ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ԲԱՆԱՁԵՎԸ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՎ ԹԵՌՆՈՆ Մասնագիտությամբ իրավաբան եւ պատմաբան, Հայկական հարցի խորագիտակ մասնագետ, ժխտողականության դեմ պայքարող մարտիկ, բազմաթիվ գրքերի ու հոդվածների հեղինակ Իվ Թեռնոնը (Փարիզ) փնտրված ու հեղինակավոր անուն է նաեւ ֆրանսիական մամուլում: Բունդեսթագի հայտնի քվեարկությունից հետո նա հետեւյալ հոդվածն է ստորագրել հեղինակավոր Le Monde թերթում, որը թարգմանաբար ներկայացնում ենք մեր ընթերցողին: Վերջինս մեզ հետ պիտի հաստատիՙ որքան դիպուկ է նրա եզրակացությունըՙ թուրքական ժխտողականությունը ոչնչացված է: Խմբ.:
2016 թ. հունիսի 2-ին Բունդեսթագի պատգամավորները բաց քվեարկությամբ գրեթե միաձայն (1 ձեռնպահ, 1 դեմ) ընդունեցին «Ի հիշատակ հայերի եւ քրիստոնյա այլ փոքրամասնությունների 1915-1916 թթ. ցեղասպանության» բանաձեւը: «Կանաչների» համանախագահ, ծագումով թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրի առաջարկած այդ բանաձեւը պետք է քննարկման դրվեր փետրվարին: Քրիստոնեա-Դեմոկրատական միության (ՔԴՄ) եւ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՍԴԿ) ճնշմամբ քննարկումը տեղափոխվեց հունիս. այդ երկու կուսակցությունները «Կանաչներին» հավաստիացրին, որ այդ դեպքում իրենք հավանություն կտան բանաձեւին: Ո՛չ Գերմանիայի կանցլերը, ո՛չ արտգործնախարարը, ո՛չ էլ փոխկանցլերը (ՍԴԿ նախագահ) չմասնակցեցին քվեարկությանը: Այդուհանդերձ մայիսի 31-ին ՔԴՄ ժողովում Անգելա Մերկելը հավանություն էր տվել այդ տեքստին: Ջեմ Օզդեմիրի շարադրած բանաձեւը վերաբերում էր երեք կետի. ա) 1915-1916 թթ. հայերի եւ մյուս քրիստոնյա փոքրամասնությունների գրեթե լիակատար բնաջնջմանը հանգեցրած երիտթուրքերի կառավարության գործողությունները ցեղասպանություն են, բ) Օսմանյան կայսրության այն ժամանակվա դաշնակից Գերմանիայի կառավարությունն իր «անփառունակ» դերով «պատասխանատվություն է կրում այդ իրադարձությունների համար», գ) Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցման հույս: Առաջին երկու կետերը համապատասխանում են անհերքելի վավերագրերով հաստատված փաստերին: Իրոք, երիտթուրքերի «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության կենտկոմի հրամանով Օսմանյան կայսրության կառավարությունը 1915 թ. ապրիլի 24-ից գործադրում է կայսրությունում հայերի բնաջնջման համաձայնեցված ծրագիր: Բնակչությունը, ականատես դաշնակիցները եւ օտարերկրացիները գիտակցում են, որ գործում է ոչնչացման տրամաբանությունը (Կոստանդնուպոլսում Գերմանիայի դեսպան Վանգենհայմը արդեն 1915 թ. հունիսից օգտագործում է Vernichtung բառը): Ցեղասպանության կանխման ու պատժման վերաբերյալ 1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի ընդունած Կոնվենցիայի 2-րդ հոդվածում նշվող բոլոր գործողությունները, որոնք թույլ են տալիս հաստատել ցեղասպանության ոճիրը, 1915-1916 թթ. Օսմանյան կայսրությունում իրականացվել են հայերի նկատմամբՙ այդ խմբի ոչնչացման նպատակով: Այդ ոչնչացումը Անատոլիայի արեւելյան նահանգներում, տեղական կամ կառավարական նախաձեռնությամբ, տարածվել է քրիստոնեական այլ համայնքներիՙ քաղդեացիների, նեստորականների, ուղղափառ ասորիների վրա եւս: Երկրորդ կետը վերաբերում է կայզերական Գերմանիայի դերին: 1878 թ. Բեռլինի կոնգրեսից ի վեր Գերմանիան իր համար առեւտրային եւ ռազմական արտոնություններ ապահովեց Օսմանյան կայսրությունում. Բաղդադի երկաթուղու շինարարություն, օսմանյան բանակի