RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#021, 2016-06-03 > #022, 2016-06-10 > #023, 2016-06-17 > #024, 2016-06-24 > #025, 2016-07-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 17-06-2016



ԻՐԱՎԻՃԱԿ

Տեղադրվել է` 2016-06-16 23:19:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 3633, Տպվել է` 159, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԺՎԱՐ Է ՀԱՅ ԼԻՆԵԼԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

ԷԼԻՖ ՇԱՖԱՔ

Վերջին շրջանում Թուրքիայի քաղաքական շրջանակներում կատարվող վերիվայրումները, որոնց հետեւեց երկրի վարչապետի հրաժարականը, պատճառ դարձան, որ Օսկար Ուայլդը դառնա բուռն քննարկումների թեմա թուրքական խորհրդարանում: Քրդամետ HDP կուսակցության պատգամավորներից մեկը խոսափողին մոտենալով ցանկություն հայտնեց մեջբերում կատարել գրողից, որին AKP իշխող կուսակցությունից մեկ ուրիշ պատգամավոր ընդմիջելով ասաց. «Ի՞նչ է, դուք ոչ մի օրինակ չունե՞ք բերելու մեր մշակույթից, մեր քաղաքակրթությունից»: AKP կուսակցության մեկ այլ պատգամավոր էլ իռլանդացի գրողին Օսկարների մրցանակաբաշխության հետ շփոթեց, եւ նրան HDP-ի կին պատգամավոր Բուրջու Օզքանը հանդիմանանքով դիմեց ասելով. «Մենք խոսում ենք Օսկար Ուայլդի մասին: Նա մարդ է, ոչ թե մրցանակ»:

Իսկ երբ Ուայլդին չեն քննարկում, մեր պատգամավորները բռունցքների հարվածներ են փոխանակում: Փոքրամասնության պատգամավորներին իրենց անձեռնմխելիության իրավունքից զրկելու քննարկումների ընթացքում հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ենթարկվեց բռնցքահարվածների, աքացիների եւ ատելությամբ լի հանդիմանանքների իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից: Փայլանն ասաց. «Նրանք չեն կարողանում մարսել, որ հայ ազգի ներկայացուցիչը մերկացնում է իրենց ստերը եւ հանդգնում է խրոխտ կանգնել իրենց առաջ»:

Հայ լինելը դժվար է Թուրքիայում: Դժվար է նաեւ քուրդ լինելը: Կամ ալեւի, գեյ, հրեա, բարեխիղճ ընդդիմախոս, կին, կամ սովորական անհատ լինելը, ով պարզապես դեմ է երկրում կատարվող իրադարձություններին:

Ցուցակը կարելի է երկար շարունակել: Բազմակարծությունը, ընդհանրապես բազմազանությունը ճնշված է երկրում: Խոսքի ազատությանըՙ վերջ տրված: Երկրում գերիշխում է «միօրինակության գաղափարախոսությունը», որը խիստ ազգայնական է, իսլամական եւ բռնակալական, միաձուլված մաչոյականությամբ (machismo) եւ հայրապետությամբ (patriarchy): Քաղաքականության մեջ տիրող լարվածությունը թափանցել է առօրյա կյանքի բոլոր մյուս ոլորտները:

