ՄԱՅՐ ԱԹՈՌ. ԱՐԱՄ ԱՐՔ. ԱԹԵՇՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆՙ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՉԷ Գերագույն հոգեւոր խորհուրդն ընդունելի չի համարում Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արք. Աթեշյանի արտահայտած կեցվածքը Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջեւ: Այդ մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան ասել է Մայր աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը: «Ժողովի օրակարգում ի թիվս այլ հարցերի, այո, ընդգրկված էր Բունդեսթագի որոշման առիթով ԿՊոլսի Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արք. Աթեշյանի կողմից Թուրքիայի նախագահ Էրդողանին ուղղված նամակի հարցը, ինչպես նաեւ այդ առնչությամբ արտահայտված ընդվզումներն ու բողոքները: Խնդիրը քննարկվեց»,- նշել է նա: Ըստ այդմ, «Գերագույն հոգեւոր խորհուրդը, նկատի ունենալով Հայոց ցեղասպանության խնդրի առնչությամբ Պատրիարքարանի վրա առկա ճնշումները եւ այն ծանր կացությունը, որում հայ եկեղեցականները գործում են Թուրքիայում, այդուհանդերձ ընդունելի չհամարեց նրա արտահայտած կեցվածքը Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջեւ` հորդորելով նման պարագաներում առավել զգուշավորություն հանդես բերելՙ չստեղծելու այսօրինակ վիճակներ»: |