RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#019, 2016-05-20 > #020, 2016-05-27 > #021, 2016-06-03 > #022, 2016-06-10 > #023, 2016-06-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 03-06-2016



ՀԱՅԱՑՔ ԻՍՐԱՅԵԼԻՑ

Տեղադրվել է` 2016-06-07 21:39:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 3524, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԱԲՐԱՀԱՄ ՇՄՈՒԼԵՎԻՉ. «ՂԱՐԱԲԱՂԻՑ ԿԱՐՈՂ Է ՍԿՍՎԵԼ 3-ՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏ»

Ռուս. թարգմ. Պ. Ք.

Իսրայելցի քաղաքագետ Աբրահամ Շմուլեւիչի խոսքերով, «ժամանակը գործում է ընդդեմ Ադրբեջանի: Ղարաբաղյան հակամարտության սկզբից անցել է 20 տարուց ավելի: Կանցնի եւս 15 տարի, եւ համաշխարհային ընկերակցությունը կասիՙ դե ինչ, դա կատարված փաստ է»:

Ղարաբաղյան հակամարտության գոտու իրադարձությունների, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Ռուսաստանի ու Թուրքիայի մասնակցությամբ հնարավոր լայնածավալ պատերազմի հեռանկարների հարցն այսօր մտահոգում է շատ-շատերին: Այս կապակցությամբ rusmonitor.com հրատարակության էջերում լրագրող Ֆյոդոր Կլիմենկոն փորձել է պարզել իսրայելցի քաղաքագետ, Հարավային Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի առաջատար մասնագետ Աբրահամ Շմուլեւիչի կարծիքը: Վերջինիս պատասխանը ներկայացնում ենք չնչին կրճատումներով:


- Աբրահամ, երեւի հիմա արդեն կարելի է խոսել ղարաբաղյան հակամարտության գոտու գարնանային սրացման միջակա արդյունքների մասին: Ինչպիսի՞ն են դրանք եւ ինչպե՞ս կարող են ազդել Հարավային Կովկասի իրադրության վրա:

- Այդ իրադարձությունները կարեւոր են ոչ միայն Հարավային Կովկասի համար: Ես կուզենայի սխալված լինել, բայց այն, ինչ մենք տեսանք եւ տեսնում ենք, սոսկ հերթական սրացում չէ. դա ավելի շուտ արտացոլումն է շատ ավելի խոր, լուրջ եւ հեռագնա հետեւանքներ ունեցող ինչ-ինչ գործընթացների, որոնք վերջին հաշվով կարող են ազդել համընդհանուր մասշտաբի իրադարձությունների վրա, ընդհուպՙ նոր աշարհամարտի ծավալումը: Քանզի այս հակամարտությունը կարող է պատրվակ դառնալ, ինչպես 1-ին աշխարհամարտի նախաբանը եղած բալկանյան հայտնի իրադարձությունները: Այն ժամանակ կարծես թե տեղային հակամարտություն էր ծագել Սերբիայի եւ Ավստրո-Հունգարիայի միջեւՙ այն պայմաններում, երբ ոչ ոք չէր ուզում եւ չէր սպասում դրա լրջացմանը:

Քաղաքականությունը շախմատ չէ, թեեւ հաճախ այն սխալմամբ համեմատում են շախմատի հետ: Իրականում տեղի են ունենում շատ ավելի բարդ գործընթացներ, որոնք անհնար է կանխատեսել տարբերակների պարզ քննությամբ:

Եկեք դիտարկենք, թե հայ-ադրբեջանական հակամարտության մեջ ինչպիսի շահեր են բախվում կամ, ընդհակառակը, զուգադիպում:

Հայաստանի նպատակը ստատուս-քվոյի պահպանումն է: Նա վերահսկում է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը: Հասկանալի է, որ ՀՀ-ին պետք չեն նոր նվաճումներ: Ադրբեջանում ճիշտ հակադիր իրավիճակ է, ըստ որում այնտեղ հասկանում են, որ ժամանակն իրենց դեմ է գործում: Ղարաբաղյան հակամարտության սկզբից անցել է 20 տարուց ավելի: Կանցնի եւս 15 տարի, եւ համաշխարհային ընկերակցությունը կասիՙ դե ինչ, դա կատարված փաստ է:

Ադրբեջանում լավ հասկանում են, որ իրենք անկարող են հետ վերադարձնել Ղարաբաղը իր ամբողջ հայ բնակչությամբ (թեեւ խոստանում են լայն ինքնավարություն եւ ապահովություն): Ուստի ադրբեջանական դիվանագիտությունը պնդում է, թե հայերը զավթել են իրենց չպատկանած յոթ շրջան, որտեղ իբր չի եղել հայ բնակչություն: Պահանջում են վերադարձնել դրանք եւ հետո խոսել նախկին ԼՂԻՄ-ի կարգավիճակի մասին: Սակայն աշխարհը տվյալ դեպքում չի արձագանքում այնպես, ինչպես Ղրիմի դեպքում:

Երկրորդ, ադրբեջանական կողմին ճնշում է առաջին պատերազմում իր կրած պարտության վերհուշը: Ադրբեջանցիները փոխվրեժ են տենչում: Վերջին 20 տարում Ադրբեջանը բավական լավ բարեփոխել է իր բանակը, գնել է ամենաարդիական զենքեր, բանակի բոլոր սպաները ուսուցում են անցել Թուրքիայում: Սակայն հայերը լուրջ չեն վերաբերվում այդ ամենին եւ ասում են, թե «թուրքերը» կռվել չգիտեն: Վերջին դեպքերը վկայում են, որ դա այնքան էլ ճիշտ չէ: Ադրբեջացնիները ցույց տվեցին, որ իրենք ի զորու են ճեղքել պաշտպանությունը եւ զավթել որոշ բնակավայրեր: Ճիշտ է, հետո դրանց մեծ մասը հետ վերադարձվեց, բայց տվյալ դեպքում ամենագլխավոր արդյունքն այն է, որ ադրբեջանցիները ցույց տվեցին իրենց բանակի մարտունակությունը:

Հօդս ցնդած երկրորդ առասպելն այն է, որ հայերը միշտ հույս են դրել Ռուսաստանի օգնության վրա: Պարզվեց, որ Ռուսաստանը չի փափագում օգնել հայերին: Հայաստանը հանկարծ պարզեց, որ այս բարդ իրավիճակում ինքը բացարձակապես մենակ է:

Ըստ էության, սրանք են Ադրբեջանի ձեռք բերած արդյունքները: Նաեւ ակնհայտ է, որ ապրիլին մեր տեսածը լոկ հնարավորությունների ցուցադրություն էր, եւ ոչ թե հարձակում ամբողջ ուժով: Ադրբեջանը չօգտագործեց իր նորագույն սպառազինությունները, ներառյալ օդուժը, համազարկային կրակի համակարգերը եւ հրետանին, որոնցով ինքը գերազանցում է Հայաստանին:

Այս պատմության մեջ շահագրգիռ կողմ է նաեւ Ռուսաստանը, որն ուզում է այսուհետեւ էլ Հարավային Կովկասը դիտարկել որպես սեփական ազդեցության ոլորտ: Նա ռազմակայաններ ունի Հայաստանում, գրավյալ Հարավային Օսիայում եւ Ախբազիայւոմ, շատ կուզենար ունենալ նաեւ Ադրբեջանում:

ՌԴ ղեկավարությունը չի թաքցնում, որ ուզում է խաղաղարար ուժեր մտցնել Լեռնային Ղարաբաղի տարածք (փաստորեն Ադրբեջանի ինքնիշխան տարածք), հայկական եւ ադրբեջանական զորքերի շփման գիծ: Այդ դեպքում նա կկարողանա վերահսկել Ադրբեջանով անցնող գազամուղներն ու նավթամուղները: Ներկա պահին իրադրությունը համեմատաբար հանգիստ է, եւ շատերը կարծում են, թե կարելի է թնդանոթները մի կողմ դնել եւ կրկին սկսել քաղաքական շախմատ խաղալ: Սակայն առկա են բազմաթիվ ուրիշ խաղացողներ եւ գործոններ, որոնցից շատերը մենք անգամ հաշվի էլ չենք առնում:

Սկսենք խաղացողներից: Օրինակ, եթե Ադրբեջանը համաձայնի իր տարածքում ռուսաստանցի խաղաղարարների ներկայությանը, ապա դա կնշանակի Հարավային Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի շրջանում աշխարհաքաղաքական զուգակշռության լիակատար փոփոխություն: Դատելով ԵԱՀԿ հայտարարություններից, Եվրոպան կարող է համաձայնել դրան: Ամերիկայի հետ խնդիրն ավելի բարդ է, բայց եթե Ռուսաստանը կարողանա «լավ ճնշել» Ադրբեջանին, ապա Օբաման եւս ստիպված կլինի համաձայնել, չնայած ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններում նկատվող հսկայական առաջընթացին:

