ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ԿԳԱ ՀԱՄԱՐՁԱԿ ՍԵՐՈՒՆԴ, ՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ ԿՀՆՉԵՑՆԻ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա Հուլիսի 5-ին Քնեսեթում քննարկվեց, բայց քվեարկության չդրվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւըՙ այն կրթության հանձնաժողով լրամշակման ուղարկելու պատճառաբանությամբ: Իսրայելի խորհրդարանը վարվեց մոտավորապես այնպես, ինչպես 2015-ի ապրիլի 24-ին Բունդեսթագը: Բայց գերմանական օրենսդիրն արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լրամշակմանն ուղարկելուց հետո, այդուհանդերձ, ստիպված եղավ բանաձեւն ընդունել մեկ տարի անցՙ 2016-ի հունիսի 2-ին: Ինչպես կընթանա այս բանաձեւի ճակատագիրը, առայժմ դժվար է կանխագուշակել: Կձեւավորվի՞ հասարակական հատու պահանջ, տեղի լրագրողները հարցը կարծարծե՞ն այնպես, ինչպես Գերմանիայի պարագայում եղավ, առայժմ չի ուրվագծվում: Թվում էրՙ այս հարցում իրենք բացառիկ օրինակ պիտի լինեինՙ հանուն ...թեկուզ այն տարածված ճշմարտության, որ մահվան ճամբարներում, գետտոներում կենաց հույս եւ ուժ են ստացել Մուսա լեռան հերոսամարտի պատմության օրինակով: «Կա հրեա ժողովուրդը եւ Իսրայել պետությունը, որ մեկնելով որոշ քաղաքական շահերեն, արժանի մոտեցում ցույց չի տար այս հարցին, ափսոսանք հայտնեց Բոխումի «Սփյուռք եւ ցեղասպանություն» գիտահետազոտական ինստիտուտի հիմնադիր ղեկավար Միհրան Դաբաղը ՙ ի պատասխան մեր հարցման: Իսրայելը երեւի չունի անհրաժեշտ համարձակությունը, որ դրացիներուն հետ ունեցած դժվար վիճակի արդյունք է: Ըստ ինծի ներելի չէ, քանի որ Իսրայելի ժողովուրդն ու պետությունը մասնավոր պարտականություն ունին ուրացման դեմ գործելու: Չկա ինծի հանդիպած հրեա մտավորական մը, որ Հայոց ցեղասպանությունը ժխտե, Իսրայելի մեջ չկա Հայոց ցեղասպանության ուրացում: Պաշտոնապես չճանաչումը դեռ չի նշանակեր ցեղասպանության ուրացում: Բայց իրենց պատմության նման պատմություն ունեցող ժողովուրդի մը չճանչնալը հակասություն է իրենց իսկ պատմության», ասաց Դաբաղըՙ հավելելով, թե համոզված է, որ «կուգա նոր սերունդ, որ ի վիճակի կըլլա քաղաքական պատասխան հնչեցնելու»: |