ԿԱՆ ՇՆԵՐ ԵՎ ԿԱՆ ՈՒՐԻՇ ՇՆԵՐ Հ. ԱՖՅԱՆ Բոլոր շներն էլ կծում են, պարզապես կան շներ, որոնք հաճախ են կծում, կծան են: Առհասարակ կծելու հաճախականությամբ կարելի է շներին տարբերակել, բայց այսօր շների ոչ թե տարբերության, այլ ընդհանրության մասին ենք խոսելու, եւ քանի որ մենք ոչ թե շոտլանդացի եք, այլՙ հայ, խոսելու ենք ոչ թե անգլիացիների մասին, այլՙ թուրքերի: Թուրքերն, իհարկե, շուն չեն, ավելի ճիշտ այնքանով են շուն, որքանով շուն են անգլիացիները, բայց պարզվում է կծելը միայն շներին հատուկ վարքի դրսեւորում չէ, դե այսինքն բոլոր ժողովուրդներն էլ կծում են, պարզապես կան ժողովուրդներ, որոնք հաճախ են կծում, կծա՛ն են: Առհասարակ կծելու հաճախականությամբ կարելի է տարբերակել ժողովուրդներին: Պայմանականորեն կծան ժողովուրդներին տանք «թուրք» անվանումը, հուսամՙ չեն նեղանա, չնայածՙ գրողի ծոցը նեղանան: Իբր որ չնեղանան, նեղացած չե՞ն ու չե՞ն կծում: Օրինակ Արեւելքում: Ինչպես հիշում ենք, բոլորովին վերջերս 800 հեկտար տարածք կորցրեցինք: Թե հիմա ի՞նչ տարածք էր այդ 800 հեկտարը, շատ ենք խոսել, եւ հիմա կարեւորը դա չէ: Կարեւորն այն է, որ կորցրել ենք հենց 800 հեկտար: Կծել են, տվել ենք, ավելի ճիշտՙ կծել են, վերցրել են, կարողացել են, որովհետեւ կծան են: Տվել ենք, որովհետեւ մենք կծան չենք. մենք ժողովուրդների չկծան տեսակից ենք, որին պայմանականորեն տանք «հայ» անվանումը: Թե ո՞րն է ավելի լավ, այլ թեմա է, բայց հաստատ թեմա է: Ինչո՞ւ հենց 800 հեկտար: Ավել չկարողացա՞ն, թե՞ ավելին չտվեցինք: Նույն բանը չէ: Ավելին չտվեցինք-ի հերոսը մենք ենք, ավելին չկարողացան-ըՙ փաստ չէ, որ մեզնով է պայմանավորված: Հնարավոր էՙ նրանք ավել չեն կարողացել, որովհետեւ նրանց ուրիշներն ասել ենՙ վերջ, էլ չեք վերցնում, ավելի ճիշտՙ հիմա էլ չեք վերցնում: Մի խոսքով, փաստ չէ, որ այս պատմության հերոսը մենք ենք: Մենք ենք, եթե փաստ է, որ նրանց ավելին չենք թողել: Ուրիշ փաստ կա: Թուրքական զինուժը բոլորովին վերջերս առաջ է գնացել թուրք-սիրիական սահմանով դեպի Սիրիայի խորքը: Թուրքական ստորաբաժանումները հսկիչ կետ են սահմանել սիրիկական Աֆրին քաղաքի մերձակայքում, որը Հալեպի մարզից գտնվում է մի փոքր դեպի հյուսիս-արեւմուտք: Քաղաքում հիմնականում ապրում են քրդերը: Գիտե՞ք, թե որքան է Թուրքիան առաջ գնացելՙ գրեթե 800 մետր: Ծանո՞թ թիվ է: Ուրեմն գուցե նրանց, նկատի ունեմ այն ժողովուրդներին, որոնց պայմանական անունը դրեցինք «թուրք», թույլատրվում է առաջ գնալ, բայց ոչ ավելին, քան 800 մե՞տր: Չէ՞ որ հնարավոր չէ, որ ե՛ւ արեւելքում, ե՛ւ արեւմուտքում թուրքերն այդքանն են ուզել, չէ՞ որ բացառվում է, որ Արեւելքումՙ Սիրիան, Արեւելքումՙ մենք ենք, որ թուրքերին ավելին չենք թողել: Չէ՞ որ բացառվում է, որ այսքան զուգադիպություն լինի: Թե՞ չի բացառվում, այսինքն մենք Սիրիայի հետ գործ չունենք, բայց Արեւելքում մենք ենք, որ ավելին չենք թողել: Եթե անգամ այդպես է, Սիրիայում ինչո՞ւ են հենց շուրջ 800 մետր առաջ գնացել, ի դեպՙ սիրիացիներն էլ ժողովուրդների «հայ» տեսակից են... Իմ կարծիքով այստեղ գաղտնիք կա, դավադրություն չէ, մասոնական չէ, անգլո-սաքսոնական, ջհուդական կամ մահմեդական չէ, ավելի մեծ է, մի տեսակՙ կենդանական է, բնազդայինՙ կծելու պահանջ է: Կծան շանը չես կարող հնարավորություն չտալ կծելու, հակառակ պարագայումՙ քեզ կկծի: Ու որպեսզի միշտ նրանց համար կծելու բան ունենաս, Սիրիա ես պահում, Ղարաբաղ ես պահում, ու 800 մետրերով ժամանակ առ ժամանակ տալիս ես: Վերջիններս էլ դիմանում են այնքան, քանի դեռ մեկ ուրիշ տեղ «սիրիաներ» ու «ղարաբաղներ» չեն ստեղծվել, կամՙ քանի դեռ շարունակում են պատկանել ժողովուրդների ոչ կծան տեսակին: Իրականում հայի եւ թուրքի կռիվ է, այդ թվում Սիրիայում, որտեղ հնարավոր է հաղթել կամ եթե թուրք ես, կամ եթե թուրք չկա: Բայց որպեսզի թուրք չլինի, պետք է ի՛նքդ կծան լինել... Մի խոսքով, բոլոր շներն էլ կծում են, պարզապես կան շներ, որոնք հաճախ են կծում, կծա՛ն են... |