Թուրքիան միայն քաղաքականապես չէ, որ բեւեռականացված է: Երկիրն այժմ խստորեն բաժանված է երկու տարբեր «արբանյակների»: Մի մասում նրանք են, ովքեր բոլոր հանգամանքներում պաշտպանում են եւ շարունակելու են պաշտպանել նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին: Մյուսումՙ բոլոր նրանք, ովքեր տարբեր պատճառներով, դեմ են նրան: Նախագահը, որ տեսականորեն չեզոք պետք է լինի եւ քաղաքական կուսակցություններից վեր, անկախ, իրականում ադպիսին չէ: Էրդողանը ամենաբաժանարար քաղաքական գործիչն է Թուրքիայի արդի պատմության մեջ: AKP կուսակցության անդամներից պահանջվում է եւ ակնկալվում բացարձակ ու անվերապահ հնազանդություն: Նույնիսկ ներկուսակցական ժողովրդավարության մասին խոսք լինել չի կարող: Այն չկա: Վարչապետ Դավութօղլուի հայտարարությունը զարմացրեց բոլորին: Նա ասաց, որ իր հրաժարականը ընտրության հարց չէր, այլ «անհրաժեշտություն»: Գաղտնիք չէ, որ նրան փոխարինող վարչապետը կլինի Էրդողանի կողմից ամբողջովին վերահսկվող անձնավորություն, ով է՛լ ավելի կամրապնդի նրա իշխանությունը: Էրդողանի ցանկությունն է նախագահական մենաշնորհյալ իշխանություն հաստատել Թուրքիայում:

Այն ինչ մնացել է ընդդիմությունիցՙ մասնատված է, ցաքուցրիվ եղած եւ բարոյալքված: «Գեզի պարկի» խռովություններից ի վեր մարդիկ ահաբեկված են: Միջին հաշվով չորս օրը մեկ ինչ-որ մեկը Թուրքիայում դատական կարգով հետապնդման է ենթարկվում Էրդողանին վիրավորելու կամ անպատվելու համար: Նախագահ դառնալուց ի վեր նրանց թիվը հասել է երկու հազարի: Նրանց շարքերում են արվեստագետներ, լրագրողներ, երգիծանկարիչներ, ակադեմիական մակարդակի գիտաշխատողներ եւ նույնիսկ «ֆեյսբուքյան» մեկնաբանությունների հեղինակ ուսանողներ: Տարիների ընթացքում, քանի կրճատվել է մեր լրատվական դաշտը, սոցցանցերը զգալիորեն քաղաքականացվել են: Այժմ դրանք խիստ վերահսկվում են: Թուրքիան գլխավորում է այն երկրները, որոնք «թվիթերյան» էջերից պահանջում են հանել կամ կրճատել որոշակի բովանդակության տեքստեր:

Այժմ ամեն ինչ շատ արագ փոփոխվում է Թուրքիայում: Ապրում ենք «հիմա ի՞նչ է կատարվելու» զգացողությամբ, գիտենալով, որ նոր բացվող օրը ինչ-որ նոր բան է բերելու իր հետ: Մինչ երկիրը հետադիմում է, զգում ենք, որ ժողովրդավարություն չէ մեր ունեցածը: Ժողովրդավարության գլխավոր բաղկացուցիչ մասերըՙ իշխանության բաժանումը, իրավունքի գերակայությունը, խոսքի ազատությունը եւ մյուսները բոլորը խախտված են:

Հայտնի սյունակագիր եւ գիտաշխատող Մուրատ Բելգեին դատում են նախագահին անպատվելու համար: Ակադեմիկոսներ, որոնք բողոքարկել էին Հարավային Անատոլիայում կառավարության ձեռնարկած գործողություններըՙ խիստ քննադատության են ենթարկվում իշխանամետ լրատվամիջոցների կողմից: Նրանցից ոմանք ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից: Չորսըՙ բանտարկվել: Չարաբաստիկ 301 հոդվածը, որը իբր պետք է պաշտպանի «թրքությունը» կամ «թուրքականությունը», չնայած ոչ ոք չգիտի, թե դա ինչ է նշանակում, վերստին հայտնվել է:

