ՀԱՅՈՑ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿՈՏՈՐԱԾԸ ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ Հայաստանում կանխակալ կարծիք կա, որ թուրքերն այդպես էլ անցյալում չկարողանալով վերջնական լուծում տալ հայկական հարցին, այժմ ամեն հնարավորություն օգտագործում են իրենց նպատակին հասնելու համար: Այս տարվա ապրիլյան քառօրյա պատերազմը հաստատեց այդ կարծիքը, որովհետեւ պատերազմական գործողությունները հրահրել էր Անկարան եւ ագրեսիային իր մասնակցությունն էր բերել թուրք զինվորականությունը: Հայաստանում որոշ վերլուծաբաններ, պատմաբաններ եւ ռազմական գործիչներ անշրջահայացորեն հավատում են, որ միայն Ադրբեջանի կործանումը կարող է երաշխիք հանդիսանալ Հայաստանի ապահով ու անվտանգ գոյատեւմանը: Ազերիները երբեք չեն թաքցրել իրենց նպատակը: Երկրի առաջնորդ Իլհամ Ալիեւը շարունակ պնդում է, որ հայերը բնակվում են պատմական ազերի հողերի վրա եւ որ նրանք պետք է այդ տարածքը զիջեն Բաքվին: Ուշադրություն դարձրեք, խոսքը Ղարաբաղի կամ նրա շուրջը հայկական զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածքների մասին չէ, այլ բուն Հայաստանի: Մենք գիտենք, որ նման պահանջը պատմական ֆարս է եւ ճշմարտության նշույլ անգամ չի կարող պարունակել իր մեջ, սակայն մեր օրերի «նպատակահարմարության» քաղաքականություն վարելու տարածված պայմաններում, ո՞վ է ուշադրություն դարձնում պատմական փաստերին եւ ճշմարտությանը: Ազերիների դատողությամբ իրենց ցանկությունը կարող է իրականություն դառնալ: Եթե Օսմանյան Թուրքիան բնաջնջեց պատմական Հայաստանի բնակչությանը եւ անպատիժ մնաց, եւ եթե Իլհամի հայրըՙ Հեյդար Ալիեւը կարողացավ խորհրդային ղեկավարության քթի տակ իր բնակչությունից զրկել Նախիջեւանը, ապա Հայաստանի պարագան կարող է մնալ իրենց մարտավարական հնարավորությունների ուղեծիրում: Ահա նման ահեղ դատաստանի օրվանն են հակադրում իրենց թեզը հայ վերլուծաբանները: Բարդ ու խրթին հարց է, թե ինչպես հայերը կարող են քարուքանդ անել Ադրբեջանը, ազատագրել լեզգիներին եւ թալիշներին, որոնք անկախություն են ցանկանում ձեռք բերել, եւ հետո զինադադար կնքել այն ամենի հետ, ինչ մնացել է Ադրբեջանից: Ադրբեջանի թիկունքում Թուրքիան է, իսկ Թուրքիայի թիկունքում ՆԱՏՕ-ն է կանգնած, իսկ այդ ամենի թիկունքում նավթային շահերն են գերիշխում: Թուրք առաջնորդները նույնպես ազերիների կարծիքին են: Չմոռանանք, որ նույնիսկ վերջին շրջանի պատմության մեջ, Թուրքիայի նախագահ Թուրգուտ Օզալը սպառնում էր ռմբակոծել Հայաստանը ԽՍՀՄ-ից անկախանալուց անմիջապես հետո, որովհետեւ իր իսկ խոսքերով «Հայերը 1915-ից դասեր չէին քաղել»: Այս հայտարարության հետաքրքրական կետն այն է, որ ոչ մի ուրիշ թուրք առաջնորդ բացահայտորեն չի խոստովանել իր երկրի անցյալում գործած ոճիրըՙ մեղավորությունը: Առավել հետաքրքրականն ու մտահոգիչը սակայն այդ սպառնալիքի մերօրյա շարունակությունն է: Սիրիայում մղվող պատերազմում, թուրքերը քուրդերից բացի թիրախ են դարձրել նաեւ հայերին: Այն վարձկանները, որոնք հարձակվեցին եւ քարուքանդ արեցին Քեսապի հայկական