ԿԼԻՆԻ՞ ԱՐԴՅՈՔ «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ» ՆԿԱՏՄԱՄԲ ՆՅՈՒՐՆԲԵՐԳ ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո անցած 70 տարիների ընթացքում մարդկությունը երբեք չէր առերեսվել մարդը - մարդու նկատմամբ դրսեւորած դաժանութան այնպիսի սահմռկեցնող փաստերի, ինչպիսին, ի տես աշխարհի, ահա 4 տարուց ավելի իրագործում են «ԻՊ»-ի ահաբեկիչները: Այս բարբարոսություններն իրենց հրեշավոր մտահղացման եւ իրագործման կերպերով, շատ փորձագետների կարծիքով, նույնիսկ գերազանցել են գերմանական նացիստների երբեմնի կատարած հանցագործությունները: Ապագա սերունդների դասագրքերում, կարծում եմ, Մերձավոր Արեւելքում տեղի ունեցած մերօրյա ժամանակագրությունը նկարագրելիս, «Իսլամական Պետություն» երեւույթն իր ածանցյալ բոլոր խմբավորումներով կարող է իրավամբ բնութագրվել որպես 21-րդ դարի «ժանտախտ», ինչպես երբեւէ ֆաշիզմն է անվանվել: Սերունդները պետք է իմանան որ, ի թիվս այլ անմարդկայնությունների, «ԻՊ»-ի ահաբեկիչները ոչնչացրել են հազարամյակներով կանգուն մնացած մարդկային քաղաքակրթության եզակի հուշարձաններ: Ֆաշիզմի դեմ պայքարում, սակայն, եղել է որոշակիություն: Այն հնարավոր եղավ վերջնականապես ջախջախել եւ նրա պարագլուխներին միջազգային քրեական դատարանով պատժի ենթարկել, քանզիՙ կար ընդհանուր նպատակ եւ միակամություն հակաֆաշիստական կոալիցիայի մեջ ընդգրկված երկրների միջեւ: Այլ է պատկերն այժմ Մերձավոր Արեւելքում: Սիրիական ռազմադաշտում այսօր իսկական բաբելոնյան խառնաշփոթ է տիրում, քանզիՙ այս կոնֆլիկտի մեջ ներքաշված բոլոր երկրներն ունեն տարբեր խնդիրներ եւ հետամուտ են տարբեր շահերի, չունենալով թերեւս, ինչպես հին Բաբելոնում, միմյանց հասկանալու հարցում լեզվական խնդիրներ: Միամտություն կլիներ կարծել, որ «ԻՊ»-ի դեմ կիրառվող ռազմական փուլի ավարտից հետո իսլամական ահաբեկչությունը կվերանա այնպես, ինչպես վերացավՙ ֆաշիզմը: (Մի՞թե վերացավ:- Խմբ.): Աշխարհով մեկ բռնկվող ջիհադական ահաբեկչության դրսեւորումները անկանխատեսելի են եւ չեն վերանա «Նյուրնբերգով»: Սակայն նրանք, ովքեր ստեղծել, զինել, ֆինանսավորել եւ հանցավոր գործարքների մեջ են մտել «ԻՊ»-ի ահաբեկիչների հետ, աչք փակել նրանց կատարած գազանությունների նկատմամբ, նրանց անպայմանորեն պետք է հարվածի միջազգային քրեական օրենքի մտրակը, այլապեսՙ անպատժելիության մթնոլորտը կծնի էլ ավելի դաժան հանցագործություններ: Նորից եւ կրկին մատնանշենք քանիցս արտաբերված միտքըՙ որպես խարան ուղղված աշխարհի հզորների եւ արդարության ճակատին. եթե ժամանակին դատապարտվեր Հայոց ցեղասպանությունը, այսօր Թուրքիան այս աստիճանի լկտի չէր գործի: - Զարմանքով պետք է նշել, որ Երկրորդ աշխահամարտի ավարտից հետո աշխարհում իրագործվել է ընդամենը միջազգային երեք քրեական դատավճիռ կապված պատերազմական հանցագործությունների եւ ցեղասպանության հետ: - Նյուրնբերգի եւ Տոկիոյի դատավարություններն են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, նախկին Հարավսլավիայի