BBC-Ի ՖԻԼՄ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ «ԲՈԻՆԳԻ» ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ Պ. Ք. Կործանի՞չ, թե՞ ԿՀՎ-ի գործողություն Բրիտանական BBC հեռուսատալիքը մայիսի սկզբներին կցուցադրի վավերագրական ֆիլմ, որտեղ ասվում է, որ 2014 թ. Դոնեցկի մարզի երկնքում մալայզիական «Բոինգը» կարող էր խփված լինել Ուկրաինայի օդուժի որեւէ կործանիչի կողմից: Այդ մասին հաղորդում է «Դեյլի մեյլ» թերթը: Հրատարակության տվյալներվ, ֆիլմում բերվող վարկածի համաձայն օդանավը խոցվել է ոչ թե «Բուկ» զենիթահրթիռային համակագրից, այլ «օդ-օդ» դասի հրթիռից: Սպասվում է, որ ֆիլմում ներկայացված կլինեն ականատեսների ցուցմունքներ: Ականատեսներից մեկըՙ Նատալյա Բերոնինան, մասնավորապես հայտնել է, որ ինքը տեսել է օդանավի վրա հարձակման պահը: «Մենք տեսանք սեւ ծուխ եւ երկու օդանավ, այնքան փոքր, ասես արծաթե խաղալիքներ լինեին: Մեկը թռչում էր ուղիղ, մյուսը թռչելով շրջանցեց նրան, ապա որոտաց պայթյուն», պատմել է նա: Մեկ ուրիշ ականատես պատմածի համաձայն, ինքը տեսել է, թե ինչպես կործանիչը հրթիռ է արձակել, ինչից հետո որոտացել է ուժգին պայթյուն: «Սանդի էքսպրես» թերթը իր հերթին հաղորդում է, որ գերմանացի լրագրող Բիլլի Սիքսը ֆիլմի համար հարցման է ենթարկել օդային աղետի շուրջ հարյուր ականատեսների, որոնցից վեցը հայտնել են, որ իրենք տեսել են կործանիչ: «Դեյլի մեյլը» նշում է, որ ֆիլմում առաջ է քաշվում եւս մեկ վարկած, ըստ որի օդանավը երկու ռումբով պայթեցվել է ԿՀՎ-ի կազմակերպած գործողության շրջանակներում: Այս վարկածի հեղինակը սեփական հետաքննություն վարող Սերգեյ Սոկոլովն է: Նրա պնդման համաձայն, ամերիկյան հետախուզությունը ուկրաինացի եւ հոլանդացի գործընկերներին օգնել է օդանավում պայթուցիկ սարքեր տեղադրել Նիդերլանդներից թռչելուց առաջ: Սոկոլովի խոսքերով, գործողության նպատակներն են եղել հակառաուսական պատժամիջոցների խստացումը, աշխարհում Մոսկվայի բացասական նկարագրի ստեղծումը եւ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ներկայության ուժեղացումը: Վավերագրական ֆիլմը կոչվում է «Գաղտնի փաստաթղթեր. ո՞վ խոցեց MH17-ը» («The Conspiracy Files: Who Shot Down MH17?»): Այն կցուցադրվի մայիսի 3-ին, տեղական ժամանակով ժամը 21-ին, BBC2 հեռուստաալիքով: Հայտագրում ասված է, որ չնայած պաշտոնական քննության հետեւություններին, «առկա են վկայություններն այն ականատեսների, որոնք տեսել են հարձակման ժամանակ մոտերքով թռած ուրիշ օդանավ»: «Մալայզիա էյրլայնզ» ավիաընկերության Ամստերդամից Կուալա-Լումպուր թռած «Բոինգ-777» օդանավը Դոնեցկի մերձակայքում ընկավ եւ ջախջախվեց 2014 թ. հուլիսի 17-ին: Զոհվեց 298 մարդ, մեծ մասըՙ հոլանդահպատակներ: Վարկածներից մեկի համաձայն, օդանավը խոցվել է հրթիռով: 2015 թ. հոկտեմբերին հրապարակվել էին MH17-ի աղետը հետաքննող միջազգային հանձնաժողովի (այն գլխավորում են Նիդերլանդների Անվտանգության խորհուրդը եւ «Բուկ» հրթիռներ արտադրող «Ալմազ-Անթեյ» կոնցեռնը) զեկույցները: Ռուսական ընկերության հաշվետվության մեջ նշվում էր, որ օդանավը խոցած հրթիռը արձակվել էր Ուկրաինայի զորքերի վերահսկած տարածքից: Հոլանդական կողմը, չմատնանշելով հարձակվողին, միայն նշել էր, որ օդանավը խոցվել է ձախ կողմից: |