ՄԻԼՈՇ ԶԵՄԱՆԸ ԿՐԿԻՆ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա ՊՐԱՀԱ- Հունիսի 23-ին Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը պատասխանելով մեր հարցին, կրկին հավաստեց, որ երեկ ընդունել է խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկին եւ խորհուրդ է տվել Պատգամավորների պալատին, որպեսզի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ քննարկեն: Նախագահը նշեց, որ իր տեսակետը Հայոց ցեղասպանության մասին նոր չէ, այն երկու տարի առաջ էլ է հայտնել: Պարոն Համաչեկին ասել է, որ պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն արդեն իսկ նման բանաձեւ ընդունել է, եւ հերթը պատգամավորներինն է: Նախագահը նաեւ ավելացրեց. «Հատկապես ըստ անցկացված հարցումների, չեխերի 96 տոկոսը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ինչն ուղղակի անհավատալի է»: Միլոշ Զեմանն անդրադարձավ նաեւ Հայաստան կատարած այցին, եւ նշեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները ուժեղ անհատներ են եւ նրանց հրավիրել է Պրահա բանակցելու, ինչպես 2002-2005 թվականներին: Հայաստանի նախագահն իր համաձայնությունը տվել է, Ադրբեջանի նախագահի հետ դեռեւս չի հանդիպել: |