RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#014, 2016-04-15 > #015, 2016-04-22 > #016, 2016-04-29 > #017, 2016-05-06 > #018, 2016-05-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 29-04-2016



ԱԿՆԱՐԿ

Տեղադրվել է` 2016-04-29 13:25:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 6379, Տպվել է` 628, Ուղարկվել է էլ.փոստով` 633

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԹՍԱՅԻ ՄԵՋ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Մաս առաջին

Թվում է, թե Հայաստանը պատմականորեն ճակատագրված է եղել գտնվելու աշխարհագրական այնպիսի մի վայրում, որտեղ իրար են բախվում աշխարհի գլխավոր քաղաքական շահերն ու հզոր կայսրությունները, եւ որտեղ տեղացի ժողովուրդը դատապարտված է անընդհատ կրելու պատերազմների, էթնիկական զտումների եւ տեղահանության հետեւանքները:

Պատմական միջադեպերը Հայաստանին դարձրել են ջրային ավազանից զուրկ, ցամաքով շրջապատված մի երկիր, որը ենթակա է ճնշումների, շրջափակումների եւ ահաբեկումների: Համաշխարհային առաջին պատերազմից հետո, եթե դաշնակից պետությունները պահեին իրենց խոստումները, Հայաստանը հայրենի իշխանություն կունենար Կիլիկիայում` Ալեքսանդրետի (Իսկենդերուն) նավահանգստով: Նաեւ, եթե Սեւրի հաշտության պայմանագիրը (1920) գործադրվեր, վիլսոնյան Հայաստանը Տրապիզոնի նավահանգստով ելք կունենար դեպի Եվրոպա եւ աշխարհի այլ մասերը: Բայց այդ հնարավորությունների կորստով Հայաստանը խոցելի մնաց արտաքին սպառնալիքների առաջ, եւ մեկուսացման ենթարկվեց:

Երբ Հայաստանը ընդգրկվեց Խորհրդային Միության կազմում, աշխարհագրական վերոնշյալ սահմանափակումները կորցրեցին իրենց նշանակությունը, քանի որ Հանրապետությունը սկսեց օգտվել այն բոլոր առավելություններից, որ Միությունն ընձեռում էր:

Բայց հենց Հայաստանը վերատիրացավ իր անկախությանը եւ վերականգնեց ինքնիշխանությունը իր պատմական տարածքի մի փոքրիկ հատվածի վրա, պատմությունը դարձյալ սկսեց հետապնդել հայերին: Յոթանասուն տարիների սառեցումից հետո պատերազմները, թշնամանքն ու հակամարտությունները դարձյալ բախեցին մեր դուռը վրեժխնդրության ամբողջ ուժով: Ծանոթ ենք ղարաբաղյան պատերազմի, երկրաշարժի եւ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված շրջափակման պատմություններին:

Վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանում տիրել է անորոշ վտանգավորություն, որը զարկ է տվել ընկճվածության եւ արտագաղթի: Հայաստանի անկախությունը նաեւ որոշ իմաստով ստուգատեսը հանդիսացավ սփյուռքի հավակնություններին ու հնարավորություններին: Անկախության առաջին տարիներին տեղացի հայերը հոխորտում էին ազերիներին ասելով, որ եթե «դուք նավթ ունեք, ապա մենք էլ մեր սփյուռքն ունենք»: Այսօր, ինչքան գիտեմ, դադարել են նման հոխորտանքները: Հայաստանի հարաբերությունները իր հարեւանների հետ, եւ վերջիններիս հարաբերությունները միմյանց հետ ձեւավորել են մեր երկրի ճակատագիրը, եւ մենք Հայաստանի ներկա իրավիճակն ու ապագան կարող ենք գնահաետլ այդ հարաբերությունների շրջանակներում:

