RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2016-03-11 > #010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01 > #013, 2016-04-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 25-03-2016



ՏՆՏԵՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2016-03-25 00:03:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 4470, Տպվել է` 277, Ուղարկվել է էլ.փոստով` 264

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐԵԼԻ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ ԻՐԱՆՑԻ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ՀՈՍՔԻՑ

Քարանձավային մտածելակերպը շարունակում է խանգարել Հայաստանի տնտեսական զարգացմանը

Իրանցի զբոսաշրջիկների հոսքի սեզոնն է այս պահին Հայաստանում: Վերջին մի քանի տարիներին մենք կարծես թե կամաց-կամաց սովորում ենք դրան եւ փորձում համապատասխան ձեւով արձագանքել, որի մասին փոքր-ինչ հետո:

Մեր հարեւան, ընդ որում ամենահուսալի հարեւան երկրից, որտեղ հայ համայնքի հանդեպ պետության եւ բնակչության ամենաբարեհաճ վերաբերմունքը կա, զբոսաշրջիկների հոսքը տարվա այս պահին պայմանավորված է մահմեդական նոր տարովՙ Նովրուզ բայրամով, որի կապակցությամբ այդ երկրում 9 օր արձակուրդային շրջան է: Այդ ժամանակահատվածը Իրանի քաղաքացիները նախընտրում են ճամփորդել եւ որպես հարեւան երկիրՙ Հայաստանը ամենամեծ թվով այցելուներ ընդունողներից է լինում: Նրանց թիվը տարբեր տարիներին տատանվում էր, պայմանավորված այդ երկրի սոցիալ-տնտեսական կացությամբ, որն էլ իր հերթին պայմանավորված էր ԱՄՆ-ի գլխավորությամբ Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներով:

Թեեւ պատժամիջոցների հիմնական մասը վերացվեցին, բայց ԱՄՆ-ն շարունակում է թշնամական մոտեցում ունենալ Իրանի նկատմամբ եւ տասնամյակների պատմություն ունեցող բազմաթիվ պատժամիջոցներ չի վերացնում: Ամերիկյան բանկերում շարունակելու են սառեցված մնալ 100 մլրդ դոլարից ավելի Իրանին եւ նրա ընկերություններին պատկանող գումար: Ըստ տարբեր ուսումնասիրությունների եւ վիճակագրական տվյալների, Հայաստան այցելող իրանցի զբոսաշրջիկների թիվը տատանվում է տարեկան 80-130 հազարի սահմաններում: Ակնկալվում է, որ այս տարվա ցուցանիշը ավելին կլինի նախորդ տարիների համեմատՙ վերեւում նշված պատժամիջոցների մի մասի վերացման պատճառով:

Բոլոր պարագաներում, միանշանակ է, որ զբոսաշրջային առումով Իրանը Հայաստանի համար կարեւոր երկրներից մեկն է: Ռուսաստանից եւ Վրաստանից հետո, ամենաշատ զբոսաշրջիկներ գալիս են հենց այս երկրից: Ընդ որում, գաղտնիք չէ, որ Ռուսաստանից եւ Վրաստանից եկողների մեջ շատ են ազգությամբ հայերըՙ ի տարբերություն Իրանից եկողների:

Ի դեպ, Վրաստանի մասին: Այդ երկիրը վերացրել է Իրանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը: Հայաստանի դեպքում Իրանի քաղաքացիները կարող են մուտքի թույլտվություն ստանալ թե՛ Իրանում Հայաստանի դեսպանատանը, թե՛ Հայաստանի սահմանին, վճարելով ընդամենը 6 դոլարՙ 21 օր Հայաստանում գտնվելու համար: Այսինքն, Վրաստան այցելելու հնարավորությունը մի կողմից հնարավորություն է ստեղծվել, որ Իրանից Հայաստան եկող զբոսաշրջիկների հոսքն ավելանա, ստեղծելով Հայաստան-Վրաստան տուրփաթեթներ: Սակայն, մյուս կողմից, դա կարող է բերել իրանցի զբոսաշրջիկների նախընտրության փոփոխություններինՙ Հայաստանի փոխարեն հօգուտ Վրաստանի: Եվ հենց այստեղ է, որ մենք մտածելու խնդիր ունենք, որպեսզի Վրաստանի հետ նման մրցակցության պարագայում չպարտվենք: Ընդ որում, խնդիրը հիմնականում բնակչության, այլ ոչ թե պետության մոտեցումների մեջ է: (*)

