ԽՈՇՈՐ ՄԱՐԶԱԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐՎԵՑ Ա. Մ. «Թայգր գրուպ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային եւ հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կհետաձգվի երեք տարով: Նման որոշում երեկ ընդունեց կառավարությունը, նկատի ունենալով, որ վերոնշյալ ընկերությունը նախատեսում է կառուցել տարածաշրջանում ամենամեծ մարզաառողջարանային համալիրըՙ հագեցած նորագույն սարքավորումներով, եւ Հայաստանում նախադեպը չունեցող ընտանեկան ժամանցի փակ կենտրոնը: Այդ նպատակով կատարվող ներդումների չափը 11,4 մլրդ դրամ է, որից 3,1 մլրդ դրամըՙ ժամանակակից սարքավորումներ ձեռք բերելու համար: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ակնկալվում է ստեղծել 280 աշխատատեղ` 100 հազար դրամ միջին աշխատավարձով: |