Վրացի քաղաքագետ Գելա Վասաձեի խոսքերով, վերջերս Ալիեւ-Օբամա հանդիպման ժամանակ ձեռք է բերվել համաձայնություն առ այն, որ Ամերիկան հանդես կգա որպես հակամարտության մոդերատոր: Մասնավորապես կտեղակայվեն ամերիկյան էլեկտրոնային համակարգեր, որոնք կնախազգուշացնեն գնդակոծությունների մասին:

Ռուսաստանի ռազմավարական խնդիրն էՙ այդ գործընթացից դուրս մղել Ամերիկային: Փոխարենը հարկ կլինի ինչ-որ բան խոստանալ Ադրբեջանին: Իսկ դա կարող է լինել միայն ի հաշիվ Հայաստանի: Եթե Ադրբեջանը համաձայնի ռուսական խաղարար ուժերի տեղաբաշխմանը, ապա Ռուսաստանը պետք է երաշխավորի «գրավյալ» տարածքների վերադարձը 5+2 բանաձեւով (Հայաստանի վերահսկողության տակ մնում է 2 շրջան): Իրադարձությունների այսօրինակ զարգացումը ՀՀ-ում նշանակում է կատարյալ ներքաղաքական աղետ: Բացի դրանից, Հայաստանը մենակ է, Ռուսաստանը մտադիր չէ որեւէ օգնություն ցույց տալ. ընդհակառակը, որպես մանրադրամ է օգտագործում իր խաղի մեջ: Ի դեպ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ զգալի անհավասարակշռություն կա սպառազինության քանակի ու որակի առումով:

Վերջին տարիներին Ադրբեջանը եռանդագին զինվում էր, առաջին հերթինՙ Հայաստանի «դաշնակից» Ռուսաստանի օգնությամբ: Մինչդեռ Հայաստանի սպառազինությունների հիմքը խորհրդային հին զենքերն են: Եվ ահա անսպասելիորեն Մոսկվան Երեւանին 200 մլն դոլար նպատակային վարկ է հատկացնում, ըստ որումՙ ոչ թե փողով, այլ համազարկային կրակի ամենաարդիական համակարգերով («Սմերչ» եւ «Սոլն-ցեպյոկ»): Դա կարող էր տարածաշրջանում կտրուկ փոխել իրավիճակը, եւ Ադրբեջանը, ըստ երեւույթին, որոշեց կանխել դա:

Գործող ուժերին կհաջողվի՞ արդյոք թույլ չտալ պատերազմ: Առաջին խաղացողը Հայաստանն է, որի կենսական շահերը պահանջում են Ռուսաստանին ստիպել կատարելու ՀԱՊԿ-ի գծով ստանձնած պարտավորությունները: Վերջինս չի ուզում կատարել եւ պարտավոր էլ չէ միջամտել Ղարաբաղի շփման գոտում իրավիճակի սրման դեպքում: Իսկ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված վտանգի դեպքում Ռուսաստանը պարտավոր է օգնել ՀՀ-ին:

Ես շատ ուշադիր վերաբերվեցի այն փաստին, որ արդեն զինադադարից հետո հանկարծ հաղորդեց Նախիջեւանի սահմանում տեղի ունեցած լուրջ փոխհրաձգությունների մասին: Նախիջեւանը 1921 թ. թուրք-ռուսական համաձայնության արդյունքն է, եւ թուրքերը այդ ինքնավար հանրապետության ամբողջականության երաշխավորներն են: Ներխուժման վտանգի դեպքում Թուրքիան պարտավոր է միջամտել: Իսկ ՀՀ սահմանի խախտման դեպքում միջամտելու պարտավորություն ունի Ռուսաստանը: Գուցե մի օր նա ստիպված լինի դա անել: ՀԱՊԿ անդամներից են նաեւ Ղազախստանն ու Ղրղզստանը, որոնք Մոսկվայից կախման մեջ են Հարավային Կովկասի երկրներից պակաս չափով, եւ չի բացառվում, որ մի օր Մոսկվան փոխարինեն Պեկինով, Վաշինգտոնով, Բրյուսելով: Ռուսաստանի համար Կենտրոնական Ասիան անչափ կարեւոր է, իսկ տարածաշրջանի երկրների համար էլ ՀԱՊԿ-ն է կարեւոր, նախ եւ առաջՙ «Թալիբանից» եւ մյուս իսլամիստներից պաշտպանվելու համար: Սակայն Մոսկվան սկսել է գաղտնի բանակցություններ վարել թալիբների հետ, ուստի կենտրոնասիական երկրները ՀԱՊԿ պայմանագիրը հաճախ անվանում են «թղթի կտոր»:

Առկա է նաեւ նավթի գործոնը: Օրինակ, վերջերս ՀՀ գլխավոր շտաբի պետը սպառնաց ՌԴ-ից արդեն ստացված հեռահար համակարգերով ոչնչացնել Ադրբեջանի ամբողջ նավթային ենթակառույցը: Հասկանալի է, որ դա կարող է էապես բարձրացնել նավթի գները, ինչով շահագրգռված են որոշ կարեւոր խաղացողներ, այդ թվում Ռուսաստանը:

Կարեւոր է նաեւ Իրանի գործոնը: Սիրիայի պատերազմին իր միջամտությամբ Ռուսաստանը փաստորեն աջակցեց Իրանի գլխավորած շիա կոալիցիային: Մոսկվա-Իրան «առանցքը» սկսեց մտահոգել շատերին, այդ թվում Իսրայելին եւ Սաուդյան Արաբիային, ինչպես նաեւ ԱՄՆ-ին:

Մեկ ուրիշ կարեւոր գործոն է այն, որ Իրանում ադրբեջանցիներն ավելի շատ են, քան Ադրբեջան պետությունում: Եվ եթե արցախյան առաջին պատերազմի ժամանակ Իրանը բացահայտորեն բռնեց Հայաստանի կողմը, ապա այօսր այաթոլլահների վարչակարգն այնքան էլ միասնական չէ, եւ Իրանի հոգեւոր առաջնորդ Խամենեին էլ ադրբեջանցի է (ատրպատականցի): Հատկանշական է, որ քառօրյա պատերազմի օրերին Ատրպատականի մայրաքաղաք Թավրիզում, ուզբեկական «Պախտակորի» եւ տեղական իրանական թիմի հանդիպման ժամանակ, ամբողջ մարզադաշտը վանկարկում էր «Ղարաբաղը մերն է»:

Եթե սկսվեն ռազմական լուրջ գործողություններ, եւ Իրանը բռնի Ադրբեջանի, իսկ Ռուսաստանըՙ Հայաստանի կողմը, ապա շիա «առանցքը» կկոտրվի, իսկ Ռուսաստանը ստիպված կլինի հեռանալ Սիրիայից: Դա հիանալի հասկանում են շահագրգիռ երկրներըՙ Թուրքիան, Իսրայելը, Սաուդյան Արաբիան, ինչպես նաեւ Արեւմուտքը:

Ղարաբաղյան հակամարտությունը շիա «առանցքի» գոյությանը սպառնացող շատ վտանգավոր գործիք է: Նման լարված իրավիճակում չի կարելի անտեսել նաեւ ճակատագրական պատահականության գործոնը, ինչպես Սարաեւոյի այն կրակոցը, որից հետո սանձազերծվեց 1-ին աշխարհամարտը: Ոչ մի կառավարություն չէր ծրագրել գահաժառանգ Ֆերդինանդի սպանությունը, բայց դա տեղի ունեցավ, հանգեցնելով երկու աշխարհամարտերի սանձազերծմանը, 100 մլն մարդկանց մահվանը եւ աշխարհակարգի լիակատար փոփոխմանը:

Իսկ հիմա պատկերացրեք, որ, օրինակ, հակամարտության հերթական սրման դեպքում ինչ-որ անվարժ հայ կամ ադրբեջանցի լեյտենանտ սխալվում է եւ ռազմական թիրախների փոխարեն պատահաբար հարվածում է որեւէ խոշոր բնակավայրի, պատճառելով բազմաթիվ զոհեր: Նման միջադեպը գրեթե անխուսափելիորեն կհանգեցնի արդեն հայ-ադրբեջանական պատերազմիՙ երրորդ երկրների, նախ եւ առաջՙ Ռուսաստանի ու Թուրքիայի ներգրավմամբ: Այսինքն տվյալ հակամարտությունը ոչ այլ ինչ է, քան ռուս-թուրքական պատերազմի «ձգան», որը կարող է գործի դրվել ընդամենը մեկ սխալ հրետանային համազարկով...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 03-06-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