գյուղերը, զինված էին եւ վարժեցված Թուրքիայի կողմից: Սիրիահայերը ցեղասպանությունից ի վեր միշտ էլ փուշ ու տատասկ են եղել Թուրքիայի համար: Ինչպես թուրքական խորհրդարանի քուրդ պատգամավորներից մեկը հայտարարել էր, «թուրքերի բնակավայրը Կենտրոնական Ասիան է, եւ նրանք զավթել են Փոքր Ասիան, իրենց ճանապարհին ավերելով հույների, հայերի եւ ասորիների հինավուրց քաղաքակրթությունը»: Իսլամի ծայրահեղական թեւի կոչերին ի պատասխան որոշակի կրթություն չստացած եւ տնտեսապես վատ պայմաններում ապրող շատ երիտասարդներ միանում են «Իսլամական պետություն» կամ «Դայեշ» կոչված կառույցին, որը ծայրահեղականների միաբանություն քարոզելով իրականում ոչնչացնում է այն ամենը, ինչը իսլամական չէ, այդ թվում բուդդայի արձանները Աֆղանստանում, Պալմիրանՙ Սիրիայում եւ հայկական եկեղեցիները Սինջարում (Իրաք) եւ Սիրիայում: Արժեքների նկատմամբ թուրքերի ցուցաբերած էսթետիկական գնահատման մակարդակը երեւում է հայկական ճարտարապետական կառույցների հանդեպ նրանց վերաբերմունքից: Եկեղեցիները, վանքերը, ամրոցներն ու այլ հուշարձանները, որոնք իրենց ճարտարապետական որակավորումներով կարող էին ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների պահպանության ցուցակում, թուրքերի կողմից օգտագործվել են որպես ախոռներ, պահեստարաններ, եւ ամբողջ մեկ հարյուրամյակ դիտավորյալ քարուքանդ են արվել, որպեսզի ընդմիշտ ջնջվեն հայկական քաղաքակրթության հետքերն այդ պատմական վայրերում: Ադրբեջանցիները, որոնք գործում են «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո, թուրքերից հետ չեն մնում իրենց քայքայիչ մոլուցքով եւ վայրենիության աստիճանով: Համայն աշխարհի աչքերի առաջ նրանք Նախիջեւանում սառնասրտորեն քանդեցին մոտ 10 հազար խաչքար: Մյուս կողմից, Հալեպը մերօրյա շրջափակման ենթարկված Լենինգրադն է հիշեցնում: Քաղաքը երկու մասի է բաժանված: Մեկը գտնվում է կառավարական զորքերի հսկողության ներքո, որտեղ նաեւ պատսպարված են հայկական համայնքի մնացյալ անդամները, մյուսըՙ թուրքական հրամանատարության եւ իսլամական ուժերի վերահսկողության տակ: Ըստ «Asia News» լրատվական գործակալության, «իսլամական ուժերը Սիրիայում հրետանային հարձակում սանձազերծեցին Հալեպի վրա ապրիլի 24-ին: Հրադադարի պայմանավորվածության ակնհայտ խախտում համարվող ռմբակոծությունները սպանեցին առնվազն 17 հոգու: Քաղաքի հայկական թաղամասի բնակիչները հավատացած են, որ հարձակումը դիտավորյալ ընտրված էր հենց Հայոց ցեղասպանության տարելիցի օրը կատարվելու: Դրա ապացույցն է այն փաստը, որ չպայթած ռումբերի վրա գտնվել են «նահատակ Էնվեր փաշայի (հիշատակին)» գրությունները»: (*) Հայոց ցեղասպանությունը իրականացնող երիտթուրքերի առաջնորդներից Էնվեր փաշան հանդերձյալ աշխարհից փորձում էր վրեժ լուծել: Թալեաթի եւ Ջեմալի հետ երրորդություն կազմած Էնվերը Օսմանյան բանակի պարտությունից հետո, Մոսկվա էր գնացել իր ծառայությունները առաջարկելու նորածին խորհրդային կառավարությանը: Նրան Կենտրոնական Ասիա էին գործուղել ճնշելու հակասովետական բասմաչական շարժումը: Փոխարենը նա