ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ ԿԱՐԾԵՍ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՊԱՐՏԱԴՐՎՈՒՄ, ԱՅՆ ԷԼՙ ՀԱՋՈՐԴ ԻՍԿ ՇԱԲԱԹ ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Դիվանագիտական հասկացություններն ու ձեւակերպումներն ավելի հաճախ այլ բան հայտարարելու, այլ բան նկատի ունենալու տարբերակով են օգտագործվում, թեեւ հստակ է, որ գիտելիքի ու հմտությունների մեծ պաշար հարկավոր չէ, այդպես կոչված, տողատակերը հասկանալու համար, հատկապես երբ ժամանակի ընթացքում պարզ համեմատությունն անգամ ի ցույց է դնում դիվանագիտական, առավել եւս միջնորդական առաքելությամբ կառույցների բառապաշարի բուն նշանակությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը, Պիեր Էնդրյուն եւ Իգոր Պոպովը երեկ հանդես են եկել հայտարարությամբՙ մամուլի հաղորդագրության տարբերակով: Եվ եթե սովորաբար նման հաղորդագրությունները նախ հանդիպումների ու ժամանակագրության նկարագրություն են պարունակում, ապա մայիսի 12-ով թվագրված հայտարարության մեջ համանախագահները նախ եւ առաջ մնում են լիովին հավատարիմ ղարաբաղյան հակամարտության տեւական կարգավորման միջնորդական առաքելությանը: Հետաքրքրական է, որ սա հատուկ ընդգծմամբ է մատուցվում, ասել է, թե դժվար հասկացողների համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւս մեկ անգամ շեշտում են իրենց առաքելությունը կատարելու վճռականությունը: «Վերջին բռնությունների եւ շփման գծի երկայնքով լարվածության մեղմացման հրատապության լույսի ներքո մենք գտնում ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակը եկել է», ասվում է հայտարարության մեջ, հավելմամբ, որ համանախագահող երկրներիՙ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի արտգործնախարարները արդեն պատրաստ են նպաստել այդ հանդիպմանը հաջորդ շաբաթ Վիեննայում: Այսինքնՙ համանախագահող երկրները հանդիպման պատրաստությունն ու մասնակցությունը արդեն իսկ բարձրացրել են արտգործնախարարների մակարդակի, եւ եթե հաշվի առնենք, որ վերջին մոտ 20 օրում քանիցս հեռախոսազրույցում ղարաբաղյան իրավիճակը քննարկել են ԱՄՆ եւ Ռուսաստանի արտգործնախարարները, ստացվում է, որ հանդիպման նախապատրաստումն իսկապես ընթացքի մեջ է: Դա էլ իր հերթին վկայում է, որ բանակցություններ վերսկսելու նախապայմանների առումով կա՛մ դրանք բանի տեղ դնող չի եղել, կա՛մ դրանք, ինչը քիչ հավանական է, բավարարվել են: Կամ էլ, երրորդ «կամ»-ի դեպքում, հանդիպումը բնավ էլ բանակցություններ չի ենթադրում, այլ ուղղակի հանդիպում ու հնարավորություն կայունացնելու իրավիճակը: Ամեն դեպքում, հստակ է, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի անունից բանակցությունների առնչությամբ արված հայտարարություններն անարժեք են, ավելինՙ անկարեւոր, առնվազն այն խմբի համար, որը զբաղվում է բանակցությունների միջնորդական առաքելությամբ: Հստակ է նաեւ, որ երբ գործին խառնվում են ավելի բարձր չինովնիկներ, որոնք լուրջ երկրներ են ներկայացնում, ներքին պրոպագանդիստական հայտարարություններից ոչինչ չի մնում: «Նրանց (համանախագահող երկրների ԱԳ նախարարների - Ա.Հ.) հիմնական խնդիրները կլինեն ամրապնդել հրադադարի ռեժիմը եւ համաձայնության գալ վստահության հաստատման միջոցների շուրջը, ինչը նպաստավոր պայմաններ կստեղծի բանակցությունների միջոցով հասնել քննարկվող սկզբունքների եւ հիմնարար տարրերի հիման վրա համակողմանի կարգավորման»: Համանախագահները կարեւորել են ու եւս մեկ անգամ ընդգծել, որ եթե բռնությունները շարունակվեն, բանակցություններում ոչ մի հաջողություն չի լինի, ինչպես եւ չի լինի խաղաղություն առանց բանակցային գործընթացի: «Հակամարտությունը ռազմական լուծում չունի», արդեն բազմակրկնության պատճառով իմաստազուրկ նախադասությամբ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ավարտել են իրենց հայտարարությունը: Ընդհանուր եզրակացությունը մեկն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այսօրինակ կեցվածքը այլեւս չի նպաստում հարաբերական խաղաղության պահպանմանը, եւ չի էլ կարող, քանի որ այդպիսի իրավիճակ այլեւս գոյություն չունի: Իսկ գոյություն չունի ոչ թե սկսած այս տարվա ապրիլից, այլ առնվազն վերջին մոտ երկու տարում, երբ ցավալիորեն սովորական են դարձել լրահոսում «մահացու վիրավորում» (*) ստացած զինվորների մասին հաղորդագրությունները: *) Ի դեպ, ժամանակն է դեն շպրտելու այս ռուսաբանությունը, որը մեր տպավորությամբ գալիս է մեր ՊՆ-ից: Վիրավորում («ռանենիյե») բառի դիմաց մենք ունենք պարզ եւ հստակ արտահայտությունՙ «մահացու վերք ստացավ»: Խմբ.: |