ԳԼԽԱՎՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է Հարցազրույց ՌՀՄ եւ ՀՀԿ նախագահ Արա Աբրահամյանի հետ* - Պարոն Աբրահամյան, 2015 թվականը բավական բարդ էր Ղարաբաղի հարցի կարգավորման համատեքստում եւ հայ-ադրբեջանական հարաբերություններում: Ի՞նչ եք մտածում տվյալ թեմայի առնչությամբ: - Ցավոք, վերջին երկու տարիներին Ղարաբաղի հարցի քաղաքական կարգավորումը բնութագրվում է առանձնահատուկ լարվածությամբ, լուծման փոխզիջողական տարբերակի նկատմամբ հակամարտ կողմերի դիրքորոշումների անհամատեղելիությամբ: Բաքուն, Երեւանը եւ Ստեփանակերտը տարբեր մոտեցումներ ունեն «փոխզիջում» հասկացության նկատմամբ: Կարծում եմՙ հայերի մոտեցումը ռացիոնալ է եւ տրամաբանական: Չի կարելի պահանջել, որ Ադրբեջանին վերադարձվեն իր իսկ սանձազերծած պատերազմի արդյունքը դարձած տարածքները, մանավանդՙ առանց միաժամանակ որոշելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, քննարկելու բոլոր (ադրբեջանցի եւ հայ) փախստականների, նախկին Շահումյանի շրջանի վերադարձման եւ Քարվաճառի ու Լաչինի շրջանները ներառող հայկական ռազմավարական միջանցքը պահպանելու խնդիրները: Մեկ այլ մոտեցում կառաջացնի ռազմական լարվածության նոր սաստկացում եւ կարող է կրկին հանգեցնել էթնիկական զտումների: Ուժերի շփման գծում ռազմական լարվածության պահպանումը նկատի ունենալովՙ միջազգային միջնորդները վերջին ամիսներին հանդես եկան զինադադարի փաստերի հետաքննության նպատակով այստեղ վերահսկման տեխնիկական միջոցները տեղաբաշխելու խելամիտ առաջարկություններով: - Հայաստանի զարգացման կարեւոր թեմա է կոռուպցիայի խնդիրը: Հայաստանում շատերը մեծ հույսեր էին կապում ԵԱՏՄ-ին անդամակցելու հետ: Սակայն 2015 թ. ցուցանիշները անմխիթարական էին Հայաստանի համար: Ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ: - Ես հայ-ռուսական ռազմավարական դաշինքի եւ մասնավորապես տնտեսական կապերի ջատագովներից եմ: ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցելը անմիանշանակ արձագանքներ առաջացրեց Հայաստանում եւ արտերկրում: Բանն այն է, որ մինչ այդ նախապատրաստված ԵՄ-ի հետ ասոցիատիվ համաձայնության նախագիծը Հայաստանի համար ձեռնտու չեղավ Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական դաշինքի պատճառով, եւ նման մոտեցման պատասխանատվությունը ընկած է ոչ այնքան Երեւանի, որքան Բրյուսելի վրա: Հենց տվյալ հանգամանքը ՀՀ նախագահին ստիպեց համապատասխան որոշում ընդունել հօգուտ Մոսկվայի: Հայաստանի համար էներգետիկայի, կապիտալի, ապրանքների եւ աշխատուժի ազատ տեղաշարժի, ինչպես նաեւ լեզվական տարածքի հարցերում ՌԴ տնտեսական շուկայի առավելությունները միանգամայն ակնհայտ են: Ռուսաստանը նաեւ գլխավոր արտաքին ներդրողն է: Էլ չեմ խոսում անշարժ կայքի նշանակալի օբյեկտների եւ տնտեսվարող սուբյեկտների մասին, որոնք ՀՀ իշխանությունների որոշմամբ դարձել են ՌԴ սեփականությունը: Ցավոք, Արեւմուտքի ձեռնարկած հակառուսական պատժամիջոցները, ռուբլու արժեզրկումը, նաթվի համաշխարհային գների անկումը, սոցիալ-տնտեսական լուրջ ճգնաժամը եւ աշխատատեղերի կրճատումը ազդեցին նաեւ Հայաստանի վրա: Դրա հետեւանքները դարձան երկկողմ առեւտրաշրջանառության, ռուսական ներդրումների, դրամական փոխանցումների կրճատումը, աշխատանքային միգրանտների արտահոսքը: Վստահ եմ, որ այս իրավիճակը ժամանակավոր բնույթ է կրում: Ներկայիս բարդ պայմաններում ՌԴ իշխանությունները եւ խոշոր գործարարները հատուկ ուշադրություն են դարձնում Հայաստանի խնդիրներին: Վերջին ամիսներին ես քանիցս Հայաստան եմ եկել ռուսաստանյան ներկայացուցչական պատվիրակությունների կազմում: Երեւանում մեր գործընկերների հետ քննարկել ենք նոր աշխատատեղերի բացման, նոր ներդրումների եւ արդիական տեխնոլոգիաների հետ կապված հարցեր: Միեւնույն ժամանակ մենք ուսումնասիրում ենք եվրասիական տնտեսական ինտեգրման նոր հնարավորությունները եւ գործընկերության չբացահայտված ներուժը: Մեր նախաձեռնությամբ Հայաստանում շուտով կստեղծվի ԵԱՏՄ Տեղեկատվական կենտրոն, նախատեսվում է 2016 թ. հունիսի 22-26-ը Երեւանում միջազգային եվրասիական տնտեսական խոշոր համաժողով անցկացնել ԵԱՏՄ երկրների բիզնեսի ներկայացուցիչների եւ օտարերկրացի այլ շահագրգիռ գործընկերների մասնակցությամբ: Արեւմուտքի հակառուսական պատժամիջոցները եւ ՌԴ պատասխան միջոցառումները Հայաստանի համար օբյեկտիվորեն ստեղծում են ՌԴ շուկայում ազատված տարածքները լցնելու հնարավորություն: Տվյալ դեպքում դա գյուղմթերքներն են եւ բարձր տեխնոլոգիաները: Այդ նպատակով անհրաժեշտ է բարձրացնել արտադրողականության եւ աշխատանքային կարգապահության մակարդակը, պրոֆեսիոնալ կերպով կառուցել բիզնես-նախագծերը եւ արտաքին համագործակցությունը, տնտեսության ոլորտում պետականորեն պաշտպանել ազգային շահերը: ՌԴ ներկայիս հակաթուրքական պատժամիջոցների պայմաններում հնարավոր է աշխուժացնել նաեւ հայկական շինարարական ընկերությունների գործունեությունը: - Ինչպե՞ս կարելի է Հայաստանում պայքարել կոռուպցիայի դեմ: - Կոռուպցիայի դեմ հետեւողական պայքարը տնտեսական եւ քաղաքական հաջողության պարտադիր պայմանն է: Աշխարհում կոռուպցիային արդյունավետորեն հակազդելու եւ այն նվազագույնի հասցնելու օրինակները շատ են: Հատկանշական է Սինգապուրի փորձը: Բոլոր դեպքերում անհրաժեշտ են կառավարող վարչակարգի քաղաքական կամքը, զարգացած քաղաքացիական հասարակությունը, քաղաքական ընտրությունների թափանցիկությունը, կուսակցական մրցակցությունը, հատուկ ծառայությունների արդյունավետ համակարգը, գործունակ իրավապահ եւ դատական մարմինները, կատարյալ օրենսդրությունը եւ օրենքի դիկտատուրան: Նաեւ անհրաժեշտ է համապատասխան տնտեսական ծրագիր: Հակակոռուպցիոն պայքարում պատիժը պետք է դարձնել անայլընտրանքային, բայցՙ ոչ դաժան, առանց երկարատեւ ազատազրկման եւ ամբողջական առգրավման: Յուրաքանչյուր գիտակից քաղաքացու