RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#019, 2016-05-20 > #020, 2016-05-27 > #021, 2016-06-03 > #022, 2016-06-10 > #023, 2016-06-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 03-06-2016



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2016-06-07 21:39:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 3570, Տպվել է` 39, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԴԻԼԻՋԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ՉԵԽԱԿԱՆ ԼԻԴԻՑԵԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԵԴԱԼԻ

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ

Մայիսի 31-ին, ավանդույթի համաձայն, չեխական Լիդիցե ավանի պատկերասրահում ամփոփվեցին Գեղարվեստի միջազգային մանկական մրցույթի 44-րդ արդյունքները: Այս տարվա մրցույթի թեման էր դպրոցն ու կրթությունը: Այս տարվա «Լիդիցեի վարդ» հատուկ մրցանակը շնորհվեց օտարերկրյա դպրոցներիցՙ Հնդկաստանի դպրոցներից մեկի երկու աշակերտներին եւ ուսուցչին, իսկ չեխական մրցանակըՙ Ռոժնով եւ Ռադոշտին քաղաքների Սեդմիկլասկա դպրոցին: Արարողությանը ներկա էին Չեխիայի գիտության եւ կրթության նախարարը, մարդու իրավունքների նախարարը, մշակույթի փոխնախարարը, բազմաթիվ դեսպանությունների ներկայացուցիչներ, այդ թվում Հայաստանի դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովան:

Այս տարվա հանդիսավոր արարողությունը բացեց Պրահայի Չինական միջազգային դպրոցի մանկական երգչախումբը: Այնուհետեւ ցուցահանդեսի համակարգող Իվոնա Կասալիցկան եւ պատվավոր հյուրերը մրցանակներ հանձնեցին Չեխիայի տարբեր քաղաքներից ժամանած եւ մրցույթում հաղթած երեխաներին: Ցուցահանդեսի բացման ժապավենը կտրեցին այդ երեխաներից երեքը եւ Լիդիցեի 1942 թվականի ողբերգությունից ողջ մնացած Մարիա Շուպիկովան :

Այս տարվա մրցույթին մասնակցել էին աշխարհի 77 երկրների 18075 անհատներ եւ 1483 կազմակերպություններ ու դպրոցներ: Նրանցից 1390-ն 68 երկրներից արժանացել են ժյուրիի մրցանակների, 212 լավագույններըՙ մեդալներիՙ այդ թվում 147 անհատի, 3 թիմային աշխատանքի եւ 62 դպրոցների:

11292 օտարերկրյա աշխատանքներից 539-ն արժանացել են մրցանակների, այդ թվումՙ 70 մեդալների: Մեծ թվով մրցանակներ են ստացել Բելառուսի, Բուլղարիայի, Չինաստանի, Խորվաթիայի, Հնդկաստանի, Իրանի, Լատվիայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Սլովենիայի եւ Ուկրաինայի երեխաները:

Հայաստանից այս տարի էլ, ինչպես նախորդ տարիներին, մեդալի է արժանացել Դիլիջանի Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոցըՙ աշակերտներիցՙ 12-ամյա Միլենա Քոչարյանն առանձին, եւ նաեւ դպրոցի 5 աշակերտներըՙ 7-ամյա Աստղիկ Աբովյանը, 16-ամյա Մելինե Բադալյանը, 11-ամյա Գառնիկ Պապյանը, 11-ամյա Կարեն Սարգսյանը, 11-ամյա Աննա Թամամյանըՙ միասին: Առանձինՙ հատուկ մրցանակի է արժանացել Լոռվա Մարգահովիտ գյուղի կրթական, մարզական եւ մշակութային կենտրոնի սան 7-ամյա Լիլիթ Խառատյանը:

Այս տարվա մրցույթում մրցանակների են արժանացել նաեւ Ռուսաստանից ներկայացված հայ երեխաների աշխատանքներ: Մրցանակների են արժանացել Կազան քաղաքի գեղարվեստի դպրոցի սաներ 13-ամյա Տատյանա Դավիդյանը , 13-ամյա Սեդա Երիցյանը , 13-ամյա Միլենա Կանայանը, Մոսկվայի Կոսարեւայի դպրոցի սան 10-ամյա Անահիտ Նուրիջանյանը , Օկտյաբորսկոյե գյուղից 10-ամյա Էրիկ Գալուստյանը :

Մրցանակի էր արժանացել նաեւ Լիդիցեի հուշահամալիրի տնօրեն պարոն Չերվենցիլի թոռնուհինՙ 8-ամյա Սառան , ով նկարել էր իր ուսուցչուհուն: Իսկ Պլզենից 10-ամյա մրցանակակիր Սառա Կոկոշկովան նկարել էր բարդ գրաֆիկական աշխատանք: Վերջինս մեզ հետ զրույցում խոստովանեց, որ ուզում է ճարտարապետ դառնալ:

Մայիսի 31-ից մինչեւ նոյեմբերի 30-ը Լիդիցեի պատկերասրահում կցուցադրվեն մրցույթում հաղթած աշխատանքները, այդ թվում ոչ միայն նկարներ, այլեւ կավե, փայտե, ապակյա աշխատանքներ, ինչպես նաեւ լուսանկարներ:

Հաջորդ տարվա մրցույթի թեման է լինելու ճամփորդությունը: Աշխատանքները կարելի է ներկայացնել մինչեւ 2017 թվականի փետրվարի 28-ը: Այս տարի կարելի է ներկայացնել ոչ միայն գեղանկարչական, գրաֆիկական, կտորից, ապակուց կամ փայտից ու մետաղից աշխատանքներ, լուսանկարներ, այլեւ մուլտֆիլմեր:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետեւյալ հասցեումՙ www. mdvv-lidice.cz

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 03-06-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