RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#023, 2016-06-17 > #024, 2016-06-24 > #025, 2016-07-01 > #026, 2016-07-08 > #027, 2016-07-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 01-07-2016



Տեղադրվել է` 2016-06-30 23:46:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 3494, Տպվել է` 176, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ» ՀԱՏՈՒԿ ՋՈԿԱՏՆԵՐ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

Պ. Ք.

«Իսլամական պետությունը» ստեղծել է հատուկ ջոկատայինների բրիգադ, որի նպատակը ահաբեկությունների իրականացումն է Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում եւ Հյուսիային Կովկասում: Վրաստանն այդ բրիգադի հետաքրքրություների ոլորտում է որպես տարանցիկ երկիր, որով կանցնեն գրոհայինները: Սակայն Վրաստանի տարածքում եւս ահաբեկությունները չեն բացառվում: Այդ մասին տեղեկացրել է վրացական «Ռեզոնանսի» թերթը:

Այդ հրատարակության տվյալներովՙ ԻՊ նորաստեղծ կառույցի թվակազմը 600-700 է, ըստ որում բրիգադի կազմում գլխավորապես օտարերկրյա քաղաքացիներ են, որպեսզի «հետագայում նրանք հեշտությամբ կարողանան տեղափոխվել տարբեր երկրներ»: Ստորաբաժանումը անձամբ հսկում է «խալիֆ» Աբու Բաքր ալ-Բաղդադիի տեղակալներից մեկըՙ «եվրոպական ահաբեկչական ջիհադի» ոգեշնչող սիրիացի Աբու Մուհամմեդ ալ-Ադնանին:

Ռազմական վերլուծաբան, հակաահաբեկչական պայքարի փորձագետ Վախթանգ Մայիսայան հիշյալ թերթի թղթակցին ասել է, որ ալ-Ադնանին իր օգնականներին արդեն հանձնարարել է կազմել վերլուծական զեկույցներ, մշակել հիբրիդային պատերազմի վարման ռազմավարություն: Մանրամասնությունները, ինչպես նաեւ ռազմավարության իրականացման, գրոհայինների տեղափոխման ձեւերը հայտնի կդառնան ավելի ուշ:

Ի դեպ, հունիսի 20-ին Ղազախստանի արտգործնախարար Եռլան Իդրիսովը խոստովանեց, որ հունիսի 5-ին Ակտոբայում զենքի խանութների եւ զորամասերի վրա հարձակված ծայրահեղականները գործել էին հենց ալ-Ադնանիի հրահանգով:

Մեկ ուրիշ հրապարակման մեջ «Ռեզոնանսին» գրում է, որ «Վրաստանի տարբեր շրջաններում արդեն գործում են «Իսլամական պետության» խմբավորումներ, որոնք տվյալ փուլում զբաղվում են բնակչության գաղափարախոսական մշակմամբ: Կովկասագետ Մամուկա Արեշիգեն մեր թերթին հայտարարել է, որ հիբրիդային պատերազմի շրջանակներում «խալիֆաթը» ակտիվացրել է իր գործակալներին աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում նաեւ Վրաստանում: Եվ վերջին չորս ամիսներին նրանք դրսեւորել են առանձնակի ակտիվություն»:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ վրացական բանակում ծառայում են ԻՊ գրոհայիններ. իսրայելական 9-րդ ալիքին տված հարցազրույցում Վրաստանի զինված ուժերի ավագ լեյտենանտ Դավիթ Նեմաձեն պատմել էր, թե ինքն ինչպես է ծանոթացել նման մարտիկներից մեկիՙ Պանկիսի կիրճում հայտնված մի չեչենի հետ:

Այս տարվա հունվարի 26-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ «Իսլամական պետությունը» Վրաստանում Պանկիսի կիրճն օգտագործում է որպես վարժաճամբար: Համանման հաղորդում էր արել սիրիական բանակի գեներալ Ուալիդ Աբազը : Նրա խոսքերովՙ ԻՊ-ն շահագրգռված է Վրաստանի չեչեն գրոհայինների ներգրավմամբ, քանի որ վերջիններս մարտական գործողությունների փորձ ունեն:

Միայն պաշտոնական տվյալների համաձայն, ներկայումս Մերձավոր Արեւելքում «Իսլամական պետության» մարտիկների շարքերում կռվում են վրացական անձնագրով մոտ 100 գրոհայիններ: Նրանց գերակշիռ մեծամասնությունը Պանկիսի կիրճից էՙ շրջան, որի վերահսկողությունը դժվար է ինչպես Վրաստանի իշխանությունների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների համար: Մնացյալները Աջարիայի Ինքնավար Հանրապետությունից են:

