RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#021, 2016-06-03 > #022, 2016-06-10 > #023, 2016-06-17 > #024, 2016-06-24 > #025, 2016-07-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 17-06-2016



ԱՆԴՐԱԴԱՐՁ ԲԵՌԼԻՆԻՆ

Տեղադրվել է` 2016-06-16 23:19:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 4309, Տպվել է` 261, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՐՈՆԱՅՔ ԵՐԴՎՅԱԼ ԱՏԵՆԱԿԱԼՆԵՐ, 1915 ԹՎԱԿԱՆԸ ԵՐԵՍՈՒՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ

Չէր հասցրել թանաքը չորանալ պաշտոնական փաստաթղթի տակ, որն ազդարարում էր Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, երբ անմիջապես մեկը մյուսի հետեւից Թուրքիայի նախագահը եւ վարչապետը արտաբերեցին միեւնույն նախադասությունը. «Չի կարելի ցեղասպանություն համարել այն, ինչ կատարվել է պատերազմական 1915 թվականին»: Եվ, իհարկե, ինչպես բազմիցս է եղել, բացվեց նույն կաղապարված մեկնաբանությունների շարանը, իբրՙ 1915 թվականը Առաջին համաշխարհային պատերազմի ամենաթեժ պահն էր, երբ ամեն ինչ պատահում է, «պատերազմում, ինչպես պատերազմում»: Ճիշտ է, Բունդեստագի հիմա արդեն պատմական նիստի նախօրեին Թուրքիայի նախագահը, դիմելով Անգելա Մերկելին, առաջարկեց չմոռանալ գլխավորի մասին. Թուրքիան եւ Գերմանիան ՆԱՏՕ-ի անդամներ են (ասեսՙ դա ինչ-որ ինդուլգենցիա է, որն ազատում է հանցագործության համար պատասխանատվությունից եւ պետական գործունեության մեջ միջազգային իրավունքով առաջնորդվելու պարտականությունից, մասնավորապես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Համաձայնագրովՙ ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ այն իրագործելու համար պատժվելու մասին):


ԹՈՒՐՔԻԱՆ ՊՆԴՈՒՄ Է ՆՈՒՅՆ ԲԱՆԸ. 1915 ԹՎԱԿԱՆԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԷՐ ԸՆԹԱՆՈՒՄ: Ասես չի եղել հայերի, հույների, բուլղարների, սերբերի եւ այլ քրիստոնյաների զանգվածային բազմամիլիոնանոց բնաջնջումը XIX դարի վերջին եւ XX դարի սկզբինՙ արյունարբու Աբդուլ Համիդի օրոք, չի եղել նախապատերազմյան հրեշավոր կոտորածը 1909 թվականին Ադանայում երիտթուրքերի օրոք, երբ այդ քաղաքում կոտորեցին 40 հազար հայերի, չի եղել հայերի հետպատերազմյան ցեղասպանությունը Բաքվում (1918թ.) եւ Շուշիում (1920թ.) Աթաթուրքի օրոք: Ասես չի եղել հայերի ցեղասպանություն Սումգայիթում, Բաքվում, եւ գազանային սպանություն Բուդապեշտում մեր ժամանակակիցների ներկայիս սերնդի աչքի առջեւ:

Իհարկե, այստեղ կա նաեւ մեղքի մեր բաժինը: Այդ մասին ես շատ եմ գրել, բազմիցս բաց նամակով դիմելով մեր խորհրդարանին առաջարկովՙ ուղղում մտցնել Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության մասին գործող օրենքում: Գերմանական Բունդեստագի որոշումը պարտավորեցնում է դարձյալ վերադառնալ թեմային: Կարծում եմ, այս անգամ Ազգային ժողով դիմելն ապարդյուն չի անցնի:

Ընդհանրացնեմ թուրքական դիվանագիտական զինանոցում կիրառվող տարբեր մեկնաբանություններն ու փաստարկները. «Հայերը դնում են 1915 թվականի հայերի ցեղասպանությունը ճանաչելու հարցը: Ո՞ւմ հայտնի չէ, որ 1915 թվականը Առաջին համաշխարհային պատերազմի թեժ տարին էր: Ի՞նչ ցեղասպանության մասին է խոսքը, եթե Թուրքիան ստիպված էր պատերազմական ժամանակի օրենքներով վերաբնակեցնել հայկական տարրը ռազմական գործողությունների թատերաբեմից հնարավորինս հեռու: Այո, այնտեղ եղել են դաժանություններ: Բայց չէ՞ որ պատերազմումՙ ինչպես պատերազմում»: Շատ դիվանագետներ են կուլ տվել թուրքական քարոզչության այդ խայծը: Բայց ոչ բոլորը:

