RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#021, 2016-06-03 > #022, 2016-06-10 > #023, 2016-06-17 > #024, 2016-06-24 > #025, 2016-07-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 17-06-2016



Տեղադրվել է` 2016-06-16 23:19:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 4415, Տպվել է` 305, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ա. ԿՌԻԼՈՎ. «ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԻՋԻ ԼՂՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆ, ՆԱ ԿԶԻՋԻ ԱՄԵՆ ԻՆՉ»

Պատրաստեց Պ. Ք.

ՀՀ եւ ԱՀ նախագահների վիեննական հանդիպումից հետո ղարաբաղյան հակամարտության գոտում նկատվում է հարաբերական անդորր: Որոշ փորձագետներ տվյալ իրավիճակը դիտարկում են Բաքվում «Ֆորմուլա-1» ավտոմրցարշավի Եվրոպայի Մեծ մրցանակի խաղարկությամբ, ոմանք էլ դա համարում են Վիեննայի բանակցությունների արդյունք:

Կովկասագետների գիտական ընկերության նախագահ, ՌԴ ԳԱ Համաշխարհային եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի փորձագետ Ալեքսանդր Կռիլովի կարծիքով, անդորրը կապված է առաջին հերթին Ադրբեջանի այն սցենարի հետ, ըստ որի շփման գծում պահպանվում է թույլ պատերազմի վիճակՙ պարբերական սրացումներով, որոնք դառնում են ավելի ու ավելի լայնընդգրկուն: Դրա հաստատումը ապրիլյան իրադարձություններն են:

«Որ Ադրբեջանին ձեռնտու պահերին սրացումներ կլինեն, դա միանգամայն ակնհայտ է: Եվ, ցավոք, այս վիճակը երկար կշարունակվի, քանի որ տվյալ քաղաքականությունը միտված է հայկական կողմի ուժասպառմանը, Ադրբեջանը լուծում է հենց այդ խնդիրը», VERELQ-ի թղթակցի հետ զրուցելիս հայտարարել է Կռիլովը:

Փորձագետի խոսքերովՙ Հայաստանը պետք է գտնի համարժեք պատասխաններ: Դրանք առայժմ չկան, քանի որ հակամարտության գոտում սրացման այդ բոլոր տարիներին հայկական կողմը գտնում էր, որ ինքը պահպանել է իր դիրքերը եւ այլեւս որեւէ անելիք չկա: Եվ Ադրբեջանը հնարավորություն էր ստանում կրկին ու կրկին վերադառնալու այդ սրացմանը: Պատասխանը պետք է գտնեն միայն հայ քաղաքական ու զինվորական գործիչները, կարծում է ռուս փորձագետը:

Նա Քառօրյա պատերազմից հետո սկզբունքային փոփոխություն է համարում այն, որ ադրբեջանցիներին հաջողվեց վերահսկողության տակ առնել հայկական բանակի վերահսկած մի տարածք: Ադրբեջանական կողմը խանդավառությամբ կփորձի կրկին նման բան անել. «չէ որ այդպիսով նա կարող է ճնշման եւ խնդրի լուծման հույս ունենալ», նշել է Կռիլովը:

Պատասխանելով այն հարցին, թե որքանով համարժեք էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պնդումը, թե բուֆերային գոտում 800 հա տարածքի կորուստը չպետք է մեծ մտահոգություն պատճառի, Կռիլովն ասել է, որ դա եւս Ադրբեջանի քաղաքականության արդյունքն է. այն վարժեցրել է, որ կարելի է զիջել եւ տվյալ իրողությունը չընկալել որպես աղետ:

Այս ձեւով մարդիկ կարող են աստիճանաբար ընտելանալ զիջումներին: «Բայց եթե Հայաստանը զիջի անվտանգության գոտին, նա այլեւս չի ունենա պաշտպանության ապահովություն: Տանկային մեկ ճեղքում, եւ վերջ. Ստեփանակերտը գրավված է: Իսկ ապրիլի սկզբին, հիշեցնում եմ, տարբեր տվյալներով սահմանի վրա կար 200-300 տանկ», ընդգծել է նա:

