ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ Իրոք, Գերմանիայի Բունդեսթագի հունիսի 2-ի որոշումը աննախադեպ էր բազմաթիվ առումներովՙ ե՛ւ պատմական, ե՛ւ քաղաքական, ե՛ւ իրավական ու քարոզչական: Դա կոնկրետ հետեւանքներ ենթադրող որոշում էր, անհամեմատ տարողունակ եւ հեռագնաՙ քան Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացում ցարդ արձանագրված մեր հաջողությունները: Այդ որոշման նշանակությունը հետայսու կարող է գերազանցվել միայն Թուրքիայի Հանրապետության Մեջլիսի համապատասխան որոշմամբ... Հետեւաբար այսուհետեւ, 2016 թ. հունիսի 2-ից հետո, կարիք չկա Ցեղասպանությունը դեռեւս չճանաչած երկրներին, գլխավորությամբ Մ. Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի, դիվանագիտական կամ լոբբիստական միջոցներով համոզելու կամ հորդորելու: Եթե ճանաչեն, ինչպես ամերիկացիներն իրենք են ասումՙ good for them (լավ է իրե՛նց համար): Ավելի լավ կլինի, եթե վերոնշյալ երկրներն ու մյուսները աշխատեն ստիպել գլխավոր հանցագործին տեղի տալու, ի վերջո ընդունելու իր մեղքը եւ նստելու հատուցման սեղանին: Անշուշտ, ինչպես եւ սպասվում էր, Էրդողանի իշխանությունը, թվում էՙ ներկա պահին թուրքական որեւէ իշխանություն, դեռեւս շատ հեռու է նման քայլ կատարելու մտքից: Ընդհակառակն, Աբդուլ Համիդի հետնորդները հիմա դավաճաններ են փնտրում ամեն տեղ, նույնիսկ Ջեմ Օզդեմիրի DNA-ն են, այսինքն նրա թրքությունն են ուզում ստուգել, ակամա փաստելով կրկին, որ ճշմարիտ թուրքը հեռու է ճշմարտությունից: Պետական իսկական շիզոֆրենիա: Բարեբախտաբար սակայն, կան թուրքեր, ինչպես Բունդեսթագի ազգությամբ թուրք 11 պատգամավորները, ու նրանցից առաջՙ Ռաղըբ Զարակոլուի եւ Թաներ Աքչամի նման մտավորականներ, որոնց համար հանցապարտի բեռը իսկապես ծանր է քաղաքակիրթ ազգ ու պետություն դառնալու ճանապարհին: Հունիսի 2-ի որոշումը անկասկած ստվարացնելու է ճշմարտասեր թուրքերի շարքերը: Մինչ այդ... վերադառնանք Բունդեսթագի որոշմանը, որի նշանակությունը, ինչպես ասացի, շատ է տարողունակ: Եվ այս իմաստով պետք է արդարորեն գնահատել գերմանացի միակ պատգամավորինՙ Բեթինա Քութլանին, որը դեմ քվեարկեց ցեղասպանության բանաձեւին: Ոչ այնքան նրա համար, որ նա իր բացառութամբ հաստատեց օրինաչափությունը, որքանՙ քվեարկությունից անմիջապես հետո ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին պատասխանելիս անկեղծություն դրսեւորեցՙ «Հայաստանը կարող է Գերմանիայից փոխհատուցում պահանջել»: Եվ իսկապես, եթե մեղսակից ես եւ ընդունում ես մեղսակցությունդ, ապա պետք է կա՛մ փոխհատուցես, կա՛մ էլ ստանաս տուժող կողմի ներողամտությունը: Բայց ներողամտությունը միջպետական եւ ազգային մակարդակներում թույլատրելի չէ, նույնիսկ հանրաքվեով: Անհրաժեշտ է փոխհատուցել: Թե ո՞ր չափով եւ ի՞նչպեսՙ որոշումը պետք է կայացնեն համապատասխան պետական մարմիններըՙ իրավաբանների, ֆինանսիստների, պատմաբանների մասնագիտական ուղղորդմամբ: Անշուշտ դա երկարատեւ ու տքնաջան աշխատանք է պահանջումՙ այնքան շատ են վավերագրություններն ու փաստաթղթերըՙ Ուրֆայի (Եդեսիա) կոտորածներից մինչեւ Դոյչե Բանկում ի պահ դրված միլիոնավոր գումարների գոյություն ու Ցեղասպանության ծրագրավորման ու գործադրման մեթոդոլոգիաների ուսուցումը վկայող: Անձնական ու մասնակի նախաձեռնություններն այս պարագայում անթույլատրելի են: Պատրաստվենք պետականորեն աշխատելու: Գերմանիայի կողմից պատմական պատասխանատվության ստանձնումը չի կարող միայն բարոյական մակարդակի վրա մնալ: |