ՂԱՐԱԲԱՂԸ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ Ադրբեջանի հետ շփման գծում ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, հակառակ մեծ թվով զոհերի, խնդիրներն ու մտահոգությունները չպակասեցին: Ընդհակառակըՙ թերություններն ու բացթողումները ջրի երես դուրս եկան եւ հանրային քննարկումների առարկա դարձան: Երբ զինտեխնիկայի կրակոցները դադարեցին, պարզվեց որ 800 հեկտար տարածք զիջել ենք թշնամուն: Կառավարական շրջանակներում կորուստը մարտավարական իմաստով աննշան բնութագրեցին: Բայց քանի որ պատերազմը հայրենասիրության նոր ալիք էր բարձրացրել, իսկական հայրենասերներից ոմանք, մի քանի դեմագոգների հետ, սկսեցին պնդել, որ նույնիսկ մեկ սանտիմետրի կորուստը անհանդուրժելի է: Երբ բանակին տրամադրված ռազմական բյուջեի չարաշահումների մասին լուրը տարածվեց, գերատեսչության որոշ բարձրաստիճան աշխատակիցներ պաշտոնազրկվեցին: Մի քանի քաղաքական գործիչներ ողբերգությունը օգտագործեցին մեղադրական խոսքեր ուղղելով կառավարության հասցեին: «Ռուսաստանի կողմից նորագույն հարձակողական սպառազինությունների մատակարարումները Բաքվինՙ որակական առումով խախտեցին ռազմական բալանսը, զգալիորեն մեծացնելով ապրիլի 2-ի հարձակումների հավանականությունը: Հայաստանի կառավարությունը պետք է կարողանար կասեցնել ռուս-ադրբեջանական ռազմական պայմանագրի իրագործումը», նշեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը : Քառօրյա պատերազմից անմիջապես հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան հստակություն չմտցրեց իրադարձության մեջ: Այն սոսկ ծառայեց, գուցե, մի փոքր մեղմելու հակառուսական տրամադրությունները, որոնք անկառավարելի կարող էին դառնալ: Հակամարտությունն, ակնհայտորեն, ունեցավ նաեւ այլՙ միջազգային արձագանքներ: Բարձրաստիճան չինական մի պատվիրակություն այցելեց Հայաստան, ինչը կարող է երկրի տնտեսության, գուցե նաեւ պաշտպանության համակարգի, որոշակի բարելավում կանխատեսել: Իրանն իր հերթին, բարի կամք դրսեւորելով, հորդորեց կողմերին հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով: Պարզ է, որ միջազգային պատժամիջոցներից ընդամենը վերջերս ազատագրված Իրանի ղեկավարները չեն ցանկանում, որ պատերազմ բռնկվի իրենց հարեւանությամբ: Ահազանգ հնչեց նաեւ արեւմտյան մայրաքաղաքներում: Ինչպես մեկնաբաններից մեկն էր գրել, «Քառօրյա պատերազմը մարդկային լուրջ կորուստների պատճառ դարձավ: Բայց նաեւ զգալիորեն ընդգծեց ՆԱՏՕ-ի հարավային մարտավարական թեւի տարածքում գտնվող էներգակիր ենթակառուցվածքների խոցելիությունը: Խոսքը Բաքու-Սուպսա եւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (BTC) նավթատար խողովակաշարի, Հարավային Կովկասի գազի ազգային խողովակաշարի (NGP) եւ դրանց մոտակայքում տեղակայված նավթի եւ գազի վերջնակայանների մասին է»: «Azatutyun.am» կայքը տեղեկացրեց, որ Հայաստանն արդեն տեղակայել է հակաօդային եւ հրթիռային պաշտպանության համակարգեր իր սահմանում եւ Ղարաբաղում անցկացրել զինավարժություններՙ հնարավոր հարձակումներ իրականացնելու համար Ադրբեջանի նավթային եւ գազային ենթակառուցվածքների վրա: Արեւմտյան նավթի շահերին սպառնացող վտանգը կանխելու նպատակով, «Բրիտիշ Փեթրոլիում» անգլիական բազմազգ ֆիրմայի ադրբեջանցի փոխնախագահ Բախտիար Ասլանբեյլին առաջարկել է կազմել մի նոր հայեցակարգ ՆԱՏՕ-ի համար, «Հոդված 4.5-ի» նման մի բան, որը որոշակի պաշտպանություն կշնորհեր միջ-սահմանային եւ միջ-տարածաշրջանային էներգակիր ենթակառուցվածքներին: Հայաստանը փոքր, ծովային ելքերից զուրկ եւ ուժեղ թշնամիներով շրջափակված երկիր է, որն ինչպես արդեն բազմիցս ապացուցվել է, չի կարող հույսը դնել իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի վրա: Մենք չենք կարող երկրորդ անգամ ցեղասպանության զոհ դառնալ: Ո՞րն է, ուրեմն, լուծումը: Ինչպե՞ս ենք գոյատեւելու: Իսրայելում կան 200 միջուկային մարտագլխիկներ, որոնք իրավական տեսակետից անթույլատրելի են, բայց միջազգային հասարակայնությունը հանդուրժում է դրանց գոյությունը: Պատճառն այն է, որ հրեա ժողովուրդը հոլոքոսթ է դիմակայել եւ այժմ էլ շրջապատված է իրեն թշնամի հարեւաններով, չնայած դրանց որոշ մասին (Իրաքին, Սիրիային եւ Լիբիային) Մ. Նահանգները արդեն իսկ գետնին է հավասարեցրել: Ինչքան էլ երազենք ապրելու միջուկային զենքից զուրկ մի աշխարհում, միեւնույն է, Հայաստանը, Իսրայելի նման եւ նույն պատճառներով կարիք ունի որոշակի կանխարգելիչ միջոցների: Լրատվական վերջին հաղորդագրությունները նշում են, որ Հայաստանի նախկին վարչապետ, այժմ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն ու լեգենդար գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը զգուշացրել են Ադրբեջանին, որ միջուկային զենք կօգտագործեն նրա դեմ: Հայերի կողմից սպառնալիքներ են հնչել նաեւ այն մասին, որ կպայթեցնեն Մինգաշեհիր ջրամբարը, որը կարող է ադրբեջանական շատ գյուղեր հեղեղել եւ բնապահպանական լուրջ աղետ առաջացնել: Պատերազմի տրամաբանությունը դաժան է: Իրաքյան բանակին ոչնչացնելու օրերին, Ծոցի պատերազմի հրամանատարՙ գեներալ Նորման Շվարցկոֆն ասել էր. «Մարդկանց ոչնչացնելու ավելի քաղաքակիրթ ձեւ կամ միջոց չկա»: «Վաշինգտոն փոստի» մայիսի 31-ի համարում Նինա Կասպերսենը բավական դաժան եզրահանգումներ էր արել ղարաբաղյան վերջին պատերազմի վերաբերյալ: «Ներկա կռիվը կարծես ճակատային գիծը շրջեց դեպի Արդբեջանի կողմը, նրա օգտին: Սա կարեւոր է, ոչ թե այն պատճառով, որ ձեռք բերված տարածքը մեծ է կամ մարտավարական նշանակություն ունի, այլ որովհետեւ այն հարված հասցրեց հայերի հպարտությանը եւ ամենակարեւորըՙ ցույց տվեց, որ Լեռնային Ղարաբաղի դրությունը այնքան էլ ապահով կամ ամուր չէ, ինչքան որ անկլավի ղեկավարությունը հավատացնում է իր ժողովրդին»: Գուցե Սամվել Բաբայանի ժամանումը Արցախ անուղղակիորեն հաստատում է «Վաշինգտոն փոստի» վերոնշյալ գնահատականը: Գեներալ Բաբայանը գլխավորում էր ղարաբաղյան բանակը 1993-ից 1999 թվականներին եւ բազմաթիվ հաղթանակների համար արժանի գովասանքներ է ստացել: Նրան որպես հերոսի ընդունեցին իր ծննդավայրում, բայց նրա վերադարձի դրդապատճառներն այնքան էլ հստակ չեն: «Ուժերիս ներածին չափ անելու եմ ամեն ինչ, որ մեր անվտանգությունն ինչպես հարկն է պաշտպանված լինի», հայտարարել է նա, փորձելով մեկնաբանել իր վերադարձը ռուսաստանյան ինքնաքսորից: Նա նաեւ կոչ է արել անհապաղ արդիականացնել ռազմական ուժերը, չեզոքացնելու համար Ադրբեջանի կողմից որեւէ ռազմական սպառնալիք: Պատերազմի հերոսները հազվադեպ է, որ դառնում են խելացի պետական գործիչներ: Ղարաբաղում եղած ժամանակ նա իրեն վեր էր դասում օրենքից: Նրան դատապարտեցին Արցախի նախկին նախագահՙ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձում դերակատարություն ունենալու համար: Իր դատավճռի չորս տարիները բանտում անցկացնելուց հետո նա Հայաստան տեղափոխվեց եւ հիմնեց «Դաշինք» քաղաքական կուսակցությունը, մտերմացավ անդուր կամ վանող մի քանի հեղինակությունների հետ: Նա քննադատում է քառօրյա պատերազմի ժամանակ կառավարության գործելաոճը, բայց ժխտում է ղարաբաղյան բանակը դարձյալ ղեկավարելու կամ ընդհանրապես քաղաքական դաշտ վերադառնալու մտադրությունները: Եթե նրա նպատակն էր բարձրացնել ժողովրդի մարտական ոգին եւ տրամադրությունը, ապա պետք է խոստովանել, որ նա հասավ իր նպատակին: Անհանգստություն իրո՛ք, կա շրջանում, եւ Ղարաբաղը կարիք ունի բարոյական աջակցության, ինչը պատերազմի վետերաններն ու կամավորները առատորեն ցուցաբերում են: Ոչ ոք չի կարող հաստատ ասել, թե գեներալ Բաբայանը ներկայիս ինչքանով է ծանոթ ռազմական զինանոցի եւ պատերազմական մարտավարության ժամանակակից զարգացումներին, որպեսզի նրան հնարավոր լինի վստահել պատասխանատու դերակատարություն բանակում: Ժողովրդի հայրենասիրական ոգեպնդումը անհրաժեշտ է, բայց Ղարաբաղի առաջնորդները պետք է առավել սթափ գնահատեն կացությունը եւ ավելի խոհեմ ու փորձագիտական լուծումներ գտնեն: Հավատացած ենք, որ Երեւանն այդ հարցերում լիովին կարող է աջակցել: Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԻ |