԻՍԿ ՔՈՒՅՐ ՉԵ՞Ք ԴԱՌՆԱ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր վերջին բրիֆինգում հայտարարել է. «Մոսկվան չի անի որեւէ քայլ, որը կարող է վատացնել Մոսկվայի եւ Բաքվի հարաբերությունները»: Այսկերպ տիկին Զախարովան պատասխանել է լրագրողի հարցինՙ կապված ՌԴ Պետդումայում որոշ պատգամավորների բարձրացրած հարցի հետ: Հիշեցնենք, որ Պետդումայում որոշ կոմունիստ պատգամավորներ (ավելի ուշ նրանց միացել են պատգամավորներ «Արդար Ռուսաստան» կուսակցությունից) պահանջում են Մոսկվայից չեղյալ հայտարարել Թուրքիայի հետ 1921-ին կնքված բարեկամության պայմանագիրը: Թե ի՞նչ կապ ունի Թուրքիան լրիվ անկախ Ադրբեջանի Հանրապետության հետ, տիկին Զախարովան չի մանրամասնել, ինչպես նաեւ չի խոսել այն մասին, թե ե՞րբ է պատրաստվում Մոսկվան Բաքվին հայտարարել իրեն քույր քաղաք: Հաշվի առնելով, որ Հայաստանը Ռուսաստանի եղբայրն է, ապա հավասարակշռության համար, անհրաժեշտ է, որ Ադրբեջանն էլ Ռուսաստանին քույր հռչակվի: |