Փորձագետի կարծիքովՙ Բաքվի ներկայիս քաղաքականությունը միտված է այն բանին, որ եթե ոչ քաղաքական, ապա ռազմական միջոցներով Հայաստանը սկզբում զիջի անվտանգության գոտին, իսկ հետո արդեն Ադրբեջանը կթելադրի իր պայմանները: Այդ դեպքում Բաքուն կարող է սանձազերծել կայծակնային պատերազմ, եթե պայմանավորվի թուրքական կողմի հետ եւ վստահ լինի, որ հարցը կարող է լուծվել 3-4 օրում:

Նոր մարտահրավերների շարքում Կռիլովն առանձնացնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության աշխատանքի որակական, արմատական բարելավման անհրաժեշտությունը, քանի որ Մոսկվայում եւ մյուս մայրաքաղաքներում Բաքուն պաշտոնական Երեւանին հաղթում է բառացիորեն բոլոր պարամետրերով: Կռիլովի խոսքերովՙ Ադրբեջանն իրականացնում է խիստ տարատեսակ եւ ակտիվ աշխատանք, որը չի սահմանափակվում լոկ ինչ-ինչ փորձագետների կաշառմամբ:

«Ստեղծված են լուրջ տեղեկատվական ցանցեր, որոնք առնվազն բարեկամաբար են տրամադրված ադրբեջանցիների հանդեպ: Ի հայտ են եկել բազմաթիվ ադրբեջանագետ փորձագետներ: Բանը հասնում է այնտեղ, որ կասկածի տակ է առնվում Հայոց ցեղասպանության գրեթե բուն փաստը: Հանրային կարծիքը եւս շատ կարեւոր է: ԽՍՀՄ փլուզումից հետո ադրբեջանցիների եւ հայերի հանդեպ վերաբերմունքը տարատեսակ դրսեւորումներ ուներ, բայց Ռուսաստանը ընդհանուր առմամբ միշտ ավելի սերտ հարաբերություններ է ունեցել հայերի հետ: Իսկ հիմա արդեն միտումը փոխվում է, քանի որ Ադրբեջանը կարողանում է ակտիվորեն աշխատել ռուսաստանյան տեղեկատվական դաշտում եւ ազդել մարդկանց տրամադրությունների վրա, թեկուզՙ կաշառված փորձագետների եւ լրագրողների միջոցով: Ինչպես ասում են, նպատակն արդարացնում է միջոցները», ընդգծել է ռուս փորձագետը:

Կռիլովը համեմատել է ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանությունների աշխատանքները, նշելով Բաքվի դեսպանիՙ երգիչ ու երգահան Փոլադ Բյուլբյուլ-օղլիի «շլացուցիչ աշխատանքը» հասարակության բոլոր խավերի եւ հատկապես ՌԴ իշխանության հետ: Ադրբեջանի դեսպանատունն անցկացնում է բազմապիսի միջոցառուներ, հրավիրելով թեմատիկային ինչ-որ ձեւով առնչվող բոլոր պաշտոնյաներին, կապեր է հաստատում, նաեւ կազմակերպում է ռուս-ադրբեջանական տնտեսական համաժողովներ, որոնց ընթացքում կնքվում են բազմաթիվ պայմանագրեր: Այս ֆոնի վրա ՌԴ-ում Հայաստանի դեսպանության գործունեությունը, մեղմ ասած, տանուլ է տալիս:

«Հայկական կողմը պետք է սկսի գոնե ՌԴ իշխանության եւ հասարակության հետ կատարվող աշխատանքի բարելավումից: Հարկավոր է դրան սեւեռուն ուշադրություն դարձնել, միջոցներ հատկացնել, իսկ դեսպանատանը փակվելու եւ շուրջը ոչինչ չտեսնելու դեպքում ստացվում է հենց այնպիսի արդյունք, որպիսին մենք այսօր ունենք», եզրակացրել է ռուս փորձագետը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 17-06-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