պետք է տնտեսական համաներման իրավունք տանք հետագա գործունեության կանոնները փոխելու, ապօրինաբար յուրացրած միջոցներն ու օբյեկտները պետությանը վերադարձնելու պայմանով: Բոլոր նման դեպքերում անհրաժեշտ է կազմակերպել կալանված գույքի սեփականաշնորհմանն ուղղված թափանցիկ տենդերներ: - Նկատի ունենալով ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունը, ի՞նչ եք մտածում օտարերկրյա ուրիշ գործընկերների հետ Հայաստանի հարաբերությունների մասին: - Պետության արդյունավետ տնտեսական քաղաքականությունը պետք է նախատեսի բազմապլան արտաքին տնտեսական գործընկերություն: ԵԱՏՄ-ին անդամակցելը բնավ չպետք է խոչընդոտ դառնա ուրիշ արտաքին տնտեսական գործընկերների հետ թույլատրելի տնտեսական հարաբերությունների աշխուժացման ճանապարհին: Մասնավորապես Եվրոմիության հետ մոտ ժամանակներս կարող է ստորագրվել նոր իրողություններին հարմարեցված համաձայնագիր, որը կներառի համագործակցության քաղաքական, տնտեսական եւ ճյուղային հարցեր: Անկարելի է չզարգացնել առեւտրատնտեսական կապերը ԱՄՆ-ի հետ, որտեղ ավելի քան 1,5 մլն հայ է ապրում: Տարածաշրջանում Հայաստանի կարեւորագույն գործընկերներն են Իրանը եւ Վրաստանը, որոնց հետ կապված ենք վաղեմի բարեկամական կապերով, պահպանվում է փոխադարձ շահագրգռությունը տարանցման եւ այլ հարցերի նկատմամբ: Վերջապես, Հայաստանի համար արտաքին տնտեսական համագործակցության հեռանկարային ուղղություն կարող է եւ պետք է դառնան Չինաստանը եւ իր «Մետաքսի ճանապարհ» գերնախագիծը: Չինական կողմը արդեն դրսեւորում է համապատասխան հետաքրքրություն: Պետք է նշեմ, որ թե՛ Իրանը եւ թե՛ Չինաստանը համարվում են ԵԱՏՄ-ի հնարավոր բարեկամական գործընկերներ: - 2015 թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանում սահմաանադրական փոփոխությունների հանրաքվե կայացավ կառավարման խոհրդարանական մոդելի ձեւավորման նպատակով: Ի՞նչ կարծիքի եք այդ կարեւոր քաղաքական հարցի առթիվ: - Իմ նախորդ հրապարակային ելույթներում ես արդեն անդրադարձել եմ այժմ կառավարող ՀՀԿ-ի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների թեմային: Սահմանադրությունը դոգմա չէ. այն պետք է համապատասխանի երկրի եւ ժողովրդի հասարակական-քաղաքական կյանքի դինամիկային: Սակայն սահմանադրությունը պետության հիմնական օրենքն է, եւ չի կարելի այն փոխելՙ ելնելով անձանց մի փոքր խմբի քմահաճույքից կամ շահերից: Կարծում եմՙ իշխանության ներկայիս կիսանախագահական մոդելը բավականաչափ համապատասխանում է հանրապետության իրավիճակին եւ նման քաղաքական բարեփոխման հատուկ անհրժեշտություն, ըստ իս, չկար: Կարելի է արդյունավետորեն կառավարել ինչպես նախագահի, այնպես էլ վարչապետի բազկաթոռին նստած: Հարցը լոկ այն է, թե ով եւ ինչպես է կառավարում: Աշխարհում խոհրդարանական կառավարման մոդելը իրեն ադարացրել է Գերմանիայում, Իսրայելում, Կանադայում եւ այլուր: Սակայն Հայաստանի քաղաքական ուժերի երկյուղները կապված են ոչ թե իշխանության բուն մոդելի հետ, այլ այն հանգամանքի հետ, որ մեծամասնության կուսակցության (ձայների 50+1 %) առկայությունը կարող է մեզ վերադարձնել միակուսակցական կառավարման խորհդային մոդելի ժամանակները: Մինչդեռ քաղաքական տարբեր կուսակցություններ ներկայացնող եւ հասարակության քաղաքական կարծիքների բազմազանությունն արտահայտող խորհրդարանը թույլ է տալիս առավել համարժեք կերպով կառուցել հարաբերությունները գործադիր իշխանության հետ: Հաջորդ մտահոգությունը կապված է Արցախի հարցի եւ հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորվածության, Հայաստանում տիրող ռազմաքաղաքական բարդ իրավիճակի հետ: Դա սադրանքների եւ պատերազմի արտաքին լուրջ վտանգ է ստեղծում: Ըստ այդմ առանձնահատուկ կարեւորություն կունենա այն հարցը, թե ում կենթարկվեն ուժային գերատեսչությունների ղեկավարները: Նախագահական կառավարման պայմաններում ամեն ինչ պարզ էր, իսկ թե ինչ կլինի հիմաՙ դժվար է ասել: Իսրայելի պատմությունից գիտենք, որ որոշակի փուլում վարչապետը միաժամանակ գլխավորել է նաեւ ռազմական գերատեսչությունը (Դավիթ Բեն-Գուրիոն, Լեւի Էշկոլ, Մենախիմ Բեգին): Թե ինչ կլինի Հայաստանումՙ ցույց կտա ժամանակը: Վերջապես, խորհրդարանական մոդելը ենթադրում է բավարար թվով գաղափարապես կողմնորոշված կուսակցություններ եւ քաղաքական մրցակցության բարձր մշակույթ: Արդի Հայաստանում մենք չենք կարող պարծենալ կուսակցական շինարարության նման ձեռքբերումներով (բացառությամբ թերեւս ՀՅԴ-ի, որը նույնպես լուրջ նորացման եւ արդիականացման կարիք ունի) եւ ժողովրդավարական մշակույթով: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, շարքային քաղաքացուն առնվազն տարօրինակ է թվում բուն նախաձեռնության ժամանակը. չէ՞ որ կառավարման խորհրդարանական մոդելի առավելությունները կարելի էր ըմբռնել կուսակցական առաջնորդի նախագահության ոչ թե երկրորդ, այլ առաջին ժամկետի վերջումՙ 2013 թվականին: Չէի ուզենա ՀՀԿ-ի այդ ուշացած որոշումը իշխանությունն ամեն կերպ երկարաձգելու ցանկություն համարելՙ առանց համապատասխան արդյունքների եւ հասարակության կարծիքի: Այդուհանդերձ Հայաստանում հանրաքվեն կայացավ, եւ ժողովուրդը կատարեց իր ընտրությունը: Մենք պարտավոր ենք խստիվ հետեւել օրենսդրական փոփոխություններին եւ ելնել քաղաքական նոր իրողություններից: Ես վճռականապես դեմ եմ իշխանափոխության ամեն տեսակ ուժային եւ անօրինական մեթոդներին: - Վերջին ամիսներին Հայաստանի ներքաղաքական կյանքը նոր արտահայտություն է ստացելՙ նկատի ունենալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու Ձեր հայտարարությունն ու ցանկությունը: Ձեր տվյալ որոշումը որքանո՞վ է ուղեկցվել հետագա քայլերով, քաղաքական ո՞ր ուժերի եւ կուսակցությունների հետ կկարողանայիք համագործակցել: - Իրոք, 2015 թ. աշնանը ես ցանկություն հայտնեցի մասնակցել Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, հաշվի