Լեդի Քոքսը 1994 թվականի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ այցելելուց հետո ասաց. «Հազարավոր ու հազարավոր ողբերգական օրերից մեկն ընտրելու գաղափարն ինքնին սրտաշարժ է եւ հոգեհույզ: Սակայն որքանո՞վ է ճիշտ շեշտը դնել միայն 1915 թվականի վրա, որն անտեղյակների կողմից ընկալվում է որպես միակ տարին, երբ իրագործվել է հայերի ցեղասպանությունը»:

ՀԱՎԱՆԱԲԱՐ, ՀԱՅ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԸ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՐՈՂ ԷԻՆ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼ ցեղասպանության անվերջանալի օրացույցից նաեւ 1877 թվականը, երբ, ինչպես գրել է լոնդոնյան «Թայմսը», «հայերի վիճակը երկրում, որի վրայով անցավ Իսմայիլ-փաշայի բանակը, ծայրաստիճան աղետալի է: Ալաշկերտի հարթավայրի 122 գյուղերից հիմնահատակ ավերված են 113-ը: Այդ վայրերի մեծ մասում տղամարդիկ, կանայք եւ երեխաները սպանվել են ամենադաժան կերպով»: Կարելի է հիշատակել ե՛ւ 1893, ե՛ւ 1894, ե՛ւ 1895, ե՛ւ 1896 թվականները, երբ անգլիացի հրապարակախոս Էմ.Դիլլոնը վկայել է. «Հայկական գավառներում հաստատվել է կառավարման գազանային համակարգ, որի համեմատությամբ Ամերիկայի հարավային նահանգների ստրկատիրական համակարգի դաժանությունները թվում են աննշանակալից չարաշահումներ»: Հրեշավոր է այդ տարիների զոհերի վիճակագրությունըՙ մոտ կես միլիոն մարդ:

Կարելի է նշել նաեւ 1912 թվականը, երբ, ինչպես գրեց բոլշեւիկյան «Պրավդան»,. «նրանց (երիտթուրքերի-Զ.Բ.) նպատակըՙ թուրքացնել Օսմանյան կայսրությունում բնակվող սլավոններին, հայերին, հրեաներին, հույներին եւ մյուսներին, է՛լ ավելի կոպիտ ու համառ բնույթ ստացավ, քան Աբդուլ Համիդի օրոք»: Կարելի է առանձնացնել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներից որեւէ մեկը, երբ Թուրքիան անպատիժ կերպով ընդարձակում էր հայերի ցեղասպանության աշխարհագրությունը, բայց պատմական ճշմարտությունը պարտավորեցնում է հայերի ազգային ողբերգությունը դիտարկել ոչ թե ժամանակի առանձին հատվածի շրջանակներում, այլ միասին վերցրած այն ողջ ժամանակաշրջանի, երբ պետական մակարդակով ծրագրվեց, կազմակերպվեց եւ իրագործվեց մի ողջ ժողովրդի ցեղասպանություն: Այդ կապակցությամբ պատմական փաստաթղթերի եզակի ժողովածուի նախաբանում հայ ականավոր պատմաբան Մկրտիչ Ներսիսյանը գրում է. «Երբ խոսք է գնում Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության մասին, պետք է նկատի ունենալ ոչ միայն 1914-1918 թվականների համընդհանուր կոտորածը, այլեւ XIX դարավերջի-XX դարասկզբի զանգվածային ջարդերն ու կտտանքները»: Բայց չէ՞ որ այստեղ պետք է ավելացնել Գանձակն ու Գյուլիստանի երկրամասը, Գարդմանքի եւ Նախիջեւանի բոլոր շրջանները:

1915 թվականի ապրիլի 24-ը եւ ողջ 15 թվականը, իրենց պատմական ողջ կոնկրետությամբ եւ ողբերգական իրողությամբ հանդերձ, հանդիսանում են ընդհանրացված եւ, հետեւաբար, պայմանական տարեթվեր: Իհարկե, 1915 թվականի ապրիլի 24-ը համարվում է ամենահրեշավոր օրերից մեկը ողջ մարդկության պատմության մեջ. ոչ թե ինչ-որ սովորական քրեականներ, այլ ինքըՙ թուրքական կառավարությունը, համաձայն հայերի զանգվածային ոչնչացման հրահանգի, կազմել էր գրականության, արվեստի, գիտության, իրավունքի, կրոնի, բժշկության ոլորտներից հայ երեւելի 1000 գործիչների հանգամանալի ցուցակը, որով սկսեց վերացնել նրանց եւ ոչնչացրեց բոլորին ամենադաժան միջոցներով: Նրանցից յուրաքանչյուրը հայ մշակույթի պարծանք էր, այդ իսկ պատճառով մեր ազգն առանձնացնում է այդ օրը: Եթե 1915-ը երեսուն հրեշավոր տարիներից մեկն է, ապա ապրիլի 24-ըՙ առանձնահատուկ, բայց 11 հազար հրեշավոր օրերից մեկը: Եվ, քննարկելով սուլթանական ու երիտթուրքական Թուրքիայում հայերի ցեղասպանության հարցը, խոսել միայն մեկ տարվա մեկ օրվա մասին, նշանակում էՙ ակնհայտորեն հնարավորություն տալ թուրքերին զբաղվելու քաղաքական սպեկուլյացիայով, հօգուտ մարդկության դեմ կատարված հանցագործության կազմակերպիչների. հանցագործություն, որի պարագայում վաղեմության ժամկետի սկզբունքը չի գործում:

ԵՐԻՏԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՐԱԳԼՈՒԽՆԵՐՆ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ ԷԻՆ ԻՐԵՆՑ ԳԼԽԱՎՈՐ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍ ԴՈԿՏՈՐ ՆԱԶԻՄ-ԲԵՅԻ ՑՈՒՑՈՒՄՈՎ. «Հիմա պատերազմ է ընթանում: Նման հարմար առիթ այլեւս չի լինելու: Մեծ տերությունների միջամտությունը եւ համաշխարհային մամուլի աղմկոտ բողոքներն աննկատ կմնան, իսկ եթե նրանք նույնիսկ իմանան, ապա կկանգնեն կատարված փաստի առջեւ: Եվ հենց դրանով էլ հարցը կսպառվի: Այս անգամ մեր գործողությունները պետք է կրեն հայերի տոտալ ոչնչացման բնույթ. անհրաժեշտ է ոչնչացնել բոլորինՙ մինչեւ վերջինը... Ես ուզում եմ, որպեսզի այս հողի վրա թուրքը եւ միայն թուրքն ապրի եւ անբաժան իշխի: Թող անհետանան բոլոր ոչ թուրքական տարրերը, ինչ ազգի ու կրոնի էլ նրանք պատկանեն»: Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն գրել է այդ օրերին. «Հայերի տեղահանման իրական նպատակը նրանց թալանելն ու ոչնչացնելն էր»: Վերջին բառը վերցված է Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթի հատուկ հրամանից. «Հայերի արտաքսումը հայերի ոչնչացումն է»:

Պետք է խոստովանել, որ մենք, եւ ոչ թե մեկ ուրիշը, երկար տասնամյակներ շարունակ շեշտը դնում ենք բացառապես միայն 1915 թվականի վրա, հիանալի գիտենալով, որ Թուրքիան անպայման կշահարկի այսպես կոչված պատերազմական ժամանակի գործոնը: Մենք չէին կասկածում, որ Գերմանիան վաղ թե ուշ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը: Մեղա գալով հրեական ժողովրդի առջեւ, նա չդիմեց ոչ մի տեսակի արդարացումների կամ շահարկումների: Գերմանիան, իհարկե, Թուրքիա չէ: Եվ չէ՞ որ հրեաները նույնպես իրենց հոլոքոստը (հունարենՙ «հիմն ի վեր հրկիզված») թվագրել են ոչ թե մեկ կոնկրետ տարով, այլ որոշակի ժամանակաշրջանով. «Հրեաների ցեղասպանություն (հոլոքոստ). 1933-1945 թվականներին գերմանական ֆաշիստների եւ նրանց հանցակիցների կողմից հրեաների մեծ մասի (ավելի քան 60%, կամ 6 մլն 100 հազար մարդ) ոչնչացում»:

Մինչդեռ մենք, հրատարակումներում եւ բանավոր ելույթներում, բոլոր պաշտոնական ու ոչ պաշտոնական փաստաթղթերում համարյա միշտ նշում ենք դոգմայի վերածված բանաձեւըՙ «1915 թվականի Հայոց ցեղասպանություն»: Նույնիսկ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի 1988 թվականի նոյեմբերի 22-ին ընդունած օրենքը կոչվում է «Օրենք 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության դատապարտման մասին»:

ՀՀ Ազգային ժողովը պարզապես պարտավոր է ուղղել այդ հիրավի վտանգավոր անճշտությունը գործող օրենքում, նոր խմբագրմամբ այն անվանելով «Հայաստանի Հանրապետության օրենք Օսմանյան կայսրությունում, Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանում 1893-1923 թվականներին Հայոց ցեղասպանության դատապարտման մասին» :

Խոսքը, վերջիվերջո, այն մասին չէ, որպեսզի հնարավորինս շատ երկրներ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Խոսքն առաջին հերթին մեր սրբազան պարտքի մասին է մեր անխտիր բոլոր հայրենակիցների առջեւ, որոնք ցեղասպանության զոհեր դարձան ոչ միայն իրոք սարսափելի, արյունոտ 1915 թվականին: Օրենքում առաջարկվող փոփոխությունն արդյունքում կզրկի թուրքերին «Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած տխուր պատահականությունների» մասին իրենց սիրելի ուսմունքից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 17-06-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