RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#020, 2016-05-27 > #021, 2016-06-03 > #022, 2016-06-10 > #023, 2016-06-17 > #024, 2016-06-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 10-06-2016



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2016-06-09 23:58:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 4509, Տպվել է` 304, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՏԵՐԱԶՄՆ ՈՒ ԱՊՈՒՇՆԵՐԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Վերջերս, եթե չեմ սխալվում Ֆեյսբուքում, հանդիպեցի մի գրառման, թե ի՞նչ կլիներ, եթե Դոստոեւսկին եւ Տոլստոյը միասին ստեղծագործեին: Գրված էր, որ այդ համատեղ ստեղծագործությունը կկոչվերՙ «Պատերազմը եւ ապուշը»: Բայց, քանի որ ոչ Դոստոեւսկին, ոչ Տոլստոյը մերը չեն, իսկ մերը չեն, քանի որ Տոլստոյ ունենալու համար, պետք է հաղթել Նապոլեոնին եւ, որովհետեւ երբ թշնամիդ Նապոլեոնին մակարդակով զիջում է, նրան հաղթելը գրեթե միշտ բերում է սպանված աղավնիների մասին մելամաղձության. մեզնից խոսենք:

Մեզնիցՙ այսինքն հասարակությունից կամ մարդկանցից (Տոլստոյն էլ, Դոստոեւսկին էլ հասարակությունից դուրս էին, իսկ նմանները կա՛մ Աստված են, կա՛մ հրեշ): Երբեւէ մտածե՞լ եք, թե որքան կարող է ապուշ լինել մարդը, ասենք ի՞նչ մակարդակի, քանի՞ տոկոսով: Ենթադրենք մարդն այսօր ապուշ է իր գիտակցության 49 տոկոսով, կարո՞ղ է արդյոք վաղը ապուշ դառնալ իր գիտակցության 51 տոկոսով, այսինքն ապուշանալ: Ես չգիտեմՙ կարող է, թե՞ ոչ, բայց գիտեմ, որ մարդը կարող է ապուշ լինել այնքան, որքան կարող է, ավել չի կարող:

Օրինակՙ Մինսկի խմբի համանախագահները ապուշություն են խոսում: Օրինակ, երբ նրանք պնդում են, թե եկեք խաղաղություն հաստատեք, հաշտ-համերաշխ առաջվա պես ապրեք, ապուշություն են ասում, քանի որ չգիտեն, որ խաղաղությունը հաստատելով չէ, մանավանդ, երբ պնդում են, թե առաջվա պես հաշտ համերաշխ ապրեք, նշանակում է չգիտեն, թե առաջ մենք ինչպես ենք ապրել, օրինակՙ ի՞նչ ենք հորդորել մեր երեխաներին, որոնք Կիրովաբադի շրջանում դպրոց էին գնում, որտեղ դասարանցիների մեծ մասը ադրբեջանցիներ էին: Եթե չգիտեն ու ասում են, ուրեմն միամիտ ապուշ են, եթե գիտեն ու ասում են, ուրեմն քոքված ապուշ են: Վերջինս ավելի վտանգավոր է, բայց առաջինից ավելի շատ կա:

Բայց, մյուս կողմից, Մինսկի խմբի ոչ մի համանախագահ վստահ չէ, որ հայերն ու ադրբեջանցիները խաղաղություն են հաստատելու եւ հաշտ-համերաշխ ապրելու են, վստահ չէ, որովհետեւ այդքան ապուշ չէ: Ասելն ուրիշ բան է, ասածի մեջ վստահ լինելըՙ բոլորովին այլ բան: Ասել կարելի է նաեւ ապուշություն, բայց վստահ լինելը ապուշության մեջ ապուշ լինելն է, ուրեմն ապուշություն ասողը փաստ չէ, որ ապուշ է: Մինսկի խումբը լավագույնս սահմանում է ապուշի եւ ապուշություն ասողի տարբերությունը:

Այնպես որ այս պատերազմում ապուշություն խոսողներ կան, իսկ ապուշնե՞ր: Ես կարծում եմ, որ կան, ավելին, ես գիտեմ, թե նրանք որտեղ են: Ադրբեջանո՞ւմ, իհարկե կան, բայց մեզ դա չպետք է հետաքրքրի, մանավանդ որ մենք այնքան էլ չենք ուզում, որ Ադրբեջանը երկար կյանք ունենա, իսկ երկրները կործանում են ոչ թե դրսի, այլ ներսի ապուշները: Հասկացա՞ք, նկատի ունեմ, թե որտեղ են լինում ապուշները: Իհարկե ներսում, ու խոսքն ամենեւին էլ դավաճանների մասին չէ, որոնք կան, բայց որոնք ապուշ չեն, քանի որ նպատակ ունեն, մեղմ ասածՙ հանցավոր, աններելի, բայց նպատակ: Ապուշը նպատակ չունի, ինքը եւս կրակում է, բայց ի տարբերություն դավաճանիՙ «բառադի», «ես էլ զինվոր եմ» դեմքի արտահայտությամբ: Ապուշը գիտակցաբար երկիրը կործանման չի տանում, ինքը ակամայից կործանում է: Օգտվո՞ւմ են արդյոք ապուշների ծառայություններից դավաճանները, իհարկե օգտվում են, մանավանդ որ ապուշները չգիտեն, չեն տարբերում, թե ո՞վ է դավաճանը, ո՞վ հալալ տղեն: Համ էլՙ ում համար դավաճան, ում համարՙ հալալ տղա, այս երկուսի սահմանագիծն ավելի բարակ է, քան ապուշինն ու դավաճանինը. ապուշի դեմքից ապուշություն է թափվում, դավաճանի դեմքիցՙ սեր ու կարեկցանք:

Անուննե՞ր, չէ, այդպես հետաքրքրական չէ, հնարավոր էլ չէ, քանի որ այդ ժողովուրդը, որը կկարողանա բացահայտել իր ներսի ապուշներին եւ դավաճաններին եւ ճանաչել իր հալալ տղերքինՙ էլ երբեք չի պատերազմի: Իսկ երբեք չպատերազմելը աշխարհի վերջն է, այնպես որ պատերազմի միակ լավն այն է, որ քանի այն տեղի է ունենում, աշխարհի վերջը չէ. աշխարհ ստեղծողը հո ապուշ չէ, որ վերջացնի այն, ինչն ինքն իրեն վերջանում է:

Ի դեպ, դուք նկատել եք, թե ի՞նչ սկզբունքով են նետվում պատերազմի, այո, իհարկեՙ «Փրկենք երկիրը, աշխարհը» սկզբունքով: Չնայած պատերազմը կործանում է երկիրըՙ փրկելով աշխարհը:

Իսկ դուք աշխարհի գերտերություններից պահանջում եք, որ այստեղ դադարեցնեն պատերա՞զմը. հո ապուշ չեն, որ դադարեցնեն. բա ո՞վ եւ ինչպես նետվիՙ փրկելու աշխարհը...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 10-06-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