ՅՈՎՀԱՆՆԷՍ ՀԻՆԴԼԵԱՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՕՐԵԱՅ ԳԻՏԱԺՈՂՈՎ «Սփիւռք» Գիտաուսումնական կենտրոնի լրատուութիւն Մայիսի 26-ին մեկնարկեց Խ. Աբովեանի անուան Հայկական Պետական մանկավարժական համալսարանի նախաձեռնած միջազգային երկօրեայ գիտաժողովըՙ նուիրուած խոշորագոյն մանկավարժ Յովհաննէս Հինդլեանի ծննդեան 150-ամեակին: Այն կազմակերպել էին Համալսարանի «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնը, Հայ նոր եւ նորագոյն գրականութեան, Մասնագիտական կրթութեան եւ Կիրառական մանկավարժութեան ամբիոնները: Գիտաժողովը հովանաւորել են համալսարանը եւ Նիւ Եորքի Պոլսահայ օգնութեան միութիւնը (CARS, ատենապետՙ Պերճ Արազ): Սփիւռքից ներկայ էին բազմաթիւ հիւրեր, ուսուցիչներ, կրթական գործի կազմակերպիչներ: Արտասահմանեան մասնակիցներին, նախ, ջերմօրէն ընդունեց Համալսարանի նախագահ Ռուբէն Միրզախանեանը , որը քաջածանօթ է Սփիւռքի կրթական հիմնախնդիրներին: Նա պատմեց Մանկավարժական համալսարանի կրթական ուղղութիւնների, ժամանակակից նորարար մօտեցումների մասին: Ապա հիւրերը դիտեցին համալսարանի թանգարանը եւ այնտեղ բացուած «Պոլիսը մօտ ու հեռու» խորագրով գրաֆիկական աշխատանքների ցուցադրութիւնը (հեղինակՙ Լեւոն Լաճիկեան): ՀՀ Սփիւռքի նախարարի անունից գիտաժողովին ողջոյնի խօսքով հանդէս եկաւ աշխատակազմի ղեկավար Ֆիրդուսի Զաքարեանը : Նա մաղթեց արդիւնաւոր աշխատանք եւ ընդգծեց մանկավարժական հաւաքի համահայկական իւրայատկութիւնը, որը քիչ է պատահում մեզանում: Եւ իրաւունք ունէր. միայն Սփիւռքից մասնակցում էին Կարապետ Տաքեսեանը (Ֆրանսիա), Սիլվա Գույումճեանը եւ Արտաշէս Մարկոսեանը (Թուրքիա), Ռոսիթա Եուսէֆեանը (Արգենտինա), Արմէն Քիւրքճեանը (Կանադա), Հրայր Ճեպեճեանը (Կիպրոս), Գաբրիէլ Սուլթանեանը (Անգլիա), Աիդա Մինասեանը, Թորոս Թորանեանը (Սուրիա) եւ ուրիշներ: Բացման իր հանգամանալից խօսքում համալսարանի ուսումնագիտական հարցերի գծով պրոռեկտոր Սրբուհի Գէորգեանը ծանրացաւ Հինդլեանի մանկավարժական հսկայական վաստակին ու մատնացոյց արեց այն ուղղութիւնները, որոնք որդեգրել է նաեւ Մանկավարժական համալսարանը: Իրենց զեկուցումներում, ելոյթներում ու քննարկումների ժամանակ մասնակիցները բացայայտեցին Յովհաննէս Հինդլեանի մեծութիւնը ոչ միայն իր ժամանակի մէջ, այլեւ ժամանակից դուրս, հաստատեցին նրա տիրական ներկայութիւնը, նրա մանկավարժական հայեացքների կենսունակութիւնը հենց մեր օրերում, ինչը թերեւս այս գիտաժողովի գլխաւոր առանձնայատկութիւնն էր: Զեկուցումների մի զգալի մասը նուիրուած էր ժամանակակից կրթական մեթոդաբանութեան ընկալման ակունքներին եւ նորովի ճանաչողութեանը ( Կարապետ Տաքեսեան , Աիդա Թոփուզեան , Ջուլիէտա Գիւլամիրեան , բոլորն էլՙ Հայաստանից): Հինդլեան արուեստագէտ-մանկավարժի եւ գիտնականի էութիւնը առանձնացրին Սուրէն Դանիէլեանը եւ Աշոտ Գալստեանը , իսկ մանկավարժի տիպարի համակողմանի վերլուծութեամբ հանդէս եկաւ Ստամբուլի Կեդրոնական վարժարանի տնօրէն Սիլվա Գույումճեանը , որի խօսքում մասնաւորաբար տողանցեցին ինչպէս Հինդլեանի հիմնադրած «Նոր դպրոց»ի, այնպէս էլ ցայսօր Կեդրոնական վարժարանի գիտամեթոդական հարուստ աւանդոյթը, որի իրականացման մէջ մեծ է հենց իրՙ տնօրէնի երեսուն տարիների հսկայական աւանդն ու դերակատարութիւնը: Առանձնակի համ ու հոտ հաղորդեց գիտաժողովին Թորոնթոյից ժամանած հինդլեանցի Արմէն Քիւրքճեանը , որի յուշերի կծիկը վերականգնեց Հինդլեանի օրերի մթնոլորտն ու շունչը: Հինդլեանի կրթական գործունէութեան մոդէլի, համայնագէտ-մանկավարժի, նրա հայեացքների իւրայատկութիւնների մասին ծանրացան զեկուցաբերներ Գայիանէ Խալաթեանը , Լաուրա Ասատրեանը , Նաիրա Տողանեանը : Քրիստոնէական Աստուածաբանութեան ժամանակակից խորքային համեմատականներով աչքի ընկաւ Հրայր Ճէպէճեանը , որը նոր լուսարձակ բացեց Հինդլեանի մանկավարժութեան եւ քրիստոնէական արժէքների հին ու նոր գնահատութիւններում: Արեւմտահայ մեծ մանկավարժի հայաստանեան ներկայութիւնը դարձաւ Տաւուշի մարզի Կայան աւանում հիմնուած Հինդլեան գիտամեթոդական կենտրոն-վարժարանը, ինչի մասին հանգամանալից պատմեց Հայաստանում «Հինդլեան դպրոց» ծրագրի համակարգող Լեւոն Լաճիկեանը: Գիտաժողովի աշխատանքները շարունակուեցին մայիս 27-ին, արդէն հայրենիքի սահմանագլխին գտնուող Կայան աւանում, Հինդլեան վարժարանում: |