Երեք գլխավոր վտանգ է սպառնում մեզ. իշխանության բացարձակ մենաշնորհը, թուրք-քուրդական խաղաղության գործընթացի ամբողջական տապալումը եւ աշխարհիկության վերացումը: Վերջերս խորհրդարանի խոսնակ Իսմաիլ Կահրամանը սարսափազդու մի առաջարկով հանդես եկավ ասելով. «Աշխարհիկությունը չպետք է տեղ գտնի նոր սահմանադրության մեջ»: Աշխարհիկությունը այն միակ սկզբունքն էր, որ Թուրքիային տարանջատում էր Մերձավոր Արեւելքի մյուս երկրներից: Այն երկիրը դարձնում էր առավել լիբերալ, բաց եւ բազմազան: Եվ վերջին շրջանում AKP կուսակցության անդամների կողմից «կրոնական սահմանադրություն» որդեգրելու մասին ակնարկները պարզապես տագնապալի են, հատկապես կանանց համար, որոնք ավելի ջերմորեն պետք է բարձրաձայնեն աշխարհիկության օգտին, որովհետեւ նրանք ավելի շատ բան են կորցնելու ծայրահեղական իսլամական ռեժիմի պայմաններում: Պատշաճ է այս առթիվ նշել, որ «Բայան Յանի» հումորիստական պարբերականը, որի հրատարակիչները բոլորը կանայք են, վերջերս մի ծաղրանկար էր հրապարակել, որտեղ թրքուհի Մարիանը ժողովրդին առաջնորդում է «կեցցե՛ աշխարհիկությունը» կարգախոսը ձեռքին:

Որպես այլընտրանքային խոսափող դեռեւս շարունակվող «Ջումհուրիեթ» օրաթերթի երկու վետերան լրագրողներՙ Հիքմեթ Չեթինկայան եւ Ջեյդա Կարանը երկու տարվա բանտարկության են ենթարկվել «Չարլի Հեբդոյի» երգիծանկարները վերատպելու համար: Նրանց դատավարության ժամանակ իսլամիստական կարգախոսներ էին հնչում ամբողջ դահլիճով մեկ: Դատավարությունը ցնցեց Թուրքիայի ժողովրդավարներին: Ներկայիս, ըստ «Reporters Without Borders» (Լրագրողներ առանց սահմանի)ՙ մամուլի ազատության համաշխարհային կազմակերպության ցուցանիշով 180 երկրների թվում Թուրքիան զբաղեցնում է 151-րդ հորիզոնականը:

Անցյալում մենք սեւ հումորի կայուն ավանդույթ ունեինք: Քաղաքականությունը միշտ էլ անհարթ ու կոպտավուն է եղել, բայց ժողովուրդը կարող էր քաղաքագետներին ծաղրել կամ ծիծաղել նրանց վրա: Ոչ մի խնդիր չկար: Հիմա նույնը անել ժողովուրդը չի կարող: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Թուրքիայի բնակչության միայն կեսն է մտածում, որ կառավարությանը հրապարկայնորեն քննադատելը կարելի է: Երբ Անգելա Մերկելն է թույլատրում, որ Էրդողանը դատի տա գերմանացի երգիծանկարչին, նշանակում է Թուրքիայի ժողովրդավարներին պաշտպան կանգնող չկա:

Ի՞նչ պատահեց մեր իմացած թուրքական մոդելին: Արեւմտյան ժողովրդավարության, աշխարհիկության, մեծամասնական մահմեդական մշակույթի, բայց նաեւ բազմակարծիք հասարակության այդ եզակի միաձուլվածքից այսօր սոսկ դատարկ հռետորությունն է մնացել: Նույնիսկ Եվրոմիությունը, որին մենք այնչափ ձգտում էինք, այժմ դարձել է լոկ քաղաքական «խաղ»:

Այդուհանդերձ, Թուրքիան ունի միլիոնավոր գեղեցիկ մարդիկ, որոնք չնայած խորապես ընկճված են, բարոյալքված ու միայնակ, բայց գլոբալ առումով միացած են իրար եւ վեր են իրենց կառավարությունից: Ինչ վերաբերում է խորհրդարանում հնչած Ուայլդի մեջբերմանը, որն այդպես էլ տեղ չհասավ, նշեմ, որ այն իշխանության գռեհկության մասին էր:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(*) Էլիֆ Շաֆաքը 14 գրքի հեղինակ է: Վերոնշյալ հոդվածը տպագրվել է անգլիական «Գարդիան» թերթում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 17-06-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