ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԵՎ ԿԻՊՐՈՍԻ ՀԵՏ Է ՄԵՐՁԵՆՈՒՄ ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ Մինչ Եվրոմիությունը զիջումների էր գնում թուրքական պահանջների հարցում եւ Թուրքիայի այդ միությանը անդամակցելու բանակցությունները խոստանում արագացնել, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանեց Հունաստան եւ Կիպրոս, որոնց իրավունքները խախտվել էին Եվրոմիության մյուս անդամների կողմից: Դա առիթ էր զորակցություն, համերաշխություն արտահայտելու այդ երկու բարեկամական երկրների հետ եւ է՛լ ավելի զարգացնելու երկկողմանի հարաբերությունները: Թուրքիան զավթել է Կիպրոսի տարածքի 38 տոկոսը, ստեղծելով մարիոնետային մի պետություն կղզու հյուսիսային հատվածում: Ավելին, նա մերժում է ճանաչել Կիպրոսիՙ որպես ինքնիշխան, անկախ պետության օրինական կառավարությանը: Իսկ Եվրոմիությունը իր անդամ երկրիՙ Կիպրոսի հիմնավոր իրավունքները պաշտպանելու փոխարեն, համաձայնում է լուծել Թուրքիայի ստեղծած փախստականների ժամանակավոր հարցը: Եվրոխորհրդարանի հույն պատգամավորներից գեներալ Էլեֆթերիոս Սինադինոսը , քաղաքական անպատշաճություն դրսեւորելով, նիստերից մեկի ժամանակ իր բուռն զայրույթն արտահայտելով Թուրքիայի հանդեպ Եվրոմիության դիրքորոշման կապակցությամբ ասել է. «Պրն. նախագահ, երեկ չէ առաջին օրը Թուրքիայի եւ Եվրոմիության միջեւ մի բարձրաստիճան ժողով գումարվեց, որի արդյունքները ոչ միայն հիասթափեցնող, այլեւ պարզապես «դիվանագիտական վաթեռլոո» կարելի է համարել Եվրոմիության ղեկավարների համար: Քսանութ թուրքասեր առաջնորդներ նստած լսում էին, թե ինչպես այդ անգութ շանտաժիստը, սրիկա Դավութօղլուն զիջումներ կորզելու եւ իրեն ենթարկելու պահանջներն էր ներկայացնում: ...Դուք ձեզ ամբողջովին վաճառել եք այդ օսմանցի Էրդողանին»: Նա դեռ շատ ավելի «գունեղ» բառերով էր համեմել իր ելույթը, որի համար խորհրդարանը նրան դահլիճից դուրս վտարեց որպես «ռասիստի»: Հույն պատգամավորը վստահաբար գիտակցում էր, թե ինչի կարող է հանգեցնել իր զայրալից ելույթը, բայց նա այնուամենայնիվ, չխուսափեց Եվրոմիության ներկայացուցիչների երեսին ասել այն, ինչին արժանի էին: 1974 թվի զավթումից հետո Թուրքիան հետեւողականորեն կռվի առիթ է փնտրում Կիպրոսի իշխանությունների հետ, եւ Եվրոմիությունը չտեսնելու է տալիս այդ փաստը: Թուրքիան երկակի ստանդարտներով է մոտենում միեւնույն սկզբունքին: Մի կողմից Կիպրոս իր ներխուժումը պատճառաբանում է թուրք փոքրամասնությանը պաշտպանելու անհրաժեշտությամբ, մյուս կողմից ամենայն վճռականությամբ հրաժարվում է ընդունել Ղարաբաղում հայերի ինքնորոշման իրավունքը: Չնայած հայերն ու հույները երկուսն էլ տառապել են թուրքական լծի տակ եւ իրենց մաշկի վրա զգացել այդ երկրի իշխանությունների ցեղասպանական քաղաքականության հետեւանքները, այդուհանդերձ նրանք ցարդ չեն կարողացել առավելագույն մակարդակի հասցնել իրենց հարաբերությունները: Նույնը կարելի է ասել Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում տարվող լոբբիստական փորձերի մասին: Մինչ հունական եւ հայկական կազմակերպությունները միեւնույն քաղաքական մարտահրավերներն են դիմակայում, միեւնույն վտանգի առաջ են կանգնած եւ ժամանակ առ ժամանակ համագործակցում են, այդ համագործակցությունը դեռեւս չի զարգացել եւ չի դարձել մեկ ընդհանուր, միասնական դատը պաշտպանելու գործոն: Գուցե դա էր նաեւ Հայաստանի նախագահի երկու բարեկամական երկրներ այցելելու նպատակը, մանավանդ հաշվի առնելով այն փաստը, որ Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը անընդհատ փորձում են միասնական ջանքերով տարածաշրջանում մեկուսացնել Հայաստանին: Նաեւ այդ քայլն առնելու քաղաքական պահն էր ճիշտ ընտրված: Մի կողմից Հայաստանըՙ լինելով Եվրասիական Մաքսային Միության անդամ, համարվում է կամուրջ այդ կազմակերպության եւ Եվրոմիության միջեւ, մյուս կողմից Հայաստանի սերտ հարաբերությունը բեռնարգելքներից ձերբազատված Իրանի հետ հնարավորություն է ընձեռում ընդլայնել տնտեսական զարգացումը Հայաստանի, Հունաստանի եւ Իրանի միջեւ: Աթենք կատարած Հայաստանի նախագահի այցի ժամանակ, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը նշեց, որ իր կարծիքով անհրաժեշտ է զարգացնել Իրան-Հայաստան-Հունաստան համագործակցությունը: Նա նաեւ ավելացրեց, որ համագործակցության զարգացման հնարավորություններ տեսնում է նաեւ Եվրոմիության եւ Եվրասիական Տնտեսական Միության միջեւ, եւ պատրաստ է այդ ուղղությամբ աշխատել: Ավելին, նա խոստացավ աջակցել ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը Հայաստանի եւ Եվրոմիության միջեւ: Պարզ դարձավ, որ երկկողմանի հարաբերությունների իրավական դաշտը բավական ընդարձակ է եւ ներառում է ավելի քան 40 համագործակցության համաձայնություններ տնտեսական, մշակութային, գիտական, առողջապահական, ռազմական, զբոսաշրջության եւ այլ բնագավառներում: Հայաստանն իր սահմանափակ ռեսուրսներով երբեք չի համարձակվել իր անմիջական շրջապատից դուրս քայլեր ձեռնարկել, մինչդեռ տարբեր տեղաշարժեր են այժմ ուրվագծվում Մերձավոր Արեւելքում, որոնք կարող են ուղղակի եւ անուղղակի ձեւով ազդել Հայաստանի վրա: Հայաստան-Հունաստան-Իրան եռակողմանի համագործակցության ձեւաչափի մասին խոսելիս վարչապետ Ցիպրասը նշեց, որ Հունաստանը նման եռաչափ համագործակցության բավականաչափ փորձառություն ունի (նկատի ունենալով Հունաստան-Կիպրոս-Իսրայել եւ Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս ձեւաչափերը) եւ դրանք արդյունավետ կերպով են ցարդ առաջ գնացել: Հաշվի առնելով, որ Եվրոմիությունն ու Մ. Նահանգները Թուրքիային են պաշտպանում ի վնաս Հունաստանի եւ Կիպրոսի, վերջիններս ստիպված իրենց շրջապատն են ստեղծում եւ զարգացնում, որպեսզի դիմագրավեն Թուրքիայի շահագրգռությունները: Հունաստանի, Կիպրոսի եւ Իսրայելի համագործակցության ընդհանուր գործոնը գազի պաշարներն են, որ վերջերս են հայտնաբերվել Միջերկրականի հատակում: Երբ Կիպրոսն ու Իսրայելը սկսեցին հետազոտել գազի ստորջրյա պաշարները, Թուրքիան սպառնաց նրանց զինված ներխուժման հեռանկարով, բայց քանի հարեւանների հետ իր հարաբերություններն ու խնդիրները սկսեցին վատթարանալ, Անկարան մտափոխվեց եւ հրաժարվեց իր ծրագրից: Եգիպտոսի նախկին նախագահ Մոհամեդ Մորսիի իսլամամետ կառավարության ժամանակ, Թուրքիան վտանգավոր աստիճանի սերտացրել էր իր հարաբերությունները Եգիպտոսի հետ, բայց այն բանից հետո, երբ գնդապետ Աբդուլաթիֆ Սիսիի զինվորական վարչակազմը ստանձնեց երկրի կառավարումը, եգիպտա-թուրքական հարաբերությունները կարելի է լավագույն դեպքում բնութագրել որպես բարկ, թեժ կամ լարված: Հետեւաբար Կիպրոսի եւ Հունաստանի հետ հարաբերությունները սերտացնելով Հայաստանը կկարողանա իր ուրույն քաղաքականությունը ձեւավորել միջազգային հարաբերությունների բարդ ոստայնի մեջ: Երկու երկրներ կատարած նախագահ Սարգսյանի այցելությունների ընթացքում անշուշտ քննարկվեց նաեւ Ցեղասպանության հարցը: Հայաստանը շնորհակալություն հայտնեց Հունաստանին եւ Կիպրոսին Ցեղասպանությունը ճանաչելու համար եւ հատուկ շնորհակալություն Կիպրոսինՙ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ ընդունելու համար: Ինչպես ակնկալվում էր, Թուրքիայի արտգործնախարարությունը վրդովմունք արտահայտեց Ցեղասպանության վերաբերյալ Հայաստանի եւ Հունաստանի նախագահների հայտարարություններին: Ինչպես Նիկոսիայում, այնպես էլ Աթենքում երկկողմ աջակցության արտահայտություններ հնչեցին ղարաբաղյան եւ կիպրական խնդիրների առնչությամբ: Հայաստանի սերտ հարաբերությունները Եվրոմիության անդամ այս երկու երկրների հետ վստահաբար նպաստելու են իր արտաքին քաղաքականության բարելավմանը եւ փրկելու են երկիրը հեղձուցիչ մեկուսացումից: Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԻ |