251-ՐԴ ՀՂԻՆ Հ. ԱՖՅԱՆ Հղի կնոջ ասածն օրենք է: Ճիշտ է, ոչ բոլորի համար, եւ եթե անգամ բոլորի, ապա ոչ միշտ, բայց օրենք է: Օրինակ, երբ հղի կինը խնձոր է ուզում, ահա, խնդրեմ խնձորը, եթե ձմռանը լոլիկ է ուզում, ահա, խնդրեմ լոլիկը... Մի խոսքով: Հետեւաբար 250 հղի կանանց ասածը ավելին քան օրենք պետք է լինի, մանավանդ երբ նրանք ուզում են միեւնույն բանը, տվյալ պարագայում այն, որ Շենգավիթ բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի նկատմամբ դատախազությունը դադարեցնի քրեական հետապնդումը: Հիշեցնեմ, որ տիկին Բախշյանը մեղադրվում է ծննդկան Մերի Մարգարյանի գործով. ըստ նախաքննությանՙ վերջինիս մահվան պատճառը եղել է բժշկուհու աշխատանքային անփութությունը: Երբ հաստատվեցին այս լուրերը եւ դատախազությունը քրեական գործ բացեց, հայտնի դարձավ, որ բժշկուհի Բախշյանը մեկնել է կարճատեւ արձակուրդիՙ Հայաստանից դուրս, եւ վերադառնալուն պես նրան ձերբակալեցին, ավելի ուշ նա գրավի դիմաց ազատ արձակվեց: Դատարանը նման որոշում կայացրեց հատկապես հաշվի առնելով, որ բժշկուհու տաքությունը չի իջնում 38-ից: Ի դեպ, մահացած ծննդկան Մերի Մարգարյանի տաքությունն էլ 38-ից չէր իջնում, ու չնայած այս հանգամանքին, բժշկուհի Բախշյանը նրան հիվանդանոցում չպառկեցրեց: Ինքը Բախշյանը մեկուսարանից գնաց հիվանդանոց, քանի որ տաքությունը 38 աստիճանից չէր իջնում: Հիմա իջել է, այդպես լինում է, երբ հիվանդը բժիշկների անմիջական հսկողության տակ է լինում եւ երբ բժիշկներն իրենց աշխատանքը անփութորեն չեն անում, այլՙ նվիրված: Հիմա արդեն Շենգավիթ բժշկական կենտրոն այցելող 250 հղի կանայք գրավոր պահանջում են դատախազությունիցՙ դադարեցնել Բախշյանի հանդեպ քրեական հետապնդումը: Ավելի ճիշտՙ «մեր սիրելի բժշկուհու հանդեպ»: Բախշյանի փաստաբան Սիրունյանն այս գրությունը սիրով տարածում է եւ լավ է անում, քանի որ իր գործը հրաշալի է անում, ի տարբերություն մեր որոշ բժիշկների: Հասկանալի է, որ սոցցանցերում այս առումով մեծ ընդվզում է, քանի որ մարդիկ պահանջում են չլսել 250 հղիներին, կամՙ իբր 250 հղիների, կամ 250 իբր հղիներին եւ դատապարտել բժշուհունՙ ընդհուպ զրկվելով վերջինիս իր բժշկական լիցենզիայից: Առողջապահության նախարարությունն այս կապակցությամբ հայտարարել է. «Բժշկին, որի ձեռքերում բազմաթիվ կյանքեր են փրկվել, չի կարելի ֆեյսբուքյան դատաստանի ենթարկել»: Այսինքն առողջապահության նախարարությունը պահանջում է դադարեցնել բժշկուհի Բախշյանի հանդեպ ֆեյսբուքյան հետապնդումը, այսինքն առողջապահության նախարարությունը չգիտի, թե ինչ է սոցցանցը, այսինքն նախարարությունը կոչ է անում, եթե չասենքՙ պահանջում է, ուշադրություն դարձնել Բախշյանի ձեռքում ծնված կյանքերի, այլ ոչ թե կյանքից զրկվածի վրա... Ինքը Բախշյանն իրեն ուղղված մեղադրանքները չի ընդունում: Կայքերից մեկին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ այս պահին իրենց տանն է, որ ընդունում է բժիշկների նշանակած դեղերը, քանի որ դեռ լրիվ չի ապաքինվել: Ծննդկան Մերի Մարգարյանը բժիշկների նշանակած դեղերը չէր ընդունում, քանի որ բժիշկները նրան դեղեր չէին նշանակել, չնայած նա եւս լրիվ չէր ապաքինվել... Ի՞նչ պետք է անել ուրեմն: Պե՞տք է արդյոք դատախազությունը լսի 250 հղիների հորդորն ու դադարեցնի բժշկուհու հանդեպ քրեական հետապնդումը, պե՞տք է արդյոք սոցցանցը լսի առողջապահության նախարարությանն ու դադարեցնի բժշկուհու հանդեպ ֆեյսբուքյան հետապնդումը, պե՞տք է արդյոք շնորհակալ լինելՙ պարգեւած կյանքերի համար, իսկ պե՞տք է արդյոք պատասխանատվություն կրելՙ մահվան պատճառ լինելու համարՙ օրենքի ամբողջ խստությամբ... Ի վերջո ի՞նչ է օրենքը, այն ինչ գրված է թղթի վրա եւ բոլորի համար էլ պարտադի՞ր է, թե՞ այն, ինչ ուզում է կամ ասում է հղի կինը: Եթե առաջինը, ապա Շուշանիկ Բախշյանը պետք է դատվի, իսկ եթե երկրորդը, ապա Շուշանիկ Բախշյանը պետք է դատվի, քանի որ Մերի Մարգարյանը եւս հղի էրՙ 251-րդը... |