Գերակշիռ մեծամասանությամբ, Հայաստանի քաղաքացիներս մեզ բնորոշ հյուրասիրությամբ ենք ընդունում իրանցիներին: Սակայն, հիմնականում միատարր ազգային կազմ ունեցող Հայաստանի համար մի տեսակ անսովոր է զբոսաշրջիկների նման հոսքը մի քանի օրվա ընթացքում: Սուբյեկտիվ գործոնըՙ «եկել լցվել են» արտահայտության հեղինակ քաղքենիների թեկուզ ոչ մեծ բանակն է, որ կարող է փչացնել լավ տպավորությունը Հայաստանից ու հայ ժողովրդից: Տարօրինակ հոգեբանություն ունենքՙ մի կողմից ցանկանում ենք, որ տնտեսություն զարգանա, ավելի շատ գումար մտնի Հայաստան, բայց դրա համար չենք ցանկանում սեփական քարանձավային մտածողության դրսեւորումներից ազատվել: Հյուրանոցները, վարսավիրանոցները, տաքսի ծառայությունները, հուշարձաններին կից բնակավայրերը, բարերը, ռեստորանները, բենզալցակայաններն ու գազալցակայանները, խանութներն ու վարձով բնակարան տրամադրողները, սրանք բոլորն այս օրերին եկամուտների նկատելի ավելացում են ունենում: Անգամ իրանական համարներով մեքենաներ են հայտնվել Երեւանում: Այսինքն, իրենց մեքենաներով են գալիս մեր երկիր: Հայաստան մուտք գործող արտարժույթի մեծ հոսքի արդյունքում հայկական դրամն արժեւորվում է: 495 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքը այս օրերին հասավ մինչեւ մոտ 480 դրամի 1 դոլարի դիմաց: Դա արտացոլում է հենց այդ տնտեսական աշխուժությունն այս կարճ հատվածում: Ինչպե՞ս կարելի է հրաժարվել այս ամենից:

Բնական է, որ Հայաստան այցելող իրանցիները, ինչպես եւ որեւէ այլ երկրից եկած զբոսաշրջիկ, պետք է պահպանեն հյուրընկյալության կանոնները, թույլ չտան հասարակական կարգի խախտումներ կամ մեր նկատմամբ անհարգալից վերաբերմունք, ինչն իրանցիների դեպքում, ընդհանուր առմամբ, առկա է: Մտահոգությունը, թե նրանք կարող են իրենց պահել ինչպես Եվրոպայում հայտնված միգրատները, տեղին չեն: Ոչ իրացիներն են պատերազմից փախած միգրանտներ, ոչ մենք թույլ կտանք անհարգալից վերաբերմունք մեր նկատմամբ: Ի վերջո, ազգակցական, պատմական, լեզվական, մշակութային եւ բազմաթիվ այլ առումներով մեզ ամենամոտ ժողովրուդը հենց պարսիկներն են: Սա ի գիտություն իրենց «քաղաքակիրթ եվրոպացի» համարող ու իրացի զբոսաշրջիկներին վերեւից նայող տգետների:

Մի խոսքով, հայ ժողովրդին բնորոշ հյուրընկալությամբ ընդունենք իրանցի հյուրերին եւ նպաստավոր պայմաններ ստեղծենք, որ նրանք հաջորդ անգամները նույնպես իրենց ամենասիրելի տոները անցկացնեն Հայաստանումՙ իրենց ընտանիքների, ընկերների ու հարազատների հետ:

(*) Պետք է խոստովանել, որ վրացի գործարարներն այս հարցում շատ ավելի նախաձեռնող են, քան մերոնք: Վրացիք ամեն տարի Թբիլիսիում կազմակերպում են արտասահմանում ապրող իրանցի ամենաժողովրդական երգիչների մեծ համերգ, դեպի Վրաստան ձգելով այդ երգիչների իրանցի բազմահազար երկրպագուներին: Ձեռներեցությունը այդպե՛ս է լինում: Խմբ.:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 25-03-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