RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#011, 2016-03-25 > #012, 2016-04-01 > #013, 2016-04-08 > #014, 2016-04-15 > #015, 2016-04-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 08-04-2016



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2016-04-22 00:21:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 6188, Տպվել է` 516, Ուղարկվել է էլ.փոստով` 504

ԱՐԺԱՆԻ՞ ԵՆՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Ընդամենը մեկ շաբաթ առաջ եթե փողոցում, աշխատավայրում կամ որեւէ այլ տեղ հարց տայիր մեր հայրենակիցներից որեւիցե մեկին, թե ի՞նչ կանի, եթե պատերազմը վերսկսվի Արցախում, պատասխանը, խիստ բորբոքված ու ջղային, կլիներ մոտավորապես այսպես. «Էդ ղարաբաղցի՛ք թող գնան պաշտպանեն Արցախը», «Ես Սերժի համար ոչ մի բան էլ չեմ անի. ինքը ընչո՞վ ա ինձ օգնել որ...», «Թող իրանցՙ էդ շիշկեքի լակոտները գնան կռվելու», «Էդ ԴԱՀԿ-ի տղեքը թող գնան ճակատ. ես երկիր, հող պաշտպանեմ, որ Միհրանը օֆֆշորներում փող կուտակի՞»: Եւլն, եւլն: Մեզնից յուրաքանչյուրը կարող է ավելի սուր, առավել բնորոշ օրինակներ տալ: Այո, ընդամենը մեկ շաբաթ առաջ մեր հասարակությանը, դժգոհ ու չարացած, առիթ էր պետք փնովելու թե՛ իշխանություններին, թե՛ քաղաքական ուժերին, թե՛ ղարաբաղցիներին, թե՛ մանր ու խոշոր պաշտոնյաներին ու մենաշնորհյալ բիզնեսմեններին: ԴԺգոհ ու անհանդուրժողՙ նույնիսկ հարեւանի ու բարեկամի հանդեպ, հույսը դրած դեպի Ռուսաստան կամ այլուր ծլկելու վրա:

Բայց... ապրիլի 2-ին արդեն ամեն ինչ փոխվեց, կարծեք հրաշիւք իմն: Բոլորի հայացքը թեքվեց դեպի մեկ ուղղություն, դեպի Արցախ, դեպի մեր տղաները, դեպի մեր բանակը, մեր... Երեւի Վարդանանց պատերազմից մինչեւ Սարդարապատ, մինչեւ Վան ու Մուսա լեռ այսպես է եղել, այսպես է մեր ժողովուրդը բռունցքվել օրհասի պահին: Եվ ըստ երեւույթին դա՛ է եղել թշնամիներին ու բարեկամներին զարմացնող մեր գլխավոր հատկությունը, ազգային այս տարօրինակ ֆենոմենը, որը ըմբռնելը ոչ թե դժվար, այլ անկարելի է, անգամ մե՛զ համար, առավել եւսՙ մեր շատ ղեկավարների համար...

Քառօրյա պատերազմի ընթացքում մենք եւ մեր հակառակորդները տեսան ազգային այդ ֆենոմենի տարբեր դրսեւորումները, որոնց մասին հետագա էջերում դույզն չափով անդրադառնում են մեր աշխատակիցները, վերլուծաբանները, հետեւաբար չեմ ուզում կանխել նրանց: Բայց ուզում եմ, առավել եւսՙ ցանկանում եմ հարց տալ. արժանի՞ ենք մեր աննման հերոսներին, մահվան աչքերին նայող մեր քաջարի զինվորներին, նրանց արյան, նրանց մատաղ կյանքին, նրանց ծնողներին եւ առհասարակ մեր ժողովրդին:

Եթե մեր երկրի ու ժողովրդի դեմ նյութված դավադրություններն ու սադրանքները գեթ որոշ ժամանակով կանգ առնեն, թող վստահ լինեն մեր ղեկավարները, կոռումպացված պաշտոնյաները, մեզ հարստահարող սեփական «բիզնեսմենները», խարդախներն ու հուսալքության մատնողները, որ միեւնույն դժգոհությունն ու չարացածությունը, որը կար ապրիլի 2-ից առաջ, նորից պիտի բորբոքվի, ավելի՛ կատաղի ձեւով, ավելի հուսահատ ու բոլորիս համար կործանարար:

Մենք ունեցել ենք նման պահեր Արցախյան ազատամարտից անմիջապես հետո, երբ մեր հավաքական ոգեւորությունը զոհ է դարձել անարդարությունների, անպատասխանատվության, փնթի կառավարման, «մեր դեմ խաղ չկա» կարգախոսների: Չպետք է թույլ տալ նույնի կրկնությունը այժմ, երբ կրկին բարձրացել է համազգային ոգեւորության ալիքը: Ճիշտ էՙ կորուստների եւ արցունքներից միջից, բայց բարձրացե՛լ է: Մնանք այդ բարձրության վրա ընդմիշտ:

Մեր ժողովուրդը իսկապես արժանի է ավելի լավ կյանքի: Ապացույցՙ մեր հերոսները, մեր նահատակները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 08-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