Հայաստանի հարեւաններըՙ Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը եւ Վրաստանն են: Թեեւ Ռուսաստանը անմիջական սահմաններ չունի Հայաստանի հետ, սակայն իր ծավալով ու աշխարհաքաղաքական կշիռով դարձել է ամենաազդեցիկ հարեւանը: Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք շրջափակել են Հայաստանը, թշնամական են վերաբերվում նրան: Վրաստանի հարաբերությունը կարելի է լավագույն դեպքում բնութագրել որպես «բարեհաճ թշնամի», քանի որ Թբիլիսիի իրարահաջորդ կառավարությունները գերադասել են բռնել Հայաստանի թշնամիների կողմը ինչպես քաղաքականության, այնպես էլ տնտեսական զարգացման ծրագրերի ոլորտներում: Նման թշնամական կողմնորոշմանը նպաստող գործոնների թվում կարելի է նշել հավիտենական նախանձը եւ անկախությունից հետո ընտրած քաղաքական ուղին, որը թեքվում է դեպի ՆԱՏՕ-ի անդամակցություն, մինչդեռ Հայաստանը, անհրաժեշտությունից ելնելով, շարունակում է մնալ Ռուսաստանի «ուղեծիրում»: Այնպես որ այս երկու երկրները հայտնվել են արեւելք-արեւմուտք ուժային հակամարտության արանքում:

Ինչ վերաբերում է Իրանին, Հայաստանը բարեկամական հարաբերություններ է պահպանում այդ երկրի հետ, չնայած այդ հարաբերությունները այնքան էլ արդյունավետ չեն եղել մի կողմից Հայաստանի ռեսուրսների սահմանափակության, մյուս կողմից Իրանի հանդեպ գործադրված միջազգային պատժամիջոցների պատճառներով: Այդ պատժամիջոցների վերացումը ներկայիս կարող է խթանել առեւտրաշրջանառությունը երկու երկրների միջեւ:

Ռուսական գործոնը

Երկար ժամանակ Հայաստանը փորձում էր արժանանալ Եվրոմիության բարեհաճությանը, սակայն նոր սառը պատերազմի հայտնումով, որի պայմաններում Արեւմուտքը որոշեց չթույլատրել Ռուսաստանին վերականգնելու գերտերության իր նախկին կարգավիճակը, բեւեռայնացում տեղի ունեցավ եւ Մոսկվան հարկադրված զգաց ամրապնդելու իր սեփական «ամրոցը»ՙ հակազդելու համար Եվրոմիությանը եւ ՆԱՏՕ-ին: Հայաստանն այդպիսով ընդգրկվեց մոսկվայակենտրոն եվրասիական Մաքսային Միության եւ ՀԱՊԿ-ի տիրույթներում: Հետեւաբար Հայաստանի քաղաքական եւ տնտեսական հայեցակարգերը մեծապես կախման մեջ մնացին այդ միավորումների քաղաքականությունից:

Որոշ վերլուծաբանների կարծիքով դա դրական զարգացում էր, բայց այլոց պնդումներով Հայաստանը շատ ավելին զիջեց իր ինքնիշխանությունից, քան պետք էր եւ համապատասխան փոխհատուցում չստացավ: Փաստը մնում է փաստ, որ Հայաստանն այդպիսով Ռուսաստանի քաղաքականության գործակիցը դարձավ Արեւմուտքի ընկալմամբ: «Վաշինգտոն Թայմսում» փետրվարի 26-ին տպագրված իր հոդվածում Լ. Թոդ Վուդը հայտնում է. «Ֆորբսը գրում է, մի՛ սխալվեք: Ռուսական զինվորականության ներկայությունը Հայաստանում եւ ռուս-հայկական դաշինքի ամրապնդումը ՆԱՏՕ-ի սրտին ուղղված դաշույն է»:

Այս տրամաբանությունն ու քաղաքական փաստարկը օգտագործվում է նաեւ Թուրքիայի կառավարության կողմից վատաբանելու համար հայերինՙ արեւմուտքում:

Հենց վերջերս Թուրքիայի նախագահը նշեց, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի դեմ իր պայքարում օգտագործում է Հայաստանին: Նա նաեւ Հայաստանին բնութագրեց որպես «աշխարհի խաղաղությանը սպառնացող ամենավտանգավոր երկրի», Վաշինգտոնի «Բրուկինգզ հասատատությունում» տեղի ունեցած իր դասախոսության ընթացքում: Երեւանից դուրս գտնվող ռուսական N 102 ռազմական բազան եւ վերջին շրջանում Մոսկվայի ռազմական կուտակումներն ու զորավարժությունները անկասկած վկայում են այն մասին, որ սոսկ Հայաստանի շահերը պաշտպանելուց ավելի, Ռուսաստանի մտադրությունն է իր ուժը ցուցադրել Մերձավոր Արեւելքում, որտեղ դերակատարություն ունի Սիրիական հակամարտությունում եւ Հայաստանի սահմանակից Թուրքիայում, որի հետ հարաբերությունները սրվել են ինքնաթիռի միջադեպի հետեւանքով:

Իրանի հետ Ռուսաստանի հարաբերությունները բազմաբնույթ են: Նրանք համագործակցում են իրար հետ Սիրիական հակամարտության շրջանակներում, եւ Մոսկվան Թեհրանին զենք է մատակարարում, բայց կովկասյան տարածաշրջանում քաղաքական ազդեցության բնագավառում նրանք կարծես թե մրցակիցներ ենՙ հատկապես էներգամատակարարման շուկայում, երբեմն նաեւ ի վնաս Հայաստանի:

Թվում է, թե Մերձավոր Արեւելքում կայունություն հաստատելու գործը Մոսկվան ու Վաշինգտոնը Իրանին են վստահել, ի հեճուկս Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի:

Թուրքիայի հետ դեմ առ դեմ

Թուրքիան երբեք առիթը բաց չի թողել հայերի նկատմամբ իր թշնամանքն արտահայտելու համար: Անկարան ամեն ջանք գործադրեց հակակշռելու համար Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակություններըՙ բեմադրելով Գալիպոլիի տոնակատարությունը: ՆԱՏՕ-ի կառույցում Թուրքիան երկրորդ ամենամեծ բանակն ունեցող երկիրն է: Այդուհանդերձ, Հայաստանն ու Հայոց ցեղասպանությունը մնում են նրա «աքիլլեսյան գարշապարը»ՙ հաշվի առնելով, որ այդքան մեծ գումարներ է նա ծախսում դրանց դեմ պայքարելու համար:

Պարզ է, որ ղարաբաղյան հարցում Անկարան պաշտպանում է Ադրբեջանի դիրքորոշումը: Բայց Անկարան կորցրեց Հայաստանի հետ իր սահմանային հարցը վերջնականորեն կարգավորելու պատմական հնարավորությունը, 2009-ի արձանագրությունների ստորագրումը պայմանավորելով ղարաբաղյան հարցը ի նպաստ Ադրբեջանի լուծելու հետ: Վերջին հաշվով այդ արձանագրությունները ստորագրելուց հրաժարվելը առավել նպաստավոր եղավ Հայաստանի համար, քանի որ տարիներ անց առաջ բերեց 1921 թվի սովետա-թուրքական պայմանագիրը չեղյալ համարելու կոչերը: Եվ իրոք, վերջերս Ռուսական Դումայի պատգամավորներ Վալերի Դաշկինն ու Սերգեյ Օբախովը (Կոմկուսից) ռուսական քաղաքական վերնախավին եւ արտգործնախարարությանը նամակ հղեցինՙ պահանջելով այդ պայմանագրի անվավեր ճանաչելը: Այդ պայմանագրով Թուրքիայի վերահսկողության տակ էին մնում Արտվինը, Արդահանը, Կարսը եւ Սուրմալուն: Աջարիայի շրջանը Բաթումի նավահանգստով Վրաստանին էր հանձնվում: Թուրքիան ետ էր քաշվում Ալեքսանդրապոլից եւ նոր սահման էր հաստատվում Թուրքիայի եւ Խորհրդային Հայաստանի միջեւ Արաքս եւ Ախուրյան գետերով: Նախիջեւանի մարզը, որ պատմականորեն Հայաստանի մաս էր կազմում, որպես ինքնավար տարածք դրվում էր Ադրբեջանի խնամակալության ներքո: Թուրքիային էր անցնում նաեւ «Արաքսի միջանցք» կոչվող մի փոքրիկ հողաշերտ: Մյուս կողմից Դումայում LDPR կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկեց «Ի պատասխան այն բանի, որ Թուրքիան հրաժարվում է ճանաչել Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին, մենք պետք է ճանաչենք թուրքական Քուրդիստանը որպես անկախ պետություն եւ պահանջենք Թուրքիայից վերադարձնել Արեւմտյան Հայաստանի տարածքները»:

