RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#011, 2016-03-25 > #012, 2016-04-01 > #013, 2016-04-08 > #014, 2016-04-15 > #015, 2016-04-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 08-04-2016



ԲԱՆԱԿՑԱՅԻ՞Ն...

Տեղադրվել է` 2016-04-22 00:21:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 4568, Տպվել է` 514, Ուղարկվել է էլ.փոստով` 504

ԹԵ Ի՞ՆՉ ՓՈԽՎԵՑ «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ» ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐՈՒՄ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, ու այդ աքսիոմը որեւէ մեկի, պետության, հակամարտության պարագայում դեռեւս չի ժխտվել, ասել է, թե ապացուցման կարիք չունի: Ճիշտ այնպես, ինչպես պատմություն ասելիս դժվար է նույնականացնել շարադրանքը իրականության հետ, քանի որ անգամ ճշմարտությունը մի քանիսն է լինում, եւ իրականությունն է, որ ուզենք-չուզենք մեկն է:

Ապրիլի առաջին օրերի իրադարձությունները, գրեթե պատերազմական վիճակը Լեռնային Ղարաբաղի շփման գծում, ի թիվս այլ խնդիրների ու հարցադրումների, մեկ կարեւոր ու թերեւս երկար անպատասխան մնալիք հարց բարձրացրեց. եթե Մինսկի խմբի համանախագահների միջնորդական անպտուղ առաքելության անհրաժեշտությունը նախկինում բացատրվում էր որպես ռազմական գործողությունների վերսկսման զսպման մեխանիզմ, ապա այսօր, երբ այդ գործողությունները պատերազմականից առանձնակի չէին տարբերվում, որն է ուրեմն բանակցային գործընթացն առաջ տանել փորձող այս խմբի հիմնական խնդիրը:

Ապրիլի 5-ին, ժամը 12-ին, կրակը դադարեցնելու պայմանավորվածություն ձեռք բերվեց, ու կոչերՙ թե պետք է վերադառնալ 1994-ի զինադադարի ռեժիմին: Ընդհանուր, հարաբերական առումով, հրադադարին վերադարձի վիճակը չի պահպանվում, ավելինՙ կարծես մեկ ակտիվությունը տեղափոխվել է Հայաստանի հետ սահման: Այսինքնՙ նախաձեռնողականություն է պետք ցուցաբերել, քանի որ պայմանավորվածությունն էլ արժանանում է նույն ճակատագրին, ինչ հրադադարի ռեժիմի պահպանման համաձայնագիրը:

Մինսկի խմբի համանախագահություն. հետո՞

Համանախագահներն արդեն եղել են Բաքվումՙ այնտեղ մեկնելով անմիջապես ապրիլի 5-ին, երբ Վիեննայում դեռ տեղի էր ունենում Մինսկի խմբի բոլոր անդամների ներգրավվածությամբ հանդիպումը: Ապրիլի 7-ին ռուսաստանցի, ֆրանսիացի եւ ամերիկացի համանախագահները ուղեւորվեցին Արցախ, որից հետո հաջորդ կանգառը Հայաստանն է:

Ակնհայտ է, որ այս առաքելությունը տարածաշրջան փաստահավաք է ամենից առաջ, եւ պետք չէ որեւէ հույս ունենալ, թե բեկման հիմք կարող է լինել: Բնականաբար, տուրնեից հետո համանախագահները, ամենայն հավանականությամբ, արդեն Վիեննայում հայտարարության տեքստով հանդես կգանՙ չմոռանալով հավասարության նշանը, որ անկախ գիտակցումից եւ իմացության աստիճանիցՙ անբաժան է եռանախագահների խոսքից: Միեւնույն ժամանակ, եթե իրապես փաստահավաք է, կարելի է կարծել, թե այս հայտարարությամբ համանախագահները կփորձեն գնահատական հնչեցնել, որը հաստատ ոչ մոտեցում է, ոչ էլ դիրքորոշում:

Ի՞նչ կտա դա, ի՞նչ կարող է փոխել համանախագահների հերթական այցը, որին նրանք ձեռնամուխ չեղան, քանի որ դեռ զինվորներ էին զոհվում, երկու կողմերից ինտենսիվ կրակը շարունակվում էր: Ավելին, ինչպե՞ս ստացվեց, որ անգամ մեկտեղվելու, հարց քննարկելու համար համանախագահները նախաձեռնությամբ հանդես չեկան հենց ապրիլի 2-ին, այլ միայն բավարարվեցին տեղեկացնելով, թե պատրաստվում են Ավստրիայի մայրաքաղաք գնալ ապրիլի 4-ին: Ամենայն հավանականությամբ, հայտարարությունը գալու է կրկնելու արդեն իսկ Բաքվում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերից մի հատված առ այն, թե «կարեւոր է վստահության միջոցներ ձեռնարկել ամենամոտ ժամանակում եւ անհրաժեշտ նախադրյալներ ստեղծել քաղաքական գործընթացի վերականգնման համար»:

Նույն Մինսկի խումբը ե՞րբ է ի վերջո անդրադառնալու այն իրավիճակին, երբ նպատակահարմարությունից ելնելովՙ Ադրբեջանը մեկ հայտարարում է ձեւաչափին հավատարիմ լինելու պատրաստակամության մասին, մեկ խստորեն քննադատում ու ընդգծում, թե ձեւաչափն իրեն սպառել է: Նույն հաջողությամբ, ինչպե՞ս է ստացվում, որ համանախագահող երկրների նախագահներ/ղեկավարները հաճությամբ ընդունում են Ադրբեջանի նախագահ Ալիեւ կրտսերին, քննարկում «ղարաբաղյան հարցը», սակայն երբեք այդ երկրի դիվանագետ ներկայացուցիչների ներգրավվածությամբ ձեւաչափի կարեւորությունը չի հասցվում դիմացինին:

Ի՞նչ փոխվեց ընկալումների առումով

Մի քանի օր տեւած ռազմական ակտիվ գործողությունների ընթացքում ցավն անպակաս էր, կորուստներն ու զոհերի թվերի, թվաքանակի հարց չեն, այլ մարդկային ողբերգության, որը չափելն այնքան դժվար է: Այս օրերն ամենից առաջ կոտրեցին մի կարծրատիպ, թե «նոր պատերազմի դեպքում Ղարաբաղ գնացող չի լինի»: Քաղաքական ու քաղաքացիական միահամուռ, համախմբված մոտեցումների մասով էլ հստակ է, որ, այո, համախմբվել կարող ենք, թեեւ ստացվում է, որ միայն ծանր իրավիճակում:

Ղարաբաղյան հակամարտությունը թարմացում ունեցավ, ծանր, ցավոտ, սարսափելի, բայց թարմացում թեմայիՙ դրա արդիականության, կարեւորության ու հրատապության, ինչպես նաեւ հայաստանյան հասարակության մեջ սոցիալականով եւ քաղաքականով այդ թեմայի կենսականության չնսեմացման առումով:

Արցախյան իշխանության ներկայացուցիչները հարցն ու իրավիճակը ներկայացրեցին բազմաթիվ միջազգային հարթակներում, լրատվամիջոցների եթերում ու հոդվածներում այն պարագայում, երբ նախկինում օտարերկրյա նույն այդ «հավասարակշիռ, պրոֆեսիոնալ» լրատվամիջոցները փորձում էին իրենց լսարանին ներկայացնել Հայաստան-Ադրբեջան տեսակետներ եւ խուսափել Արցախի թեկուզ դե ֆակտո իշխանություններից: Հետաքրքրական է նաեւ, որ շատ դեպքերում իրավիճակը ներկայացնելու համար օգտագործված քարտեզներն անգամ այլեւս Ղարաբաղը չէին ներկայացնում որպես Ադրբեջանի մաս, թեեւ մեծամասամբ նախընտրում են անորոշ կարգավիճակն արտահայտել կետագծերով: Բի Բի Սի-ի ռադիո ծրագրերից մեկի եթերում ես եւս, որպես «Ազգի» թղթակից, առիթ ունեցա ներկայացնելու, թե ինչ իրավիճակ է ստեղծվել, սակայն առավել հետաքրքրական էր, որ հաղորդման կազմակերպիչներին այդպես էլ չհաջողվեց Ադրբեջանից մասնակից ներգրավել: Ստացվեց, որ անգամ պաշտոնական տեսակետը մարդիկ Ադրբեջանում կա՛մ վախենում են ներկայացնել, կա՛մ, որ ավելի կարեւոր է, չեն ցանկանումՙ վախենալով ներկայացնել դրանից տարբեր գնահատական:

Արդիական ու արդեն դժվար հակադարձելի է դառնում բանակցություններում Լեռնային Ղարաբաղի ներգրավվածության հարցը: Եթե այս առումով նախկինում ըմբռնում եւ համաձայնություն չկար միայն Ադրբեջանի կողմից, սակայն ճնշումներ այդ ուղղությամբ չէին գործադրվում, ապա նոր պատերազմի հավանականության մեծացումը հստակ է դարձնում դրա անհրաժեշտությունը:

Անկախ ռեալ իրավիճակիՙ մի քանի դիրքեր այլեւս չտիրապետելուն/տիրապետելուն, Ադրբեջանի քարոզչության համար մեծ հարված էր հողեր վերադարձնելու Ալիեւ կրտսերի նկրտումների սնանկ դառնալը, ինչը, թերեւս ի լրումն 2008թ. վրաց-ռուսական օգոստոսյան պատերազմի արդյունքների ու հետեւանքների, եթե ոչ մոտակա օրերին, ապա այդուհետեւ այլեւս կպակասեցնի արկածախնդրության ցանկությունը:

Հայկական կողմի հայտարարությունները, միջազգային մամուլի հրապարակումները վարձկաններ, «Իսլամական պետության» զինյալներ Ադրբեջանի կողմից ներգրավելու մասին շեշտադրում են Արցախում խաղաղության հաստատման կարեւորությունը այն պարագայում, երբ աշխարհի համար ահաբեկչությունն այլեւս 15-20 տարին մեկ պատահող պայթյուն չէ, այլ, ցավոք, եվրոպական մայրաքաղաքները խոցող իրականություն:

Կարեւոր հետեւություններ անելու հրատապ անհրաժեշտություն է ծառանում Միացյալ Նահանգների առջեւ, քանի որ ԱՄՆ-ում Ալիեւի հանդիպումների եւ վաղօրոք ծրագրված, սակայն այդ պահին մեկնարկած ռազմական գործողությունների միջեւ կապն ակնհայտ է: Ասել է, թե Օբամայի վարչակազմը պետք է լավ կշռադատի եւ փորձի հասկանալ, թե ինչու, ինչպես ստացվեց, որ մարտի 31-ին ԱՄՆ-ում ունեցած հանդիպումներն ու ամերիկյան այցելությունն ընդհանրապես Ալիեւին դրդեցին անցնել արկածախնդիր քայլերի:

Կարեւոր հետեւություններ անելու կարիք ունի նաեւ Եվրոպան, քանի որ Ադրբեջանի չկողմնորոշված, ինքնաբավ կեցվածքը որեւէ ուղղությամբ ինտեգրման գործընթացներում ներգրավված չլինելու համատեքստում բերում է իրականությունից կտրված ադրբեջանական առաջնորդի չմտածված քայլերի:

Հայկական կողմն առավել հաճախ է ցավ արտահայտում Ադրբեջանին Ռուսաստանին զենք վաճառելու առնչությամբ: Ստեղծված իրավիճակն այս հարցը եւս հրատապ ու կարեւոր է դարձնում, նաեւ Իսրայելի առնչությամբ, հաշվի առնելով, թե արդիական զինատեսակներն ինչպես էին օգտագործվում Ադրբեջանի կողմից եւ, որ առավել կարեւոր է, ովքեր են դրանք կիրառում գործնականում:

Միջազգային ատյաններ, խավիար, փաստաթղթեր...

ԵԱՀԿ Մինսկի խումբն, ըստ էության, անուժ է գտնվել այնպիսի իրավիճակներում, երբ փորձեր էին արվում ղարաբաղյան հարցը տեղափոխել այլ հարթություն ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանը հայտարարում է ռազմական ճանապարհով հարցը լուծելու տարբերակի եզակիության ու «հողերի կորստի հետ» երբեք չհաշտվելու մասին:

Հիմա, երբ տեղի ունեցավ հակամարտության ռազմական նոր բախում, որ հրադադարի կոպիտ խախտում էրՙ պատերազմական հանցագործություններով հանդերձ, հստակ է, որ միջազգային տարբեր կառույցներում այս առնչությամբ ինչ-որ փաստաթղթեր ընդունելու, մոտեցում ու դիրքորոշում արտահայտելու փորձեր կարվեն: Թե դրանց որքանով է պատրաստ հայկական կողմը, դժվար է դրական պատասխան տալ, հաշվի առնելով, թե վերջին շրջանում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ինչ որակումներով ու ձեւակերպումներով բանաձեւ ընդունվեց Սարսանգի ջրամբարի առնչությամբ:

ԵՄ խորհրդարանական ձեւաչափերը միակը չեն: Հարցին ու իրավիճակին հաստատ անդրադարձ կլինի ՄԱԿ-ում, ԵԱՀԿ ԽՎ-ում, այն բոլոր հարթակներում, որտեղ ներգրավված են կամ Հայաստանը, կամ Ադրբեջանը, կամ երկուսը միասին, եւ անգամ այն պարագաներում, երբ երկու երկրները ներկայացված չեն:

Իսկ ինչ վերաբերում է ապրիլյան այս իրավիճակից դասեր քաղելուն, դրան դեռ կանդրադառնանք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 08-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