առնելով իմ ՀՀ քաղաքացիությունը եւ որ գլխավորն էՙ մտահոգությունը Հայրենիքիս ճակատագրով: Դժվար է հարուստ հայ լինելըՙ գիտակցելով հեռու մնալ Հայաստանի ցավոտ խնդիրներից: Խոշոր գործարարության եւ հասարակական-քաղաքական գործունեության մեջ որոշակի արդյունքների հասնելով, ձեռնարկչական եւ միջազգային աշխատանքի համապատասխան փորձ, ազդեցիկ կապեր եւ հնարավորություններ ձեռք բերելովՙ ես մնում եմ համոզված, որ կկարողանամ Հայրենիքիս օգտակար լինել որպես քաղաքական գործիչ: Սակայն նախքան վերջնական որոշման ընդունումը ես ուշադրությամբ ուսումնասիրում եմ Հայաստանի ներկա իրավիճակը, հասարակության մեջ քաղաքական ուժերի դասավորությունը եւ իմ հնարավորությունները, վերջին շրջանի իմ այն նախաձեռնությունների արդյունավետությունը, որոնք կապված են «Ազգային միասնություն» հասարակական շարժման կազմկոմիտեի ստեղծման եւ Հայաստանի շրջաններում դրա տարածաշրջանային բաժանմունքների բացման, տնտեսական եւ տեղեկատվական բնույթի եվրասիական նախագծերի, Ռուսաստանի եւ ԵԱՏՄ մյուս երկրների հետ արտաքին տնտեսական գոծընկերության ծավալների եւ ուղղությունների կոնկրետացման հետ: Տվյալ աշխատանքի արդյունքների հիման վրա 2016 թվականին մենք կընդունենք վերջնական որոշում: Ո՞ր քաղաքական ուժի հետ եմ հույսեր կապում: Ինձ համար գլխավոր քաղաքական ուժը հայ ժողովուրդն է, Հայաստանի քաղաքացիները: Եթե իմ նախընտրական ծրագիրը լինի նրանց սրտամոտ ու հասկանալի, ապա, վստահ եմ, որ հաջողության կհասնեմ: 2015 թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեից հետո սահմանադրական փոփոխությունների արդյունքում նոր ընտրական օրենսդրությունը կբացառի առաջադրման եւ ընտրությունների մեծամասնական համակարգը: Մնում է միայն կուսակցական ցուցակը: Կուսակցական շինարարության եւ (կամ) համագործակցության առնչությամբ դեռ վաղ է ինչ-որ բան հաստատ ասելու համար: Նոր քաղաքական կուսակցության ստեղծումը կլիներ առավել նպատակահարմար լուծում: Պահպանվում է քաղաքական դաշինքի հնարավորությունը գործող որոշ կուսակցությունների հետ, որոնց մոտեցումները համահունչ կլինեն մեր գաղափարներին: Ես պատրաստ եմ համագործակցել հայ հասարակության բոլոր առողջ ուժերի հետ, Հայաստանի եւ Սփյուռքի քաղաքական բոլոր այն կառույցների հետ, որոնք մտահոգ են Հայրենիքի վիճակով եւ մտադիր են իրենց ավանդը ներդնել դրա բարելավման մեջ: Խորհրդարանական ընտրություններին մեր մասնակցությունը որակապես նոր իրավիճակ կստեղծի Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններում: Մենք հաճախ ենք խոսում տնտեսության ոլորտում դրանց արդիականացման մասին, բայց առանց քաղաքական համագործակցության դժվար է հաջողություն ակնկալել տնտեսական եւ այլ ոլորտներում: * Տպագրվում է կրճատումներով: Հարցազրույցի ամբողջությունը հայերեն առանձին թարգմանությամբ հրապարակվել է Vesti.am կայքում։ Ռուս. թարգմ. Պ. Ք. |