միանալով այդ շարժմանը դեմ էր դուրս եկել իր խորհրդային տերերին եւ իրեն հռչակել «Թուրքիստանի էմիր»: Սպանվել է Դուշանբեում 1922-ի օգոստոսի 4-ին կարմիր բանակի լեյդենանդ Հակոբ Մելքումյանի (Յակոփ Մելքումով) ղեկավարած զորամասի հետ ընդհարման ժամանակ: 1996-ին նրա աճյունը Թուրքիստանից Ստամբուլ է փոխադրվել եւ վերաթաղվել քաղաքի Շիշլի թաղամասում գտնվող Ազատության արձանի ստորոտում: Իսկ Գերմանիայի հետ համագործակցության արդյունքում Թալեաթ փաշայի աճյունը Բեռլինից նույնպես տեղափոխվել էր Ստամբուլ: Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանի ընդվզման պատճառներից մեկն էլ դա էր: «Թուրքիայում 2000 փողոց կա Թալեաթի անունով: Կարո՞ղ եք Ձեզ պատկերացնել Գերմանիայում Հիտլերի կամ Գյորինգի անվան փողոցներից մեկով քայլելիս», բարձրաձայնել էր նա: Իսլամական պետության վայրագությունների դեմ բողոքելով Մ. Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին շատ հեռուն չգնաց: Նա պարզապես մարտի 17-ին հայտարարեց, որ «Դայեշը» ցեղասպանություն էր գործում քրիստոնյաների հանդեպ: «Մենք տեղյակ ենք, որ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում ԻՊ-ի զորամիավորումները հետեւողականորեն քարուքանդ են անում հին համայնքների մշակութային ժառանգությունները, հողին հավասարեցնում հայերին, սիրիացի ուղղափառներին եւ Հռոմի կաթոլիկներին պատկանող եկեղեցիներն ու վանքերը, սրբապղծում առաքյալների դամբարաններն ու նահատակների գերեզմանները: Իսկ Պալմիրայում նույնիսկ գլխատում 83-ամյա մի գիտաշխատողի, ով իր ամբողջ կյանքն էր նվիրել հնությունները պահպանելու գործին», ասել էր նա: Ամենասարսափելի ոճիրը սակայն տեղի ունեցավ Դեր Զորում, որտեղ 150-ից 400 հազար հայեր էին իրենց մահկանացուն կնքել ցեղասպանության օրերին: Ի ոգեկոչումն նրանց անմեռ հիշատակի 1991 թվի մայիսի 4-ին ճարտարապետ Սարգիս Բալմանուկյանն այնտեղ կանգնեցրել էր հրաշագեղ մի հուշահամալիր: Ամեն տարի հազարավոր ուխտավորներ էին այցելում եւ աղոթում հուշահամալիրի տաճարում: Ընդհանուր առմամբ դա մի նշանակալից կառույց էր, որտեղ շրջանաձեւ ցուցափեղկի հետեւում թաղված էին մեր զոհերի աճյունները: Տարիներ առաջ տողերիս հեղինակը այցելելով այդ կոթողային կառույցը փորձել է ավազների մեջ գտնել իր մոր ոտնահետքերը: Հուշակոթողը այն վերջին վայրն էր, որտեղից դեպի երկինք էին հառնում մեր հազարավոր հրեշտակները: Դա մեր զոհերի կենդանի վկայության սրբավայրն էր: Ավա՜ղ, 2014 թվի սեպտեմբերի 21-ին հուշահամալիրը ռմբակոծվեց «Իսլամական պետության» գրոհայինների կողմից: Տարածաշրջանի ավազներից հայտնաբերված եւ ի մի հավաքված ոսկրակույտերը մի անգամ եւս ցիրուցան եղան լայնատարած անապատում: Հայոց նահատակները մի անգամ եւս կոտորվեցին: Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ (*) Նույնը կարելի է ասել Հալեպի հայաշատ թաղամասերից Նոր գյուղի եւ Սուլեյմանիեի ահավոր ռմբակոծումների համար, որոնց զոհ գնացին մեր 4 ազգակիցներ. դա տեղի ունեցավ հենց հունիսի 2-ի երեկոյան, երբ Գերմանիայի խորհրդարանն ընդունել էր հայտնի բանաձեւը: Խմբ.: |