Վերոնշյալ պայմանագիրը նախկինում էլ խնդիրներ է առաջացրել: 1945-ին Խորհրդային Միության արտգործնախարար Վ. Մոլոտովն է անդրադարձել դրան, իսկ ավելի ուշ ՄԱԿ-ումՙ 1948-ին Անդրեյ Վիշինսկին, ով պահանջել է Կարսը վերադարձնել Հայաստանին, իսկ Արդահանըՙ Վրաստանին:

Բայց առավել հետաքրքրական զարգացում տեղի ունեցավ 2015 թվի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում, որտեղ թուրք ընդդիմադիր խորհրդարանական, քրդամետ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահադդին Տեմիրթաշը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկեց Թուրքիան «վերաձեւավորելու» ծրագիրը, որը նախատեսում է ստեղծել չորս ինքնավար միավորներից (քրդական, հայկական, հունական եւ թրքական) մեկ ընդհանուր «Անատոլիական համադաշնային հանրապետություն» (Anatolian Confederate Republic), որը կունենա երկու պաշտոնական կրոնՙ մահմեդական եւ քրիստոնեական եւ չորս պաշտոնական լեզու: Այդ ծրագիրը խափանվեց քուրդ բնակչության դեմ թուրքական բանակի սանձազերծած կատաղի գրոհի հետեւանքով, սպառնալով նաեւ Դեմիրթաշի պատգամավորական անձեռնմխելիությանը:

Վրաստանի խորհրդարանը արդեն 2005-ին չեղյալ է համարել վերոնշյալ պայմանագիրը, մինչ Հայաստանը դեռ սպասողական դրության մեջ է: Պայմանագրի չեղյալ համարելը հարցականի տակ է դնելու Նախիջեւանի կարգավիճակը եւ Արաքսի միջանցքը, որը միակ ընդհանուր սահմանն է Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ:

Շարժումը որոշակի ոգեւորություն առաջացրեց Հայաստանում եւ շատերն սկսեցին հավատալ, որ Պուտինը Արարատը վերադարձնելու է հայերին: Բայց արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հստակեցրեց, որ Ռուսատանը դեռ քննարկելու է այդ պայմանագիրը չեղյալ համարելու հարցը եւ ավելացրեց, եւ սա շատ կարեւոր է, որ «Ռուսաստանը զարգացնում է իր հարաբերությունները Ադրբեջանի հետ եւ ոչ մի բան չի ձեռնարկելու, որ կվնասի դրանց: Ընդհակառակըՙ կենտրոնանալու է այդ երկրի հետ իր հարաբերությունները բարելավելու վրա»:

Երկար ժամանակ չպահանջվեց հաստատելու համար Զախարովայի հայտարարությունը: 2016 թվի ապրիլի 2-ին շփման գծում ռազմական գործողությունների բռնկման օրերի ընթացքում Կրեմլը չեզոքություն պահպանեց մինչ իր ռազմավարական դաշնակիցը հարձակման էր ենթարկվում: Դա անշուշտ նսեմացրեց Դումայի պատգամավորների առաջարկի հիմնավորվածությունը, եւ մենք երեւի այլեւս չլսենք վերոնշյալ պայմանագիրը չեղյալ համարելու մասին խոսակցություններ:

(Մնացյալը հաջորդիվ)

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 29-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