ԳԱԶԻ ԳԻՆԸ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿՆՎԱԶԻ 9,3 ԴՐԱՄՈՎ Ա. Մ. Հայաստանին գազմատակարար «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մտադիր է դիմել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, սպառողներին մատակարարվող բնական գազի սակագների վերանայման հայտով: Ինչպես տեղեկացրել են ընկերությունից, բնակչության համար այն կդառնա 146,7 դրամ 1 խմ համարՙ ներկայիս 150 դրամ 1 խմ-ի դիմաց: Տեղեկացվել է նաեւ, որ կվերանայվի 10 հազար խմ-ից ավելի սպառողներին, այսինքնՙ ձեռնարկություններին տրամադրվող գազի սակագնի հաշվարկման բանաձեւը: Հիշեցնենք, որ սպառողների համար գազի գնի վերանայումը հնարավոր է դարձել Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի գնի սակագնի իջեցման շնորհիվ, որի արդյունքում, 1000 խմ դիմաց 165 դոլարից այն դարձել է 150 դոլար: Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ դա հնարավորություն կտա իջեցնել նաեւ էլեկտրաէներգիայի սակագինը, բայց թե ի՞նչ չափով, դեռ հայտնի չէ: |