ուսուցում ու հանդերձավորում: 1913 թվականին, երբ երիտթուրքերը վերահսկում են կառավարությունը, գերմանացիների ռազմական առաքելությունը վերակազմակերպվում է. երկու բանակների կապերը առավել սերտանում են: Առաջին աշխարհամարտի ժամանակ գերմանական առաքելությունն ուներ 700 սպա եւ 12000 զինվոր: Գերմանական դիվանագիտական փաստաթղթերի քննությունը հիմք է տալիս օսմանյան կառավարությանը մեղադրելու հայերի բնաջնջման համար: Արդեն 1915 թ. մայիսից Անատոլիայում պաշտոնավարող սպաները, դիվանագետները, բժիշկները, ուսուցիչները, միսիոներները, երկաթուղու ճարտարագետները ծրագրված ջարդերի ականատեսներն են: Նրանք դիվանագիտական միջոցներով այդ մասին տեղեկացնում են կանցլեր Բեթման-Հոլվեգին: Վերջինս կարծում է, որ 1-ին աշխարհամարտում Օսմանյան կայսրության ռազմավարական կարեւորությունը նկատի ունենալով, հարկավոր է ձեռնպահ մնալ որեւէ հայտարարությունից, որը կնվասեր գերմանա-օսմանյան հարաբերություններին. «Մեր միակ նպատակն է Թուրքիային մեր կողքին պահել մինչեւ պատերազմի ավարտըՙ անկախ նրանից, հայերը կմեռնեն թե ոչ»: Գրաքննությունը հսկում է, որպեսզի Անտանտի երկրների մամուլում Գերմանիային հայերի ոչնչացումը կազմակերպելու մեջ մեղադրող հոդվածները դատապարտվեն որպես պատերազմական քարոզչություն: Գրաքննիչներն արգելում են 1916-ի գարնանը պաստոր Լեփսիուսի հրապարակած «Գաղտնի զեկույցը», որն ամփոփում է հայերին բնաջնջելու օսմանյան կառավարության որոշումն ապացուցող վկայություններ: Ջեմ Օզդեմիրի առաջարկության երրորդ կետը հետեւյալն է. Թուրքիայի կառավարությանը ձեռնտու կլիներ դատապարտել երիտթուրքերի կառավարությանը եւ հպարտաանալ մի քանի թուրք պաշտոնյաներով, որոնք ժամանակին պաշտպանել էին հայերին: Այդ ճանաչումը կնպաստեր Հայաստանի ու Թուրքիայի հաշտեցմանը եւ դիվանագիտական հարաբերությունների կարգավորմանը: Բունդեսթագի քվեարկությունը պատիվ է բերում Գերմանիային: Այդ երկրում մի քանի միլիոն բնակիչներ թուրքեր են կամ թուրքական ծագում ունեն, մինչդեռ հայկական ծագում ունեցողները ընդամենը մի քանի հազար են: Բացի դրանից, այդ քվեարկությունը ոչնչացնում է թուրքական կառավարության ժխտողական փաստարկները: Այժմ ակնհայտ է, որ միայն քաղաքականությունն է կանխորոշում Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում: Թուրքական կառավարությունը մտադիր չէ ճանաչել այն: Քվեարկությունից առաջ թուրքական 517 միություններ գրավոր կարգով պատգամավորներին խնդրել էին չընդունել բանաձեւը: Նախագահ Էրդողանը զգուշացրել էր Անգելա Մերկելին. այդ բանաձեւի ընդունումը կունենա քաղաքական հետեւանքներ: Քվեարկությունից քիչ անց Թուրքիան հետ է կանչում իր դեսպանին: Աշխարհաքաղաքական կարեւոր դիրքը հիմք է տալիս կանխատեսելու, որ երկիրը հարցականի տակ կդնի դեպի Գերմանիա ձգտող գաղթականների հոսքի կասեցման համաձայնագիրը: Գերմանիայի խորհրդարանը քաջություն ունեցավ դեմ գնալու մի նախագահի, որի միահեծանությունն ավելի ու ավելի մտահոգիչ է դառնում ոչ միայն իր ժողովրդի, այլեւ միջազգային ընկերակցության համար: Թուրքիայի քաղաքացիական հասարակության մի մասը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Լրագրողները, գրողները եւ քաղաքական գործիչները այդ ճանաչման դիմաց հաճախ վճարում են իրենց ազատությամբ եւ նույնիսկ կյանքով: Ցեղասպանության վերհուշը բարի կամքի մարդկանց գիտակցության մեջ է, գիտակցություն, որ հունիսի 2-ին մարմնավորեց գերմանացի պատգամավոր Ջեմ Օզդեմիրը: «Le Monde», 06.06.2016, Ֆրանս. թարգմ. Պ. Ք. |