Свободная пресса գործակալությունը մեջբերում է ՌԴ ԳԱ Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի փորձագետ, Կովկասագետների գիտական ընկերության նախագահ Ալեքսանդր Կռիլովի խոսքերը, որոնց համաձայնՙ իրոք առկա են Վրաստանի տարբեր շրջաններում ԻՊ գործունեությունը հաստատող փաստեր: Դա վերաբերում է Պանկիսի կիրճին, Աջարիային, որտեղ վերջերս կտրուկ աճել է մահմեդական բնակչության թիվը, ինչպես նաեւ համահավաք ադրբեջանական բնակչություն ունեցող Քվեմո-Քարթլիի շրջանին: Այնտեղ իրոք կապեր են հաստատված «Իսլամական պետության» եւ բազմաթիվ այլ արմատական կազմակերպությունների հետ, որոնց կազմում կան կովկասցիներ:

Եթե Մերձավոր Արեւելքում ստեղծվի ջիհադիստների համար աննպաստ իրադրություն, ապա իսլամական ահաբեկչական ինտերնիացիոնալը ստիպված կլինի ուրիշ տեղ գտնել: Բնականաբար, արմատականները կընտրեն այնպիսի պետություններ, որտեղ դյուրությամբ կտարածեն իրենց գաղափարները, որտեղ մեծ է սոցիալական անհավասարությունը եւ բավական թույլ են անվտանգության ուժերը: Նման պետությունների շարքում են Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրները:

Վրաստանում գրոհայինները կարող են ոչ միայն հաստատվել, այլեւ գործել: Ամերիկացիները շատ բան արեցին, որպեսզի Վրաստանը դարձնեն սիրիական «չափավոր» ընդդիմության վարժական կենտրոն, որի մարտիկները Սիրիայում անմիջապես հայտնվում էին ԻՊ եւ այլ արմատական խմբավորումների շարքերում:

Այս կապակցությամբ վրացիները մտահոգվելու լուրջ պատճառներ ունեն, քանզի պետությունը բավական ծանր վիճակում է, եւ անվտանգության թեման ծառացած է ամենայն սրությամբ: Եթե իսլամիստներն իրոք որոշել են Վրաստանն օգտագործել ոչ միայն իբրեւ տարանցիկ միջանցք, այլեւ իբրեւ սեփական տարածք (ինչը հաստատում են ռուսաստանցի մի շարք արեւելագետներ), ապա չափազանց դժվար կլինի դիմակայել նրանց: Ի դեպ, իսլամիստները Կովկասը ներառում են այսպես կոչված «խալիֆաթի» կազմի մեջ:

Գրոհայինները հեշտությամբ կարող են թափանցել Վրաստանի տարածք: Սահմանային վերահսկողությունը ավելի շուտ խորհրդանշական բնույթ է կրում: Արմատականները Վրաստան կարող են մուտք գործել ինչպես անձնագրերով, այնպես էլ անօրինական կերպով սահմանը հատելով ուղեկալներից դուրս: Դա հնարավոր է մանավանդ հատուկ ծառայությունների օգնության պայմաններում:

Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությանՙ MIT-ի միջնորդությամբ 2000-ականների սկզբներին ռուս-վրացական սահմանի չեչենական հատվածով Վրաստան անցան հազարավոր չեչեն գաղթականներ, որոնց մեջ կային նաեւ Ռուսլան Գելսեւի բազմաթիվ գորհայիններ: Այն ժամանակ էդուարդ Շեւարդնաձեի կառավարությունը պնդեց, թե Պանկիսի կիրճում գաղթականների մեջ գրոհայիններ չկան, եւ որ Մոսկվան անտեղի է Թբիլիսիին մեղադրում չեչեն անջատականներին հովանավորելու մեջ: Թուրքերի հետ համագործակցությունը շարունակվեց նաեւ Մխեիլ Սաակաշվիլու օրոք: Վրաստանի ներկայիս ղեկավարությունն ավելի զգուշավոր դիրք է բռնել, բայց գրոհայինների հետ նախկին կապերը պահպանվել են, եւ հիմա վրացիներին մնում է քաղել իրենց նախկին ղեկավարների արտաքին քաղաքականության պտուղները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 01-07-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