RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 12-02-2016



ԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2016-02-17 14:56:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1937, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 11

«ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԸ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ»

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Գիտաժողով Օքսֆորդ համալսարանում

Վերջին տարիներին, եւ մանավանդ «ՅՈՒՆԵՍԿՕ»ի կողմից վտանգված լեզուների շարքը դասվելուց հետո, արեւմտահայերենի ապագան լուրջ մտահոգության նյութ է դարձել սփյուռքում: Ըստ «Հորիզոն» շաբաթաթերթի, թեեւ կան որոշ նախաձեռնություններ, ինչպես Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հայկական բաժնի կողմից հովանավորված ծրագրերը, սակայն ներկա դարաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրադարձությունները ստիպում են, որ լեզուն սոսկ դասավանդելուց բացի, պահպանվի նաեւ ընդհանրապես արեւմտահայ մշակույթի կենսունակությունը, որն իր մեջ ներառում է այդ լեզվով մտածող, ստեղծագործող եւ հրատարակող մտավորականների մի նոր սերունդ:

Այս եւ հարակից այլ հարցերի շուրջ քննարկումներ են տեղի ունեցել այս տարվա հունվարի 21-ից 23-ն ընկած ժամանակահատվածում Օքսֆորդ համալսարանի հայագիտական ամբիոնի կազմակերպությամբ եւ Գալուստ Գյուբենկյան հիմնարկության նյութական աջակցությամբ:

Գիտաժողովը, որն ավելի գործնական եւ աշխատանքային բնույթ է կրել, քան գիտական եւ տեսական, ընթացել է հետեւյալ հինգ ծրագրերով.

(ա) Արեւմտահայերենի ներկա իրականությունը : Նիստը վարել է Օքսֆորդ համալսարանի արեւելագիտության բաժնի աշխատակից, սոցիոլոգ, գիտաժողովի կազմակերպիչ Հրաչ Չիլինգիրյանը: Երկու տարբեր աշխատանքային խմբերի քննարկումներին մասնակցել են պրոֆ. Անահիտ Տոնապետյանը (INALCO հիմնարկության մասնագետ, դասախոս), Ռազմիկ Փանոսյանը (տնօրեն Գ. Գյուլբենկյան հիմնարկության հայկական համայնքների բաժնի), Անի Կարմիրյանը (մասնագետ Գ. Գյուլբենկյան հիմնարկության հայկական համայնքների բաժնից), Խաչիկ Թէոլէոլյանը (Wesleyan համալսարանի պրոֆեսոր), Հակոբ Կյուլլուճյանը (գրաքննադատ, UCLA համալսարանի պրոֆեսոր) եւ Սագո Արյանը (գրող, «Արեւելք» կայքէջի խմբագիր):

(բ) Սփյուռքում արեւմտահայերենով մտածելու-ստեղծագործելու խնդիրներն ու մարտահրավերները : Նիստը վարել է Թեո Վան Լինդը (Օքսֆորդ համալսարանի Գ. Գյուլբենկյանի անվան ամբիոնի հայագիտության պրոֆեսոր, գիտաժողովի կազմակերպիչ): Քննարկումներին մասնակցել են Գրիգոր Պըլտյանը (գրող, գրաքննադատ, դասախոս), Գրիգոր Մոմճյանը (բանաստեղծ), Լոլա Գունտաքճյանը (բանաստեղծ), Քրիստիան Բատիկյանը (գրող), Մարկ Նշանյանը (գրաքննադատ, դասախոս), Անահիտ Սարգիսյանը (բանաստեղծ):

(գ) Կառույցների եւ միջոցների խնդիրները : Նիստը վարել է Ռազմիկ Փանոսյանը: Քննարկումներին մասնակցել են Գեւորգ Պարտաքճյանը (Միչիգանի Անն Արբոր համալսարանի հայ գրականության ամբիոնի վարիչ, դասախոս), Վարդան Մատթեւոսյանը (գրող, բանասեր), Գրիգոր Մոսկոֆյանը (Լոնդոնի հայագիտական ուսումնասիրությունների ծրագրի վարիչ) եւ Մարտիկ Չոլաքյանը (հայկական թվային գրականության վերլուծական ծրագրերի տնօրեն):

(դ) Արեւմտահայ հրատարակչության հարցեր : Նիստը վարել է Թոմ Սամուելյանը (Հայաստանի Ամերիկյան համալսարանի հասարակական գիտությունների բաժնի դեկան): Քննարկումներին մասնակցել են Ժիրայր Դանիելյանը (Մեծի Տանն Կիլիկիայի կաթողիկոսության հայագիտական կրթական գրասենյակի վարիչ, խմբագիր, մատենագետ), Արամ Մեհրաբյանը (հիմնադիր-հրատարակիչ «Սարգիս Խաչենց» մատենաշարի) եւ Մարտիկ Չոլաքյանը:

(ե) Արեւմտահայ մամուլի այսօրվա եւ վաղվա խնդիրները : Նիստը վարել է Խաչիկ Թէոլէոլյանը: Քննարկումներին մասնակցել են Վահագն Գարագաշյանը («Հորիզոն» շաբաթաթերթի խմբագիր, բանաստղեծ), Շահան Գանտահարյանը («Ազդակ» օրաթերթի խմբագիր), Սեւան Տեյիրմենճյանը («Ժամանակ» օրաթերթի խմբագիր) եւ Ժիրայր Չոլաքյանը («Նոր Յառաջ» օրաթերթի գործադիր տնօրեն):

Ներկա են եղել նաեւ Անուշ Թրվանցը («Ժամանակ» թերթի հայաստանյան թղթակից եւ «Արեւելքի» լուրերի խմբագիր) եւ Վալենտինա Քալցոլարին (Ժնեւի համալսարանի պրոֆեսոր):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 12-02-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