RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#019, 2016-05-20 > #020, 2016-05-27 > #021, 2016-06-03 > #022, 2016-06-10 > #023, 2016-06-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 03-06-2016



Տեղադրվել է` 2016-06-07 21:39:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 3528, Տպվել է` 64, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԳԼԻԶԵՐ ՓԱԼՈՄԱՐ ԱՆՈՒՆՈՎ ԱՂՋԻԿԸ ԵՎ ԼՈՒՑԿԻՆ

Հ. ԱՖՅԱՆ

Եթե այսօրն ավելի պակաս կարեւոր լիներ, քանՙ վաղը, ապա Հռոմի պապն այսօր Ֆիլիպիններում չէր լինի, փոխարենը կնախապատրաստվերՙ «վաղը» Հայաստան կատարելիք այցին: Իսկ վերջինին նախապատրաստվել պետք է: Բանն այն է, որ Հռոմի պապն անգամ խոստովանում է, որ ինքը հունիսի վերջերին, ավելի կոնկրետՙ հունիսի 24-26-ը լինելու է աշխարհում առաջինը քրիստոնեությունն ընդունած երկրում... Բայց, դա «վաղը»: Այսօր Պապը, ինչպես նշեցի, Ֆիլիպիններում է, որտեղ մայրաքաղաք Մանիլայում դպրոցականների առջեւ ելույթ է ունեցել, կնշանակի այսօրն էլ կարեւոր է, անգամ եթե քրիստոնեա ես, անգամ եթե ամենաքրիստոնյան ես. չի կարելի ապրել «վաղվանով», պետք է այսօր ապրել:

Մանիլայում Ֆրանցիսկոս պապը միայն ելույթ չէ, որ ունեցել է: Երեխաները նրան հարցեր էլ են տվել: Օրինակՙ 12-ամյա ֆիլիպինուհի Գլիզեր Փալոմարը Պապին հարցրել է. «Շատ երեխաներ թմրամոլ են դառնում, շատերըՙ սեռական շահագործման են ենթարկվում: Աստված ինչո՞ւ է աչք կոծկում, որ նման բաներ մեզ հետ տեղի ունենան»:

Պապը ոչինչ չի պատասխանել, ավելին, հետո, երբ բոլոր հարցերը հնչել ենՙ իրենց պատասխաններով, կաթոլիկ եկեղեցու հովվապետը ասել է, թե 12-ամյա Գլիզեր Փալոմարի հարցը հնչածներից միակն էր, որը պատասխան չունի: Սա շատ կարեւոր է, բայց ոչ թե այն, որ աղջկա հարցը պատասխան չունի (դա վաղուց գիտեինք), այլ այն, որ սա խոստովանում է Պապն ինքը: Կարո՞ղ էր, չէ՞, նա, ինչպես նախորդ պապերը, ինչպես ոչ միայն պապերը, հայտարարեր, թե Աստված աչք չի կոծկում, այլ մեզ փորձության է ենթարկում, որ տեսնի-համոզվի, թե որքան ենք հավատում իրեն, որքան ենք սիրում նրան եւ ոչ միայն նրան: Եւ Աստված մշտապես մեզ փորձությունների է ենթարկում այնքան, որքան վստահ է, որ կտանենք եւ տանում ենք դրանք: Հենց այդ տանելն էլ քրիստոնեությունն է, ինչը ոչ թե այսօրն է, այլՙ վաղը: Այսօր պետք է տանջվենք եւ մաքուր մնանք, որ վաղն ապրենք առանց տանջանքի եւ փառավորված: Փոխարենը սա ասելուն, Ֆրանցիսկոս պապն ասել է, որ 12-ամյա Գլիզեր Փալոմարի հարցը միակն էր, որ պատասխան չունի...

Պապը չի ասել, բայց իրականում Գլիզերի հարցը լուցկի է, ընդ որումՙ վառված: Այդ անպատասխան ճանաչված հարցը ցույց է տալիս, որ քրիստոնեությունն անգամ այսօր փոխվել է, այլ սկզբունքներ ունի այլեւս: Էլ պետք չէ մարդկանց հույս տալ, թե այսօր դիմացեք, որ վաղը լավ լինի, պետք չէ, քանի որ իզուր է, քանի որ մարդիկ ավելի արագ ու հեշտ հավատացին, որ հանուն վաղվան այսօր դիմանալը սխալ է, քանՙ Աստծու գոյությանը հավատացին: Ավելին, որքան երկար մարդկանց համոզեին, թե այսօրըՙ սին է, վաղն է կարեւորը, այնքան ավելի դժվար կլիներ մարդկանց հավատացնելՙ Աստծուն, այդքան ավելի ու ավելի կխորանար մարդ-Աստված անջրպետը, հիասթափությունը, որը հավատի հականիշներից է, ի դեպ:

Գլիզեր Փալոմարը իր մեկ հատիկ լուցկով լույս է վառել: Նա ցույց է տվել բոլոր այն մարդկանց դեմքերը, որոնք սարսափելի հոգնել են վաղվան սպասելով ու այնքան լուսեղ է դա ցույց տվել, որ թաքցնելն այլեւս անիմաստ է, դեպի Քանանի երկիր գնացող ճանապարհ որոնելուն պես: Պապն այլեւս հասկացել է, որ ինքը չունի «Ո՞ւր էիր, Աստված» հարցի պատասխանը: Այդ պատասխանը ոչ ոք չունի, չկա այն: Փոխարենը այսօր, հենց այս պահին, Ֆիլիպինների փողոցներում ապրում է 1 միլիոն 200 հազար երեխա, միայն երեխա եւ միայն Ֆիլիպիններում:

Աստված օրհնի ձեզ եւ դա թող այսօ՛ր անի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 03-06-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