նախագահ Միլոշեւիչի դեմ դատական տրիբունալը եւ Ռուանդայի ցեղասպանությունը պատժող տրիբունալը: Այնինչ միայն վերջին 50 տարիների ընթացքում աշխարհում բռնկվել են մոտ 250 կոնֆլիկտներ, դրանց զոհն են դարձել շուրջՙ 86 մն մարդ: Այս հանցագործությունները հիմնականում անտեսվել եւ մոռացության են մատնվել: Չմոռանանք, որ սիրիական հողի վրա այսօր տեղի է ունենում նաեւ միջազգային քրեական հանցագործություն: Դաշինքի անդամ երկրներն իրագործելով ռազմաօդային պատժիչ գործողություններ «ԻՊ»-ի դեմՙ չունեն դրա համար ոչ ՄԱԿ-ի մանդատը եւ ո՛չ Սիրիայի պետության տված արտոնությունը: Միջազգային օրենքի տեսանկյունից միայն Ռուսաստանն ու Իրանն են օժտված Սիրիայում ռազմական օդուժ կիրառելու իրավասությամբ: Միջազգային օրենքների կոպիտ ոտնահարման այս փաստերը դարձել են սովորական գործելաոճ ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրների համար: Այդ օրենքները փաստորեն չեմ գործում դրանց նկատմամբ սկզբունքայնության եւ վերահսկողության մեխանիզմների բացակայության պատճառով: Արդյունքում ստեղծվել է անպատժելիության մթնոլորտ եւ միահեծան վարքագիծ որոշ գերտերությունների վարչակազմերի համար: Օրինակ` ԱՄՆ-ը բազմիցս խախտել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 7 կանոնադրության 39, 41, 42-րդ բանաձեւերը, առանց ՄԱԿ-ի մանդատի ռազմական ուժ կիրառելով նախկին Հարավսլավիայում, Իրաքում, Սիրիայում: Նույն միջազգային իրավունքի կոպիտ խախտման օրինակ էր նաեւ թուրքական ցամաքային ուժերի հանդուգն նեխուժումը Իրաք: Տարօրինակորեն պարբերաբար խախտելով միջազգային օրենքը, այդ երկրներն այդպես էլ որեւէ պատասխանատվության չեն ենթարկվում: Ասվածի վառ օրինակ է «ԻՊ» հետ Թուրքիայի նախագահ Էրդողանի ընտանիքի անդամների հանցավոր գործարքի մասին եղած աղմկալից փաստեը, որոնց շուրջ տիրում է «դաշինքային» լռություն: Անկասկած Ռուսաստանը կդիմի միջազգային դատարան, սակայն դեռ ժամանակը չի հասունացել, դեռ ռազմական փուլը Սիրիայում ավարտված չէ եւ դեռ ջիհադի «Հիտլեր»ՙ Աբու Բաքըր Ալ-Բաղդադին վնասազերծված չէ: Ասում են քաղաքականությունը կեղտոտ գործ է, մի փնտրեք այնտեղ արդարադատություն կամ բարոյականություն: Սակայն Ռուսաստանը ահա երկրորդ անգամ է մարդկությանը փրկում կործանման անխուսափելի աղետից: Առաջինը (Խորհրդային Միության կազմում) ֆազիզմից, երկրորդըՙ «ԻՊ»-ի վանդալներից: Եվ կա ահաբեկչության տապալման ու խաղաղ ապրելակերպի երկիր-օրինակՙ դա Չեչնիան է: Մարդկության ճակատագիրը հենց մարդկության ձեռքերում է, պարզապես անտարբեր հայեցող չպետք է լինել: Այսօր նկատելի են դժգոհություններ ամերիկյան դեմոկրատիայի զգեստն իրենց հագով փորձարկող եվրոպական մի շարք երկրների ղեկավարների վարած քաղաքականությունից: Նույնն է իրավիճակը նաեւՙ ԱՄՆ -ում: Տեսնենք ինչ կբերեն իրենց հետ այդ փոփոխությունները: Մի բան հստակ է, որ «ԻՊ»-ի հովանավոր երկրների որոշ ղեկավարներ «վաստակած» հանգստի գնալուց հետո միջազգային օրենքի հետ պետք է որ խնդիրներ ունենան: Նյու Յորք |